Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվս մեկ բացահայտում․ ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ «մադրիդյան սկզբունքների» համահեղինակը հայկական կողմն է»․ Փաշինյան

Մայիս 25,2022 19:07

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց առաջարկը՝ նախորդիվ իր խոստացած բացահայտումը կանի, երբ ընդդիմադիրները գան դահլիճ, որպեսզի նրանց աչքերի մեջ նայի։ Ընդդիմությունն այսօր բացակայում էր ոչ միայն լիագումար նիստից, այլ հարցուպատասխանից, քանի որ շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժումը։

«Այո, ճիշտ կլինի ընդդիմության ներկայությամբ։ Բայց չի խանգարում, երբ կգան, այդ ժամանակ կասեմ։ Ընդհանրապես, այսօրվա գործընթացներին եւ որոշ ելույթներին հետեւելով՝ տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց առաջնային եւ կարեւոր խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։ Այն, ինչ պետք է ասեմ, երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, թեեւ ժամանակին կտոր-կտոր ասել եմ»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր շատ են խոսում նրա մասին, որոշները՝ արդարացի, որ Արցախի հարցի հասցեագրման ժամանակ հայկական կողմը պետք է հենվի եւ հենվեր 1991թ․ սեպտեմբերի երկուսին ԼՂ ինքնավար մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի վրա եւ 1991թ․-ի  դեկտեմբերի տասի հանրաքվեի հետ, որով ԼՂ ժողովուրդն ու ԼՂ ինքնավար մարզը հռչակվել են անկախ․ «Հայկական նարատիվը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ սահմանված կարգով՝ հանրաքվեով, դուրս է եկել ԽՍՀՄ-ից եւ խորհրդային Ադրբեջանից։ Անենք այս արձանագրումը։ 2007թ․-ին ՀՀ-ն, որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունել է «մադրիդյան սկզբունքները», որոնցում ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում կայանալիք հանրաքվեի միջոցով։ Սա նշանակում է, որ հայկական կողմն այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Սրա մասին դեռ օգոստոսին եմ ասել՝ այլ կոնտեքստում, Արմեն Ռուստամյանին»։

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ երբ հայկական կողմն ընդունել է, որ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել, որովհետեւ եթե ասում ենք, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը, մի բան էլ՝ համաձայնեցնում․ «Այսինքն, «մադրիդյան սկզբունքներն» ընդունած ՀՀ այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ են անում, Ադրբեջանին «վետո»-ի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։ Արձանագրելով, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիները, դա եւս մի հարված է հասցրել 1991թ․ հանրաքվեի լեգիտիմությանը»։

Ապա Փաշինյանը հայտարարեց․ «Եվս մեկ բացահայտում․ ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ ըստ էության, համարյա փաստացի կարող ենք ասել, որ մադրիդյան սկզբունքների նախաձեռնության համահեղինակը հայկական կողմն է։ Ինչո՞ւ են այս ամենն արել այդ մարդիկ, հետո էլ ասում են, թե իրենք առաջնորդվել են նրանով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Մադրիդյան սկզբունքներն» ընդունելու պահին նրանք արդեն ընդունել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Սա է ողջ ճշմարտությունը։ Երբ համանախագահներին հարցրել եմ, թե «մադրիդյան սկզբունքների» շրջանակում ԼՂ-ն կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, պատասխանել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի։ Սրանով ապացուցվում է, որ «մադրիդյան սկզբունքներով» Ադրբեջանին «վետո» է տրվել՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում»։

Ապա Փաշինյանն ասաց, որ ուզում է պարզաբանել 2016թ․-ի Ալիեւի աղմկոտ հայտարարությունն այն մասին, որ կուլիսներում իրեն ճնշել են ճանաչել Արցախի անկախությունը, սակայն ինքը դա երբեք չի անի․ «ՀՀ-ում քարոզչությունը դա ներկայացրեց որպես մեծ հաղթանակ։ Ոչ մեկը չհարցրեց՝ Ադրբեջանի հետ ինչի՞ են նման խոսակցություն վարում։ Ի՞նչ է նշանակում այդ դրվագը, որ մեր ուզածը՝ ԼՂ կարգավիճակի ճանաչումը, կախված է Ադրբեջանից, եւ դա կախվածության մեջ է դրվել Ադրբեջանի դիրքորոշումից։ Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում, որ ես կճանաչեմ ԼՂ անկախությունը։ Սա է ողջ ճշմարտությունը»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը բանակցային գործընթացի մանրամասների մասին՝ այստեղ։ Արցախի վերջնական կարգավիճակի մասին հարցազրույցը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031