Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է Մարտի 1 արվեր, 10 հոգի գնդակահարվեր Երեւանի կենտրոնում, որ ապացուցվեր հակառակը, որ իշխանություն կա». Հրաչյա Հակոբյան

Մայիս 25,2022 18:32

Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ արտահերթ նիստ են պահանջելու ու եթե ՔՊ պատգամավորները տղա են՝ թող գան:

Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Մենք երբեք չենք ասել՝ եթե տղա եք, եկեք նիստի, որովհետեւ իրենց մեջ կանայք էլ կան: Հիմա ինչ, ասենք՝ եթե տղա եք, եկեք նիստի, նշանակում է մենակ տղերքի՞ն ենք կանչում, կանանց էլ ասում ենք՝ չգա՞ք: Այդ ի՞նչ խոսելաձեւ է՝ եթե տղա եք, եկեք նիստի: Այդ բառապաշարով խոսելու լինեինք, կներեք, այլ տեղ կտաներ խոսակցությունը»:

Դիտարկմանը՝ մենակ դա չեն ասում, օրինակ, Հայկ Մամիջանյանն ասում է՝ եթե որեւէ մեկը չասի՝  «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ռադ ենք անելու», հիմա դուք կարո՞ղ եք կրկնել այդ նախադասությունը՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Հայկ Մամիջանյանի ասածնե՞րը ես պետք է մեկնաբանե՞մ, լո՞ւրջ: Իրենց խոսույթը, ընդհանրապես պահելաձեւը տեսե՞լ եք: Հիմա ես պետք է Հայկ Մամիջանյանին, կամ Իշխան Սաղաթելյանի՞ն մեկնաբանեմ: Թող գնան իրենց ակցիաներն անեն: 25 օր է՝ փողոցում են, մի 4000 համակիր ունեն, ովքեր տարբեր դրդապատճառներով գնում են»:

Դիտարկմանը, որ այս շարժումը ղարաբաղյան շարժման հետ են համեմատում, ղարաբաղյան շարժումն էլ մի օրում չի ավարտվել՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ղարաբաղյան շարժման ժամանակ չէին գնում ակցիաների մի հատ լուսանկարվում, մի հատ պուճուր վիդեո անում ու գնում տներով կամ գնում Ֆրանսիայի հրապարակ: Այնտեղ գաղափար կար դրված: Այս պարագայում իրենք ուղղակի ակցիա են անում, որպեսզի իրենց մի քանի մեդիաներով, ԶԼՄ-ներով ցույց տան, որ իրենք ակցիա են իրականացրել, ոչ թե իրենց ակցիան ունի բովանդակություն, ունի նպատակ»:

Փոխանցեցինք ընդդիմության բացատրությունը՝ Արցախի, Հայաստանի պետականությունն են փրկում անդունդից՝ նա պատասխանեց. «Արցախը Գյումրիում պապիկ ծեծելով չեն փրկում: Երբ Արցախը փրկելու ժամանակ կար, իրենք ավտոշարասյուններով փախնում էին Արցախից: Այդ ժամանակ պետք էր փրկել Արցախը»:

Հարցրեցինք՝ հիմա դուք ցայտնոտի մե՞ջ եք, անհանգի՞ստ եք, որովհետեւ Լեւոն Քոչարյանն ասում է, որ իշխանությունները անհանգիստ են, որովհետեւ տեսնում են՝ մարդկանց քանակն ու վճռականությունն ավելանում է՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ես հիմա ձեր կարծիքով անհանգի՞ստ եմ: Երեկ էլ ասում էին, թե՝ տրամադրություն չունեինք: Եթե իրենք պայքարում են նրա համար, որ մենք մի օր տրամադրություն չունենանք, մի օր անհանգիստ լինենք, թող այդպես էլ ասեն: Եթե իրենք հաղթանակ են համարում այն, որ մենք մի օր կարող է տրամադրություն չունենանք»:

Դիտարկմանը՝ իրենք ասում են՝ կաթվածահար ենք անում երթեւեկությունը, պետական մարմինների աշխատանքը, հիմա դուք, ըստ էության, իշխանություն չեք՝ Հակոբյանը արձագանքեց. «Դուք ո՞նց եք հասել այստեղ, կաթվածահար եղած երթեւեկությունո՞վ: Կարծում եմ՝ չէ, նորմալ եկել, հասել եք ձեր աշխատանքին, ինչպես եւ մենք: Իրենք ասում են՝ ամբողջ քաղաքը պարալիզացված է, լրագրողը հետեւի սրընթաց գնացող մեքենաներն է մատնացույց անում, ասում է՝ մեքենաներ են գնում, ասում է՝ այն, որ այդ փողոցը փակ չի, չի նշանակում, որ քաղաքը պարալիզացված չի: Հիմա չափազանցվա՞ծ են իրենց հայտարարությունները, թե՞ չափազանցված են: Ես ավելին ասեմ՝ ուռճացված են: Իրենք իրենց ակցիաներն անում են, որ մի երկու հատ ֆոտո ունենան, մի քանի վայրկյանանոց վիդեո ունենան, իրենց ԶԼՄ-ներով դնեն, ասեն՝ մենք ինչ-որ ակցիաներ ենք անում: Գնացին նախագահականի դիմաց այսօր ակցիա իրականացրեցին, ինչի՞ համար, ինչի՞ հասան»:

Երբ ասացինք՝ դրանով ցույց են տալիս, որ դուք չեք տիրապետում այլեւս իրավիճակին, դուրս է գալիս ձեր վերահսկողությունից, ինչ ուզում՝ անում են՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտ է, պետք է Մարտի 1 արվեր, որ ապացուցվեր՝ այս կողմը իշխանություն կա, պետք է 10 հոգի գնդակահարվեր Երեւանի կենտրոնում, որ ապացուցվեր հակառակը, որ իշխանություն կա: Դա իրենց գործելաոճն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031