Արցախից մնացած տարածքները ինչպիսի՞ քայլերով ենք պատրաստվում պահպանել, կա՞ն ծրագրեր, բանակցություններ` նման հարց ուղղեց քաղաքացին Ֆրանսիայի հրապարակում կայացած հարց ու պատասխանի ժամանակ: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ պաշտպանության ռեֆորմը կարեւոր չափով իրականացված չէ. «Մենք պետք է հաշվի առնենք այս պահին Արցախի բոլոր առանձնահատկությունները, այն փխրուն կապը, որը միջանցքի միջոցով ապահոված է Հայաստանի եւ Արցախի միջեւ: Կարեւոր է նաեւ հասկանալ, թե տեղում ինչ ռեսուրսներ ունենք, դա վերաբերում է մարդկայինից սկսած բոլոր ռեսուրսներին»: Նրա ձեւակերպմամբ, կարեւոր է նաեւ Արցախում օջախներից զրկված մարդկանց տեղում բնակարաններով ապահովելը:
Հարց հնչեց նաեւ գերիների ճակատագրի վերաբերյալ: «Մեզ համար ամենակարեւոր եւ ցավոտ հարցերից է դա: Դա նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից է, որը Ադրբեջանը որեւէ կերպ չի իրականացնում: Ցանկացած գործընթաց, որ այսօր տեղի է ունենում, դրա համատեքստը, տրամաբանությունը Հայաստանի համար առաջնահերթության ձեւով պետք է լինի նոյեմբերի 9-ի փաստաթղթի` մեզ համար գոնե ինչ-որ չափով մեկ-երկու դրույթի իրականացումը:
Վերջին շրջանում գերիների եւ ռազմագերիների վերադարձի հարցը առհասարակ իշխանության օրակարգից հանվել է, իշխանությունը փորձեց նաեւ քաղաքական քարոզչական ձեւով վարկաբեկել այն անձանց, որոնք այսօր կամ անհետ կորած են, կամ գերեվարման մեջ են…Առանց այդ կետի իրականացման` խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, տրամաբանական չէ»,-ասաց պատգամավորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ