Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հետ կայացած հարց ու պատասխանի ժամանակ մի թոշակառուի հետաքրքրում էր, թե որն է պատճառը, որ «Նաիրիտի» քլորոպրենային կաուչուկի արտադրամասում 35 տարի աշխատելուց հետո ինքը ստանում է 27 հազար դրամ թոշակ, իսկ ԱԺ պատգամավորը թոշակի գնալուց հետո` 80 հազար դրամ:
«Էդ Ազգային ժողովը էդ ինչ ասոբի վրեդնի շենք ա, որ իրենք իրենց գրում են, Բրեժնեւի նման մեդալը դոշին են խփում»,-ասաց թոշակառուն` հավելելով, որ ներկա պահին ստանում է 51 հազար դրամ թոշակ, ինչը նույնպես չնչին է:
«Ձեր բարձրացրած հարցը վերաբերվում է հազարավոր քաղաքացիների, շատ օբյեկտիվ հարց եք բարձրացնում: Կենսաթոշակի համակարգում մենք շատ խնդիրներ ունենք չլուծված, դրանք մեկ-երկու տարվա չեն: Նախորդ 4 տարիներին մենք աննախադեպ բացասական երեւույթի ենք ականատես եղել, 4 տարվա ընթացքում նվազագույն սպառողական զամբյուղը կրկնապատկվել է, սակայն թոշակները շատ չնչին չափով են ավելացել, գրեթե չեն ավելացել աղքատ կենսաթոշակառուների թոշակները»,-ասաց Թադեւոս Ավետիսյանը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորը հիշեցրեց, որ առաջարկ են ներկայացրել թոշակներն ու նպաստներն ինդեքսավորելու մասին, սակայն մերժվել է. «Ասել են` բա գիտեք, 44-օրյա պատերազմ, քովիդ, պետության բյուջեն փող չունի եւ այլն, բայց մեկ էլ տեսնում ես, որ պետական բյուջեն 3 մլրդ դրամ ունի, եւ մի ամսում ոստիկանին պարգեւատրում են տալիս, ինչն անարդար է» :
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ