Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փաշինյանի բացատրությունը՝ «Ղարաբաղի էթնիկ հայեր» տերմինին․ «ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ»

Մայիս 25,2022 17:43

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հիշեցրեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում մատնանշված «Ղարաբաղի էթնիկ հայություն» ձեւակերպումը եւ նշեց, որ ըստ որոշ կարծիքների՝ սա նահանջ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափից, Արցախի՝ առանձին կարգավիճակ ունենալու հնարավորություններից։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներից առնվազն երկուսը ողջունել եւ աջակցել են Շառլ Միշելի հետ բանակցությունները։

«Համանախագահողներից ՌԴ-ի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է հակամարտության կարգավորման կարեւորությունը։ Իսկ Բրյուսելում տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքում ամրագրվել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները, որոնք արտահայտված են հրապարակայնորեն։ Ադրբեջանը համարում է, որ Արցախի հիմնախնդիրը լուծված է, իսկ ՀՀ-ն՝ ոչ։ Խաղաղության բանակցությունների համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է հինգ սկզբունքներ, մենք էլ՝ մեր օրակարգը եւ ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է լինեն բանակցություններ։ Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները, ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւակերպվել կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետից, հնարավորինս շատ տարրեր կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից»,-նշեց Փաշինյանը։

Թե որքանով է դա ստացվել, ըստ նրա, այլ խոսակցություն է․ «Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ դրանում որեւէ փոփոխություն չկա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031