Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տնից Մոնթեի նկարներն են հայտնաբերել, Սողոմոն Թեյլերյանի գիրքը». Արսեն Նիկողոսյանը՝ իր տան խուզարկության մասին

Մայիս 25,2022 17:33

«Խայտառակ իրականություն էր, առավոտյան ժամը 7-ին, ես տանը քնած՝ դուռը ծեծում են, մայրս հարցնում է՝ ո՞վ է, ասում են՝ Երեւանի քննչական վարչությունից է եւ Մաշտոցի ոստիկանությունից: Մայրս հարցնում է՝ ի՞նչ հարցով եք եկել : Պատասխանում են՝ պետք է խուզարկենք Նիկողոսյան Արսենի բնակարանը: Ես վեր եմ կենում, հարցնում եմ՝ ի՞նչ հիմունքներով՝ դատարանի որոշումո՞վ, թե՞ թմրանյութ եք ման գալիս…որ Մաշտոցի ոստիկանության ներկայացուցիչն էլ ծիծաղում էր, քանի որ ինձ լավ ճանաչելով՝ գիտեն, որ ընդհանրապես թմրանյութերի հետ կապ չունեմ, պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում երեկ իր տանը կատարված խուզարկության մասին մանրամասներ պատմեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը: Օրեր առաջ, ոստիկանները կրկին խուզարկել էին Արսեն Նիկողոսյանի բնակարանը՝ այնտեղ թմրանյութ փնտրելով:

Նա նաեւ մանրամասնեց, որ Մաշտոցի ոստիկանության ներկայացուցիչները քննիչին բացատրում էին, որ իրեն կռիվ անելու մեջ հնարավոր է մեղադրել, բայց թմրանյութերի հետ կապելը ծիծաղելի է:

Արսեն Նիկողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ինչ-որ թղթեր են ման եկել խուզարկության ժամանակ. «Բացել էին իմ դարակները, այնտեղ գրքեր, տետրեր կային, դրանք էին քրքրում, համակարգչի ինտերնետի վճարումների, կոմունալ վճարումների կտրոններն էին քրքրում, հետաքրքրվում էին՝ ի՞նչ փոխանցումներ են: Մի խոսքով՝ քաղաքական կրկես էր, որին մասնակցություն էր ունենում նաեւ ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով»: Իր բնութագրմամբ՝ կամ փորձում էին վախի մթնոլորտ ստեղծել, կամ՝ «սա դեռ սկիզբն է»:

Երեւանի քննչական վարչության պետի տեղակալ Արսեն Այվազյանին, Արսեն Նիկողոսյանն ասաց. «Պարոն Այվազյան, էդ որ էստեղ-էնտեղ նստում ես, ասում ես՝ Նիկողոսյան Արսենը քո ընկերն է, էդպե՞ս ես ընկերներիդ հետ վարվում, իմանալով, որ մեր տանն անկողնային հիվանդ կա եւ ես իր խնամակալն եմ, իմ ծնողի ներկայությամբ՝ մարդիկ եք ուղարկում, որ գան իմ տունը խուզարկեն. դուք հասկանում ե՞ք՝ ի՞նչ եք անում, հասկանո՞ւմ եք, որ պետք է պատասխան տաք»:

Իր եւ իր ընկերների հետ այս օրերին կատարվողը՝ խուզարկությունները, ձերբակալումները, կալանավորումները, բանախոսը քաղաքական հետապնդում է համարում եւ թիվ մեկ պատասխանատուն, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն է: Փաստաբանները համապատասխան փաստաթղթերը եւ դիմումները պատրաստել են, դրանք կուղարկվեն ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցչություններ՝ ի ապացույց նրա, որ ՀՀ իշխանությունը վախի մթնոլորտ է փորձում ստեղծել:

«Մեր տնից արժանապատվություն եւ հայրենասիրություն են հայտնաբերել. Մոնթեի նկարներն են հայտնաբերել, Սողոմոն Թեյլերյանի գիրքը»,- հայտարարեց Արսեն Նիկողոսյանը՝ վստահեցնելով, որ իր եւ իր ընկերների բերանը ձերբակալություններով եւ կալանավորումներով հնարավոր չէ փակել: Նա նաեւ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց իր իսկ խոսքերը՝«եկել է ժողովրդի վրեժի ժամանակը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Արսեն Նիկողոսյանը եւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031