Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց պետք է առանձնապես չխանգարել, որ մինչեւ քոք մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության մասին

Մայիս 25,2022 17:21

«Մեզ դիմում են շատ քաղաքացիներ, հետաքրքրվում, թե դեռ որքան պետք է շարունակվի այս կրկեսը։ Պահանջում են ապահովել պետության բնականոն կյանքը եւ երկրում կարգուկանոն հաստատել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խնդրելով դիրքորոշում հայտնել դիմադրության շարժման փողոցային պայքարի մասին։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չունի հանրության աջակցությունը եւ այդ «դարդից» էլ չգիտի ինչ անի։

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց․ «Իրավիճակը, որը դուք ներկայացրիք, իմ գնահատականով՝ այլեւս քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետեւ խոսում ենք խցանումների, երթեւեկության շարժի աստիճանի մասին։ Անկեղծ՝ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Սիներգիա է առաջանում, եւ տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան․․․գործընթացը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, եւ ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել քաղաքական միջոցներով, ակցիաներով ասելիքն ասել հանրությանը։ Սովորաբար նման ակցիաների նպատակն է հանրությանը ներգրավել գործընթացում եւ ձեւավորել քաղաքական պահանջ։ Բայց քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, գործընթացները ոչ թե իշխանության դեմ են այլեւս, այլ հանրության»։

Փաշինյանի բնորոշմամբ՝ ընդդիմության գործողություններն այլեւս ունեն հետեւյալ տրամաբանությունը՝ եթե մեզ չեք միանում, ուրեմն ավելի շատ կմնաք խցանումների ու անհարմարությունների մեջ․ «Անգամ նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին։ Կամ ասում են, որ կարող են աջ կամ ձախ բոթասով ապահովել ՀՀ-ի միջին վիճակագրական քաղաքացու շաբաթական բյուջեն։ Այլեւս քաղաքական նշանակությունը սպառված է։ Կատարվողի հիմնական իմաստը հանրության համար առավելագույն անհարմարություն ստեղծելն է՝ թերեւս վրեժ լուծելով 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար, գործընթացին չմիանալու համար»։

Ըստ Փաշինյանի՝ գործ ունենք քաղաքական ուժի հետ, որն իրականացնում է իր կարգախոսը, բայց այլ տրամաբանությամբ․ «Ընտրությունների ժամանակ ասում էինք, որ իշխանությանը մինչեւ քոքը մաշեցնելու են, եւ հիմա տեսնում ենք, որ չկարողանալով դա անել՝ այդ ուժն ինքն իր հանդեպ է դա անում։ Կարծում եմ՝ նրանց պետք է առանձնապես չխանգարել, որ մինչեւ քոք մաշեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031