«Շառլ Միշելն ընդգծել է «բոլոր պահվող անձանց» վերադարձնելու մասին։ Ըստ որոշ մեկնաբանությունների՝ մեկ հարթության վրա է դրել անհետ կորածների ճակատագրերը պարզելու հետ։ Ի՞նչ աշխատանք է արվում այս պահին՝ միջազգային միջնորդությամբ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարությունում այդ հարցերը ոչ թե փոխկապակցված են իրար, այլ տեղավորվում են «հումանիտար հարցեր» վերնագրի ներքո։ Ինչ վերաբերում է կատարվող աշխատանքին, ապա հասկանալի է, որ Բրյուսելում քննարկվող հիմնական թեմաներից մեկը դա է եղել։ Եվրամիության, միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցները պետք է օր առաջ վերադարձվեն։ Մեր դիրքորոշումը եւս այդպիսին է, աշխատում ենք, որ օր առաջ խնդիրը լուծվի։ Բայց ձեր նշած հարցի հետ փոխկապակցվածություն չկա, չնայած գիտեք, որ Ադրբեջանը միշտ փորձում է լրացուցիչ հարցերի հետ կապել գերիների ու պահվող անձանց վերադարձը»,-պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ համաձայն չեն Ադրբեջանի նշյալ դիրքորոշման հետ․ «Մեր դիրքորոշումն այն է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն։ Այդ իմաստով նոր բան տեղի չի ունեցել։ Ցավոք, մինչեւ այս պահը հաստատված 38…39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով՝ հայտնվել ադրբեջանցիների հսկողության ներքո։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք։ Ամենաարդյունավետ ձեւը միջազգային հանրության ճնշումն ապահովելն է»։
Ապա Փաշինյանը, իր խոսքով, մի նրբություն մատնանշեց․ «Շատ է հնչում տեսակետ, որ գերիների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական գործընթացների համար։ Մեր դիրքորոշումն այն է, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել։ Դրանք առանձին են։ Հումանիտար հարցերն ավելի մեծ կշիռ ունեն, իսկ փոխկապակցվածության պարագայում հարցի նշանակությունը նվազում է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ