«Մեր եւ ԱՀ ԱԺ մյուս չորս խմբակցությունները ներկայացնող ուժերի միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան: Լրատվամիջոցներին եւ վերլուծաբաններին կոչ եմ անում՝ չփորձել խորացնել այդ «ֆեյքային տարաձայնությունները»: Մենք միասնական ենք Արցախի հանրապետության անկախության հարցի վերաբերյալ: Արցախում այլ կարծիք, քան՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չի կարող լինել: Խնդրում եմ, հարգել մեր իրավունքը՝ ունենալ սեփական մարտավարությունը՝ պահպանելով Արցախի ապագայի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ, Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը:
Հիշեցնենք, երեկ Արցախի հանրապետության խորհրդարանի խմբակցությունները հանդես եկան միասնական հայտարարությամբ, որը վերաբերում էր մայիսի 22-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանն ու դրա արդյունքներին: «Միասնական Հայրենիք» խմբակցությունը չէր միացել Արցախի խորհրդարանական խմբակցությունների հայտարարությանը, ավելի ուշ կուսակցությունը հանդես եկավ առանձին հայտարարությամբ:
Գագիկ Բաղունցը վստահեցնում է՝ խորհրդարանական մյուս ուժերի հետ իրենց համագործակցության պայմանավորվածությունները եւ միասնականության սկզբունքները ուժի մեջ են, մանավանդ՝ Արցախի ապագայի տեսլականի վերաբերյալ եւ այդ մոտեցումը միասնական է, ինչն արտահայտվեց 2022 թվականի, ապրիլի 14-ին ԱՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունների հայտարարությամբ:
Կոնկրետ այս պարագայում, իր գնահատմամբ, ազատ քննարկման հնարավորություն եւ անհրաժեշտություն կա տարբեր հարցերի վերաբերյալ, Իրենց մոտեցումներն էլ բրյուսելյան եռակողմ հանդիպման վերաբերյալ փոքր-ինչ տարբերվում էին, ուստի իրենց կարծիքն առանձին արտահայտեցին:
Կարդացեք նաև
«Նման հայտարարությունները պետք է միշտ էլ լինեն ժամանակին եւ տեղին. համաձայն հաստատված ավանդույթի, երբ ՀՀ վարչապետը մասնակցում է որեւէ բանակցային գործընթացի, անմիջապես արդյունքները ներկայացնում է ԱՀ նախագահին։ ԱՀ նախագահն էլ հանդիպում է ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներին եւ քննարկում ենք հերթական հանդիպման բոլոր հանգամանքները: Այսօր 16.00-ին մենք նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ունենք, կարծում եմ, ճիշտ կլիներ մանրամասներն իմանայինք, հետո գնահատականներ տայինք, չնայած, որոշ բաներ, Շառլ Միշելի հայտարարության մեջ, արդեն ակնհայտ էր» ,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայտարարությունը, որն այս առումով, մի փոքր ժամանակից շուտ ստիպված եղան հրապարակել, շատ հստակ ուղերձ էր պարունակում: Այն է. «Ի սկզբանե այն մոտեցումն ենք ունեցել, որ մենք չպետք է տարվենք տարբեր հարթակներում բանակցային գործընթացներով եւ, փոխանակ քննարկենք՝ ի՞նչ է ասվել, ինչպե՞ս է ասվել, ի՞նչ նպատակով եւ հետեւանքներով, այլ, ընդհանրապես, պետք է շատ խիստ սահմանափակենք այլ հարթակներում Արցախի հարցի քննարկումները, որտեղ չի մասնակցում ՌԴ-ն, որոնք հղի են տարբեր տեսակի մեկնաբանություններով եւ հետեւանքներով: Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ բանակցային գործընթացը տեսնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ, կարծում եմ, եթե կա մի հարթակ, որտեղ մեզ համար դրական որոշումներ եւ փաստաթղթեր կարող են ընդունվել, դա հենց այդ հարթակն է: Մենք ճիշտ ենք գտնում՝ չշեղվել հետպատերազմյան եռակողմ հայտարարության ուղուց, որտեղ մասնակցում էր նաեւ ՌԴ-ն: Կարծում ենք, որ ԵԽ-ն շահագրգիռ կողմ է եւ միտված չէ մեզ համար բարենպաստ որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով աշխարհում զարգացող ու մեզ համար շատ վտանգավոր գործընթացները՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը, որ վաղուց վերածվել է ՌԴ-Արեւմուտք հակամարտության: Արեւմուտքը, մասնավորաբար, ԵԽ-ն, շահագրգիռ է հնարավորինս մեծ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար, այդ թվում՝ նաեւ ընդգրկելով Ադրբեջանը, ինչը վտանգավոր հետեւանքներ կունենա մեր տարածաշրջանի, ՀՀ-ի եւ ԱՀ-ի համար: Մյուս կողմից, եթե մենք նկատի առնենք, որ Եվրոպան որոշակի ակնկալիքներ ունի ադրբեջանական էներգոռեսուրսներից, ապա հույս փայփայել, որ Եվրոպան կարող է անկողմնակալ լինել եւ առաջին հերթին Ադրբեջանի շահերը չի պաշտպանի՝ թե անմիջապես Արցախին վերաբերվող հարցերում, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի հարցերում, բարդ է»:
Ուստի, Գագիկ Բաղունցի գնահատմամբ, ՀՀ-ի եւ ԱՀ-ի քաղաքական վերնախավը չպետք է տարվի այլ հարթակներ փնտրելով եւ գնահատականներ տալով, քանի որ այդպիսով, անկախ մեզնից՝ ներքաշվում ենք գործընթացների մեջ, որոնք լուրջ վտանգներ են ներկայացնում մեզ համար:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ «Միասնական Հայրենիք» կուսակցությունում Արցախի ապագայի վերաբերյալ ի՞նչ տեսլական ունեն՝ անկախ Արցա՞խ, Հայաստանի՞ կազմում, թե՞ ռուսական պրոտեկտորատ, ինչի մասին կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի մոտեցումները հայտնի են: Գագիկ Բաղունցը պատասխանեց. «Հաշվի առնելով աշխարհում եւ տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակը, ես ազատ կթողնեմ այդ մեր ընտրության հնարավորությունները, որովհետեւ տարբեր իրավիճակներում, կարող է ավելի օպտիմալ լինել այս կամ այն տարբերակը: Բայց, ի սկզբանե, Արցախի ճակատագիրը, մենք, դեռ 1980-ականներին, մենք տեսնում էինք Հայաստանի կազմում. դա բոլորիս վերջնական նպատակն է: Միջանկյալ որոշումների հնարավորությունը, սակայն, թույլ տվեք դեռ չփակել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Բաղունցի ֆեյսբուքյան էջից