«Իրենք ո՞վ են, որ կանչեն մեզ, կամ օրակարգ ձևավորեն: Մեր ձևակերպումը հստակ է եղել՝ այսօր մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ, այսօր մեզ տրված մանդատը պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատություններին, որ ընդդիմությունը բացակայում է, եւ հնարավոր է՝ նրանց մանդատներից զրկելու հարցը քննարկվի:
Նա շեշտեց՝ խորհրդարան կվերադառնան իրենց օրակարգով ու շարունակեց. «Մեկ անգամ ևս ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ հաջորդ շաբաթ: Այսօր երեկոյան հանդես կգամ մանրամասն՝ ինչ նիստ ու ինչ օրակարգով: Եվ հիմա հայտարարում եմ՝ դե, տղա են, թող գան»:
Նա իշխանությանը հրավիրեց խորհրդարան, բայց իրենց օրակարգով: Վստահեցրեց, որ իշխանական պատգամավորները ժողովրդից կտրված են:
Խոսելով իրենց հասցեին արված հայտարարությունների մասին, որտեղ շոշափվում է համարձակության թեման՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մի հատ անցեք ԱԺ-ի մոտով հենց հիմա ու տեսեք՝ ինչ է կատարվում: Մի քանի հազար զորք բերել, շարել են ԱԺ-ի ներսում, դրսում, փողոցներում ու խոսում են համարձակության մասին: Մի հատ էդ զորքին հանեք էդտեղից, գալիս ենք ու տեսնենք՝ ընդհանրապես՝ ո՞վ իրավունք ունի համարձակությունից խոսել»:
Կարդացեք նաև
Այնուհետև կրկին խոսեց իրենց օրակարգի մասին. «Մենք խորհրդարան կգնանք մեր օրակարգով: Մենք պահանջում ենք խորհրդարանի արտահերթ նիստ: Ոչ թե խուսափում ենք խորհրդարան գնալուց, այլ հիմար օրակարգերին մաս կազմելուց: Գանք, հարցեր տանք ինչի՞ մասին: Նիկոլի մասին խոսել են Ալիևը, Շառլ Միշելը»:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ փողոցային այս պայքարը նվեր է ՀՀ վարչապետին, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ ասեմ՝ ամբողջ ժողովուրդը դուրս է եկել, ասում է՝ դավաճան, հողատու: Եթե սա նվեր է, իրոք, շնորհավորում եմ իրենց: Մենք կշարունակենք այդ նվերը մատուցել Նիկոլին ու ՔՊ-ին: Պատրաստվում ենք ավելի խոշոր նվերներ մատուցել իրենց, եթե սա համարում են նվեր: Արտաքին աշխարհի համար մեր ուղերձը հստակ է, որ հողատուն իրավունք չունի ժողովրդի անունից բանակցություններ վարել և երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի: Ցանկացած մեկը, որ հետը փորձում է պայմանավորվածություն ունենալ, դա մի պահի դառնալու է առ ոչինչ: Թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, քանի որ հասկանում են՝ երբ ՀՀ-ում կորցնեն իրենց Նիկոլին, իրենց բոլոր ծրագրերը կմնան կիսատ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ