Հայաստանում բնակվում են 1500-ից ավել ասթմա ունեցող երեխաներ, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղորայքից ոչ բոլորն են հասանելի Հայաստանում: 404 երեխայի երկու ամսվա դեղորայքի ապահովումը հնարավոր է դարձել #իգործ բարեգործական նախաձեռնության շնորհիվ, որի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 20-ին: Միջոցառմանը ներկա էին հայկական տարբեր կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ։ Բոլորին մեկ հարկի տակ միավորել էր #իգործ բարեգործական նախաձեռնության մասնակցությունը և այն գաղափարը, որի համար արշավը մեկնարկել էր։
Սույն թվականի հունվարի 13-ից DJ Vakcina-ն՝ Արուսիկ Մկրտչյանը, սկիզբ դրեց #իգործ բարեգործական նախաձեռնությանը և գործատուների մոտ տարբեր աշխատանքներ կատարելով՝ 4 ամիսների ընթացքում կարողացավ հավաքել 4,493,350 ՀՀ դրամ, իսկ փակման միջոցառման ընթացքում ևս 556,000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 5,049,350 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ փոխանցվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ նպատակ ունենալով օգնել ասթմա ունեցող երեխաներին ստանալ իրենց բուժման համար անհրաժեշտ դեղորայք։ Արշավի շրջանակներում իրականացված աշխատանքները եղել են տարաբնույթ՝ մատուցողից, հրուշակագործից, բրենդային խանութի վաճառողուհուց, բենզալցակայանի աշխատակցից մինչև ադմինիստրատոր։
«Նպատակը ոչ թե բուն աշխատանքի էությունն էր կամ վարձատրության չափը, այլ այն գաղափարը, որի համար սիրով պատրաստ էի կատարել տարաբնույթ աշխատանք։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաները բոլորիս օգնության կարիքն ունեն, ու եթե կարողանանք ավելի շատ ընկերությունների ներգրավել այս գործում և անհրաժեշտ ֆինանսավորում ապահովել, ապա այդ փոքրիկների կյանքի որակն էապես կբարելավվի, և նրանք կկարողանան հանգիստ վայելել իրենց մանկությունը»,- ասաց Արուսիկ Մկրտչյանը։
Միջոցառման ընթացքում գործընկերների կողմից երախտագիտության խոսքեր հնչեցին արշավի կարևորության և հաջողության մասին։ Արուսիկ Մկրտչյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր այն կազմակերպությունների հիմնադիրներին ու տնօրեններին, որոնք սիրով միացել են արշավին և իրենց ներդրումն են ունեցել #իգործ բարեգործական արշավի կայացման գործում։
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երկու նկարների բարեգործական աճուրդ, որից գոյացած ամբողջ գումարը նույնպես ուղղվեց ասթմա ունեցող երեխաների համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերմանը։ Նկարներից մեկը Սերգեյ Իսավերդյանի, իսկ մյուսը՝ Աննա Աննուկ Սողոմոնյանի հեղինակած գործերն էին։ #իգործ-ի փակման հանդիսավոր միջոցառման հաղորդավարն էր Նարեկ Մարգարյանը, իսկ երաժշտական հատվածը վստահված էր Միքայել Ոսկանյանին, Արամ Գալստյանին, DJ Arigato-ին , DJ Georgio-ին և DJ Guevo-ին:
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ից, և զբաղվում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների հարցերով: Այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամը ստացել է շուրջ 383 մլն դրամի հանգանակություն և օգնել է 1670 երեխայի, որից 14-ին տրամադրել է զգալի աջակցություն՝ յուրաքանչյուրին ընդհուպ մինչև 100 հազար դոլար, իսկ 1656 երեխայի տրամադրել է բուժման համար անհրաժեշտ դեղորայք, ֆինանսավորել տարաբնույթ հետազոտություններ ու վիրահատություններ, ոլորտային բուժհաստատությանը տրամադրել է խիստ անհրաժեշտ բուժսարքավորում, ինչպես նաև՝ ֆինանսավորել է արտասահմանյան լավագույն կլինիկաներում հայ բժիշկների վերապատրաստման ծրագիր և այլն: Հիմնադրամն ընդհանուր առմամբ տրամադրել է շուրջ 330 մլն դրամի աջակցություն:
Միջոցառման վերջում մասնակիցները հույս հայտնեցին, որ #իգործ բարեգործական արշավը լավ օրինակ կլինի այլ կազմակերպությունների և անհատների համար՝ միանալու առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժման կարևոր գործին։ Տարվա ավարտին սպասվում է #իգործ բարեգործական արշավի 2-րդ փուլի մեկնարկը:
#իգործ նախաձեռնություն