Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստ երկրների մեծամասնությունն վնասակար պայմաններ է ստեղծում երեխաների համար ամբողջ աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը

Մայիս 25,2022 13:36

ՖԼՈՐԵՆՍ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25-ը մայիսի, 2022 թ. – Հարուստ երկրների մեծամասնությունն անառողջ, վտանգավոր և վնասակար պայմաններ է ստեղծում երեխաների համար ամբողջ աշխարհում: Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների գրասենյակի կողմից այսօր հրապարակված վերջին հաշվետվության թերթիկի մեջ:

«Ինոչենտի հաշվետվության թերթիկ թիվ 17. վայրեր և տարածքներ»-ը համեմատում է, թե ինչպես են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Եվրոպական միության (ԵՄ) 39 երկրները գործում երեխաների համար առողջ միջավայր ապահովելու հարցում: Զեկույցում ներկայացված են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են վնասակար աղտոտիչների ազդեցությունը, այդ թվում՝ թունավոր օդը, թունաքիմիկատները, աղբավայրերը և կապարի առկայությունը, մյուս կողմից՝ լույսի հասանելիությունը, կանաչ տարածքները և անվտանգ ճանապարհները, ինչպես նաև երկրների ազդեցությունը կլիմայական

ճգնաժամի վրա, ռեսուրսների սպառմանը և էլեկտրոնային թափոնների ստեղծմանը:

Զեկույցում ասվում է, որ եթե աշխարհում բոլորը ռեսուրսներ սպառեն ՏՀԶԿ և ԵՄ երկրներում բնակվող մարդկանց տեմպերով, ապա սպառման մակարդակին համարժեք լինելու համար կպահանջվի 3,3 երկրագունդ: Եթե բոլորը ռեսուրսներ սպառեն այն տեմպերով, որով մարդիկ Կանադայում, Լյուքսեմբուրգում և Միացյալ Նահանգներում են սպառում, ապա առնվազն հինգ երկրագունդ կպահանջվի:

Թեև Իսպանիան, Իռլանդիան և Պորտուգալիան գլխավորում են մրցաշարային աղյուսակը, ՏՀԶԿ և ԵՄ բոլոր երկրները չեն, որ կարողանում են առողջ միջավայր ապահովել բոլոր երեխաների համար՝ բոլոր ցուցանիշներով: Ամենահարուստ երկրներից մի քանիսը, այդ թվում՝ Ավստրալիան, Բելգիան, Կանադան և Միացյալ Նահանգները, լուրջ և լայնածավալ ազդեցություն ունեն գլոբալ միջավայրի վրա՝ հիմնված CO2 արտանետումների, էլեկտրոնային թափոնների և մեկ շնչին բաժին ընկնող ռեսուրսների ընդհանուր սպառման վրա: Այս երկրները նաև ցածր դիրք են զբաղեցնում երեխաների համար իրենց սահմաններում առողջ միջավայր ստեղծելու հարցում: Փոխարենը, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ամենաքիչ հարուստ ՏՀԶԿ և ԵՄ երկրները շատ ավելի փոքր ազդեցություն ունեն աշխարհի վրա ընդհանուր առմամբ:

«Հարուստ պետությունների մեծամասնությունը ոչ միայն չի կարողանում առողջ միջավայր ապահովել երեխաների համար իրենց երկրների սահմաններում, այլ նաև նպաստում է այդ միջավայրի ոչնչացմանը աշխարհի այլ մասերում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների գրասենյակի տնօրեն Գունիլա Օլսոնը (Gunilla Olsson): «Որոշ դեպքերում առկա է այնպիսի պատկեր, երբ պետությունները համեմատաբար առողջ միջավայր են ապահովում երեխաների համար իրենց երկրների սահմաններում՝ միևնույն ժամանակ լինելով նրանց միջավայրը քայքայող հիմնական մեղավորներից աշխարհում այլուր»:

Զեկույցում նաև ասվում է.

* Այս խմբում ներառված երկրներում բնակվող ավելի քան 20 միլիոն երեխա արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունի: Կապարը շրջակա միջավայրի ամենավտանգավոր թունավոր նյութերից է։

* Ֆինլանդիան, Իսլանդիան և Նորվեգիան զբաղեցնում են հորիզոնականի առաջին-երրորդ պատվավոր տեղերը՝ իրենց երեխաների համար առողջ միջավայր ապահովելու հարցում, մինչդեռ աշխարհում, ընդհանուր առմամբ, վերջից երեք հորիզոնականներն են զբաղեցնում՝ արտանետումների, էլեկտրոնային թափոնների և սպառման բարձր ցուցանիշներով:

* Իսլանդիայում, Լատվիայում, Պորտուգալիայում և Միացյալ Թագավորությունում 5 երեխայից 1-ը տուժում է տանը տիրող խոնավության և բորբոսի պատճառով, իսկ Կիպրոսում, Հունգարիայում և Թուրքիայում՝ 4 երեխայից ավելի քան 1-ը:

* Շատ երեխաներ թունավոր օդ են շնչում ինչպես դրսում, այնպես էլ տանը: Մեքսիկայում օդի աղտոտվածության հետևանքով առողջ կյանքի 3,7 տարի է կորսվում յուրաքանչյուր հազար երեխայի հաշվով, մինչդեռ ամենացածր ցուցանիշն ունի՝ Ֆինլանդիան և Ճապոնիան՝ 0,2 տարի:

* Բելգիայում, Չեխիայում, Իսրայելում, Նիդեռլանդներում, Լեհաստանում և Շվեյցարիայում յուրաքանչյուր 12-ից ավելի երեխաներից 1-ը տուժում է թունաքիմիկատների բարձր ցուցանիշի առկայության պատճառով: Թունաքիմիկատներով աղտոտված լինելը փոխկապակցված է քաղցկեղի հետ՝ պատճառ հանդիսանալով մանկական լեյկոզի առաջացման համար և կարող է վնասել երեխաների նյարդային, սրտանոթային, մարսողական, վերարտադրողական, էնդոկրին, արյան և իմունային համակարգերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ձեռնարկել հետևյալ քայլերը երեխաների միջավայրը պաշտպանելու և բարելավելու համար՝

* Ազգային, մարզային և տեղական մակարդակի կառավարման մարմինները պետք է առաջնորդեն երեխաների միջավայրի բարելավմանն ուղղված գործողություններն այսօր՝ նվազեցնելով թափոնների քանակը, օդի և ջրի աղտոտվածությունը և ապահովելով բարձրորակ բնակարաններ և թաղամասեր:

* Բարելավել միջավայրը առավել խոցելի երեխաների համար: Աղքատ ընտանիքների երեխաները ավելի շատ են ենթարկվում շրջակա միջավայրի վնասների ազդեցությանը, քան ավելի հարուստ ընտանիքների երեխաները: Սա ամրապնդում և ընդգծում է առկա թերություններն ու անհավասարությունները:

* Ապահովել, որ բնապահպանական քաղաքականությունը զգայուն լինի երեխաների կարիքների նկատմամբ: Կառավարությունները և քաղաքականություն մշակողները պետք է համոզվեն, որ երեխաների կարիքները արտացոլված են կայացվող որոշումների մեջ: Բոլոր որոշում կայացնող չափահաս անձինք՝ ծնողներից մինչև քաղաքական գործիչներ, պետք է հաշվի առնեն երեխաների տեսակետները՝ ներառելով դրանք ապագա սերունդների վրա անհամաչափ ազդեցություն ունեցող քաղաքականություն մշակելիս:

* Ներգրավել երեխաներին և պատանիներին՝ ապագայի հիմնական շահագրգիռ կողմին: Երեխաներն այսօրվա բնապահպանական խնդիրների ազդեցությանը ամենաերկարն են ենթարկվելու; միևնույն ժամանակ նրանք ամենափոքր ազդեցությունն ունեն իրադարձությունների ընթացքի վրա։ Բոլոր մակարդակներում որոշումներ կայացնող չափահաս անձինք՝ ծնողներից մինչև քաղաքական գործիչներ, պետք է լսեն նրանց տեսակետը և հաշվի առնեն դրանք ապագա սերունդների վրա անհամաչափ ազդեցություն ունեցող քաղաքականություն մշակելիս։

* Կառավարությունները և բիզնեսը պետք է հիմա՛ արդյունավետ գործողություններ ձեռնարկեն՝ հարգելով իրենց ստանձնած պարտավորությունները՝ նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2050 թվականը: Կլիմայի փոփոխությանը հարմարվելուն ուղղված գործողությունները ևս պետք է լինեն առաջնահերթ ինչպես կառավարությունների, այնպես էլ համաշխարհային հանրության և բոլոր ոլորտների համար՝ սկսած կրթությունից մինչև ենթակառուցվածքներ:

«Դա մեր պարտքն է թե՛ ինքներս մեր հանդեպ, թե՛ ապագա սերունդների, – ստեղծել ավելի բարենպաստ վայրեր և տարածքներ երեխաների զարգացման համար», – նշել է Օլսոնը: «Ահռելի չափերի հասնող թափոնները, վնասակար աղտոտիչները և սպառված բնական ռեսուրսները վնաս են հասցնում մեր երեխաների ֆիզիկական և մտավոր առողջությանը և սպառնում մեր մոլորակի կայունությանը: Մենք պետք է իրականացնենք այնպիսի քաղաքականություն և ձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք կպաշտպանեն բնական միջավայրը, ինչից ամենաշատը կախված են երեխաներն ու երիտասարդները»:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031