Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շտապեք, մի մասը կարող է նստած չլինեն»․ Ալեն Սիմոնյանի եւ թիմակիցների ակնարկները՝ ընդդիմադիրներին

Մայիս 25,2022 11:49

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը ստեղծել էին ընդդիմադիր պատգամավորները, արդյունք տվե՞լ է, թե՞ հերթական սուտը տարածելու, հիմնադրամը վարկաբեկելու փորձն էր, որին վերաբերվեցին այնքան անլուրջ, որ անգամ չներկայացան՝ դրա գործունեության ժամկետը երկարաձգելու համար։ ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նման հարց հղեց ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, երբ քննարկվում էր նրա հեղինակած օրինագիծը, որով ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետն առաջարկվում է սահմանել ոչ թե վեց ամիս, այլ մեկ տարի՝ եւս վեց ամսով երկարաձգման հնարավորությամբ։

Բագրատյանը համաձայնեց․ «Նպատակն ավելի շատ շահարկումն էր, ոչ թե խնդրի լուծումը։ Աշխատանքը ցույց տվեց, որ ոչինչ չհայտնաբերեցին, բայց երկարաձգման հայտ ներկայացրին, որն արդեն անիմաստ է, որովհետեւ վեց ամիսը բավարար էր՝ բոլոր պատկան մարմինները ներկայացել էին, ողջ ծավալով պատասխանել բոլոր հարցերին։ Երբ տեսան, որ յուրացման խնդիր չկա, փորձեցին մտնել շահարկման դաշտ։ Մենք մտածեցինք, որ կարելի է եւս վեց ամիս ժամանակ տալ՝ պայմանով, որ քննության արդյունքների վերաբերյալ հայտարարություն արվի, սակայն Արծվիկ Մինասյանը, ցավոք, չի ներկայացել, որ այդ հարցը քննարկենք»։

Ծովինար Վարդանյանը նկատեց․ «Մենք ուզում ենք, որ քննիչ հանձնաժողովի ինստիտուտը լինի քաղաքական շահարկումների՞ համար, թե՞ գործի եւ արդյունք տա, այլապես ստացվում է, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ քաղաքական շահարկումների համար բուռն մասնակցում են հանձնաժողովի ստեղծմանը, հնչեցնում սուտ թեզեր, հետո չքվում հանձնաժողովից, ինչպես նաեւ՝ այստեղի աթոռներից»։

Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը շեշտեց՝ նշյալ քննիչ հանձնաժողովը կարեւոր նշանակություն ուներ, սակայն ընդդիմադիրները չկան․ «Վեց ամսում որեւէ մեկ լումայի թալանի դեպք չի արձանագրվել։ Եթե լիներ, ընդդիմադիրները կասեին, որ վեց ամսում բացահայտել են այսքան դրամի թալանի դեպք։ Համաձայնել ենք, այնուամենայնիվ, երկարաձգել, սակայն ընդդիմությունը չի գալիս աշխատանքի եւ փորձում այնպես անել, որ իր մատնանշած թալանը բացահայտվի։ Երեւի ԱԳՆ-ում, փողոցում մանր-մունր խուլիգանություն անելու մեջ ավելի շատ բովանդակություն կա, քան իրենց ստեղծած հանձնաժողովի։ Սպասում եմ, որ գան, հիմնավորեն, տանք եւս վեց ամիս, որ գտնեն հարցերի պատասխանները, որովհետեւ անվանարկել են հիմնադրամին»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Մեծ հույսեր ունեք իրենց հետ կապված, պարոն Պապոյան»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ իր հերթին արձանագրեց՝ 1 ամիս է, որ ընդդիմադիրները չեն ներկայանում եւ չեն կատարում աշխատանքային պարտականությունները․ «Ստացվում է, որ մենք իրենց գործն ենք անում հերիք չի, մի բան էլ փորձում են դրան խանգարել։ Անկախ դրանից՝ պետական ինստիտուտները շարունակելու են նորմալ աշխատել։ Ինձ հաճախ հարցնում են, թե երբ են գալու ԱԺ, ինչ է լինելու, բայց պատասխանը չունեմ իրենց փոխարեն։ Տեղից մտածելու հարցերը շատ են։ Ես այլեւս չեմ պատկերացնում, թե մտահոգություններ հնչեցնելուն զուգահեռ՝ ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատու կերպով վերաբերվել սեփական աշխատանքին։ Ուրախ կլինեի, որ ընդդիմադիր գործընկերները նստած լինեին այստեղ, եւ իրենց նայելով՝ բոլոր հարցերը հնչեցնեի»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Մի շտապեք, մի մասը կարող է նստած չլինեն»։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը մեկ ամիս է՝ դիմադրության շարժման շրջանակում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031