Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան նոր հնարավորություններ է ստանում թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 25,2022 10:48

Արցախյան երկրորդ պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը խթան դարձավ «թյուրքական մեծ աշխարհի»՝ Թուրանի նախագիծն առավել ակտիվորեն կյանքի կոչելու համար։ Այն նոր որակ ստացավ անցյալ տարվա նոյեմբերին, երբ Թյուրքական խորհուրդը վերանվանվեց Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպություն: Ստամբուլում նաեւ բացվեց նոր գրասենյակ, եւ ընդունվեց «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040» ռազմավարական փաստաթուղթը։

Ներկայում համագործակցության նոր հարթակներ են ձեւավորվում կազմակերպության անդամների միջեւ։ Օրինակ՝ վաղը «Տեխնոֆեստ Ադրբեջան» օդատիեզերական եւ տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի նախարարների հանդիպումը: Հրավիրված երկրների թվում են Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Հունգարիան։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ին թյուրքական 5 պետությունների (Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան) եւ Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կողմից հիմնվել է «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միությունը»:

Հասկանալի է, որ թյուրքալեզու երկրներին եւ ժողովուրդներին Թուրքիայի հովանու տակ միավորելու քայլերը նոր չեն սկսվել։ Անկարան առաջիններից էր, որ ճանաչեց Կենտրոնական Ասիայի հետ խորհրդային երկրների անկախությունը եւ ձեռնամուխ եղավ նրանց քաղաքական, տնտեսական ինտեգրմանը։ Ստեղծվեցին միասնական կառույցներ բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ ուժային կառույցներ։ Մեկը մյուսի հետեւից հայտնվեցին թյուրքական համագործակցության կառույցները՝ Թյուրքական ժողովուրդների համաշխարհային ասամբլեան, Թուրքական խորհուրդը, Թուրքական համագործակցության եւ զարգացման գործակալությունը (TIKA)։ Մեծ ուշադրություն էր դարձվում նաեւ «փափուկ ուժի» քաղաքականությանը, այսինքն՝ գիտության, կրթության, մշակույթի եւ կրոնի միջոցով թուրքական գաղափարախոսության եւ արժեքների քարոզմանը։ Մյուս կողմից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած թյուրքական հանրապետություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ վարում էին հիմնականում բազմավեկտոր, փոխլրացնող քաղաքականություն։ Դրա նպատակն էր հավասարակշռության հասնել Ռուսաստանի, Չինաստանի, Արեւմուտքի եւ Թուրքիայի՝ թյուրքական աշխարհի հետ հարաբերությունների համատեքստում։

Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիան նոր հնարավորություններ է ստանում թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Մասնավորապես՝ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին տնտեսական եւ քաղաքական «ազատ շերտեր» են առաջացել կենտրոնասիական տարածաշրջանի համար, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են նաեւ այդ երկրների վրա։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի հիմնական ուշադրությունն ուկրաինական ուղղությամբ է, եւ Թուրքիան ձգտում է մասամբ լրացնել տնտեսական, առեւտրային, քաղաքական ոլորտներում առաջացած «բացը»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031