Ինչպես միշտ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը բանակցությունների արդյունքները ներկայացնում է իր շահերի մեկնակետից: Ահավասիկ՝ Ադրբեջանի պաշտոնաթող արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովի օրինակը: Վերջինս հայտարարել է, թե հանդիպումը շատ դրական արդյունքներ է տվել Բաքվի համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի բնակչությունը «հասկանում է, որ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հարցը լուծված է, եւ այնտեղ ապրող հայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն»:
Այս թեզը նոր չէ, այն պարբերաբար կրկնում է Բաքվի առաջնորդը:
Ադրբեջանը խոսում է անհնարինի մասին: Մամեդյարովի շուրթերով Արցախի ժողովրդին առաջարկում են ընդունել հերթական անգամ ցեղասպանվելու կամ լավագույն դեպքում՝ էթնիկ զտման եւ ադրբեջանացման գործընթաց: Իսկ նման հայտարարություններին Արցախի ժողովուրդը պատասխանել է իր անկախացումից ի վեր եւ այն շարունակում է անել նաեւ այսօր: Մամեդյարովի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը բառացի կրկնեց նախորդ տարվա դեկտեմբերին նախագահի արած հայտարարությունը եւ հիշեցրեց, որ նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաեւ Արցախի թիվ մեկ ներկայացուցչական կառույցը՝ ԱԺ-ն:
ԱՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին եւ մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։ Արցախից պարբերաբար հնչեցվող այս կարծիքը, թերեւս, ավելորդ անգամ հաստատում է այն հանրահայտ ճշմարտությունը, որ Արցախի Հանրապետության ճակատագիրը որոշողն Արցախի ժողովուրդն է: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ տարածաշրջանում համագործակցություն հաստատելու ուղղությամբ բանակցություններն առաջ տանելու, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում շոշափելի արդյունքի հասնելու համար պետք է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի քննարկումն անջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Արցախի հիմնահարցի վերջնական լուծումը հնարավոր է գտնել միայն միջազգայնորեն ճանաչված Մինսկի խմբի ձեւաչափում՝ բանակցությունների միջոցով, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է նաեւ երկկողմ ձեւաչափով՝ երրորդ երկրների աջակցությամբ կամ միջնորդությամբ:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: