Լրահոս
Օրվա լրահոսը

Չբարձրաձայնվող երկխոսությունը

Մայիս 25,2022 10:00

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում կա մի դրվագ, որտեղ Յոհաննես Լեփսիուսը փորձում է համոզել Էնվեր փաշային՝ ձեռնպահ մնալ հայերի զանգվածային սպանություններից: Գերմանացի բողոքական քահանան որեւէ հաջողության չի հասնում. Էնվերը բավականին կոպիտ մերժում է Լեփսիուսի առաջարկները, իսկ վերջում ավելացնում. «Վստահ եղեք, որ մեր կառավարությունը խուսափում է ավելորդ դաժանությունից»: Բայց գերմանացին հասկանում է, որ դրանք դատարկ բառեր են, պարզապես զրույցն ավարտելու ձեւ:

Գրքի այդ դրվագը ես հիշեցի, երբ կարդացի «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության» մասին հայտարարությունը: Այսինքն՝ ըստ եվրոպացի չինովնիկի, կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում մի էթնիկ խումբ, որի անվտանգության մասին պետք է մտածել: Շառլ Միշելը, հավանաբար, խնդրելու է Ալիեւին՝ այդ մարդկանց հանդեպ «ավելորդ դաժանություն» չկիրառել: Ինչպես եւ առաջին դեպքում, դատարկ խոսակցություն է:

Ինձ հաճախ հարցնում են՝ իսկ ի՞նչ եք դո՛ւք առաջարկում: Հավանաբար, սպասում են, որ ես պետք է ասեմ՝ «իշխանափոխություն», «հեղափոխություն» եւ այլն: Եթե անգամ որեւէ բան առաջարկելը մտներ իմ գործառույթների մեջ, ապա փոքր-ինչ տարօրինակ կլիներ առաջարկել մի բան, որն այս պահին (ընդգծում եմ՝ այս պահին) անհնարին է: Բայց իրականում իմ գործն առաջարկություններ անելը չէ, այլ՝ բացատրելը, իսկ տվյալ դեպքում՝ հնչեցնելն այն, ինչ բարձրաձայն չի ասվում, բայց նկատի է առնվում:

Խոսքն իշխանությունների եւ քաղաքացիների չբարձրաձայնվող երկխոսության, կամ, եթե ուզում եք՝ պայմանագրի մասին է: Օրինակ, մի քանի տասնամյակ առաջ եվրոպացիներին հարցրին՝ դո՞ւք համաձայն եք զիջել ձեր պետությունների ինքնիշխանության մի մասը, բայց փոխարենը բարձրացնել ձեր բարեկեցության մակարդակը: Կամ ռուսաստանցիներին Պուտինն առաջարկեց՝ դուք ուզո՞ւմ եք, որ սահմանափակվեն քաղաքական ու տնտեսական ազատությունները, բայց դուք ավելի լավ ապրեք: Այդ այլընտրանքն ուղղակիորեն չէր ձեւակերպվում, սակայն կողմերը բնազդորեն ընտրություն էին կատարում: Երկու դեպքում էլ մարդիկ ընտրեցին բարեկեցությունը: Կոպիտ ասած, իշխանությունը քաղաքացիների վրա ինչ-որ բան է «ծախում», եւ քաղաքացիները դա ընդունում են: Որոշ ժամանակ այդ պայմանագիրը գործում է, օրինակ, ԵՄ-ի դեպքում՝ մինչեւ 2008 թվականի ճգնաժամը:

Դառնանք մեզ: Իշխանությունը հարցնում է (ոչ բարձրաձայն). համաձա՞յն եք, որ Արցախում ոչ մի հայ չապրի, Հայաստանի ներսում մի բնակավայրից մյուսը տեղափոխվելը բարդանա, հակառակորդի զինված ուժերը գտնվեն հայկական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ, որոշ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց փոխարենը մենք պողպատե մանդատով պատժենք «նախկիններին» եւ նրանց թալանածը վերադարձնենք ժողովրդին: Դատելով նրանից, որ Փաշինյանի ընտրազանգվածի համար «ղարաբաղցի» բառը գրեթե հայհոյանք է, իսկ ԼՂՀ դրոշն ազդում է գրեթե այնպես, ինչպես կարմիր շորը՝ ցուլի վրա, այդ քաղաքական «ապրանքն» առայժմ վաճառվում է:

Գործի էությունը սա է: Իշխանավորների պարզամիտ խորամանկությունները՝ «մենք սա՛ չենք բանակցում», «հետեւանքները դրա՛նք չեն լինելու»՝ այդ ամենը պարզապես «համեմունքներ» են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան չհասկացա ձեր

    Եթե անգամ որեւէ բան առաջարկելը մտներ իմ գործառույթների մեջ

    ձեւակերպումը: Միթե խնդիրները վերհանելն ու լուծումներ առաջարկելը լրատվամիջոցների գործառույթը չի???????????? Պարզապես ինքնանպատակ գրում եք??? Ձեր նախկին հոդվածներում առաջարկներ արել եք: Ինչ է եղել, որ հիմա հրաժարվում եք ձեր գործն անել:

  2. Հայկ համբարձումեան says:

    Նախ սխալ բաղդատականը՝ այն է, որ եւրոպացիները եւ փութինը բարեկեցություն խոստացան եւ զայն բերին քոնէ որոշ ժամանակի մը համար, իսկ հայ իշխանաւորերը միայն սուտ են խոսեր.

    Իսկ երկրորդ, դուք ալ սուտ կը խօսիք, որտեւ ես ձեր քոնէ պատերազմէն ետք գրածները կարդալով, շատ շուտ կ՝եզրակացնեմ որ դուք ալ իշխանափոխութիւն կ՝ուզէք եւ գիտակից էք որ այս ընթացքին վերջը փորձանք է. պարզապես դուք որոշած էք ձեր գրածներու փոխարէն՝ ձեր հին վախերով ուղղորդուիլ. իսկ մենք ոչ։

  3. Գոհար says:

    հարգելի Պ-ն Աբրահամյան ինչպես միշտ հիանալի եք վերլուծում։ Սեղմ եվ բովանդակալի։ Ցավոք որ այն ուղերձը որը Դուք հղում եք զանգվածը հասկանալով հանդերձ ՝թաթերի վրա՝ չի ուզում ընկնի։ Նեողամիտ եղեք խնդրում եմ կետադրական բոլոր թույլ տված օբյեկտիվ սխալներիս համար։

  4. Հարգելի Արամ,
    Նախորդ հոդվածում Դուք շրջանառության մեջ դրեցիք «չէր կարող խուսափել»-ը, շնորհելով Փաշինյանին ևս մեկ ձևակերպում «պարզամիտ խորամանկելու» համար:
    Մինչ Ձեր բերած պատմական միջանցքը բերում է թուրք իշխանավորի ու գերմանացի քահանայի զրույցի բովանդակությունը, այսօր դերերը կատարողները ոչ այնքան ալիև-երդողան-պուտին-միշել-… են այլ մեկ անձ` հայազգի Փաշինյանը, որը հարցականի տակ է դնում հայ ազգի ապագան մինչդեռ գոչելով «ապագա կա, կա ապագ»: Գործի էությունը սա է: Եվ այս իրավիճակում Ձեր «բացատրությունները»` առանց ապագայի համար արժեքավոր առաջարկությունների, նույնպես «համեմունքներ» են, վերցված իշխանական խոհանոցից, ի նպաստ անհայրենիք իշխանությունների: Հավաստիացնում եմ, որ Ձեր այս խորամանկությունը աչք է ծակում: ՔՊականները ԱԺ-ում արդեն սկսել են կողմնորոշվել… Հուսանք չարի ավարտը մոտ է:

  5. Լավատես says:

    Մենք մտնում են համաշխարհային սցենարի մեջ, իսկ այդ սցենարում ազգային պետություններ չկան, մեր քաղաքական գեներալները անցած պատերազմին են պատրաստվում, որը հանցավոր սխալ է: Այսօր աշխարհի ինքնահռչակ տերերն ամեն ինչ անում են պետություններն ու ժողովուրդները մասնատելու, իրարից բաժանելու համար, որ հետո հեշտությամբ վերացնեն, որոնք նրանց պատկերացմամբ ավելորդ բալաստ են: Բայց դրանք խփնված ղեկավարներ են, որոնք իրենց նման աննորմալների են նշանակում պետությունների գործող իշխանությունների ու գործող ընդդիմությունների գլխներին, այնպես որ այսօր բոլորը բոլորի դեմ են դուրս գալու, որ իրար հիմնահատակ ոչնչացնեն: Կինոն նոր է սկսվում: Իսկ կարո՞ղ ենք մենք լոկալ փրկվենք, այո՛ եւ դրա համար ընդամենը պետք է ստեղծել զուգահեռ ռեզերվ ազգային պետություն, որ երբ բոլոր պետությունները խորտակվեն գնան, մենք մեր նավակում փրկվենք: Մեր նոր պետությունը նոր հիմունքներով պետք է ձեւավորվի, այն է’ եթե հարեւանիդ հետ ռազմավարական դաշինքի մեջ չես, ուրեմն դուք իրար թշնամի եք, իսկ հարեւան թշնամին անհեթեթություն է եւ պատերազմ ես հայտարարում թշնամի հարեւանիդ, նրան պարտության մատնում եւ նրան ստիպում դառնալ քո ռազմավարական դաշնակիցը, հետո միացյալ ուժերով պատերազմում եք մյուս հարեւանների հետ եւ նրանց դարձնում դաշնակից: Հայ պետությունը’ դա հայ համայնքների ռազմավարական դաշինքն է, եթե որեւէ հայ համայնք չի ուզում մտնել հայ պետության մեջ, հարեւան դաշնակից հայ համայքները այդ հայ համայնքին պատերազմ են հայտարարում, պարտության մատնում եւ մցնում հայ պետության մեջ: Ով մեր դաշինքի մեջ չի, նա մեր թշնամին է: Չեզոք խաղաղ երջանիկ մանկական ժամանակներն անցան, հիմա կամ կամ է: Թե որքանով ասենք լոռեցիները շիրակցիների հետ դաշինք կկազմեն կամ արցախցիները’ երեւանցիների հետ, դրանից է կախված մյուս համայնքների հետագա անելիքները: Եկեք մեր ուշքն ու ժամանակը ծախսենք մեր նոր պետության արարման վրա եւ ավելորդ ժամանակ ու ուշադրություն չծախսենք մեր այսօրվա գործող կապիկների կապիկությունների վրա, որոնց դերը’ սեփական պետությունը վարկաբեկելն է ու ոչնչացնելը: Այդ կապիկության վարակը հիմա բոլոր պետություններում են տարածում: Մեր փրկությունը’ կամ Դաշինք կամ Պատերազմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031