Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորի տղաների լուսանկարներն էին դատական նիստերի դահլիճի աթոռներին

Մայիս 25,2022 12:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 12-ի որոշմամբ բավարարվել էր «Ցորի գործով» տուժող կողմի միջնորդությունը՝ գործի տարածքային ընդդատությունը փոփոխելու մասին, եւ գործի քննությունը հանձնվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատավորն է Ա. Գաբրիելյանը:

Մայիսի 20-ին «Ցորի գործով» ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին:

ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նիստը դեռ նոր էր սկսվել, երբ պարզվեց, որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը, չնայած դատախազն ասաց, թե ամբաստանյալը հրաժարվել է ստանալ՝ այն ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ:

Նիստերի դահլիճում տուժողների՝ Ցոր զորամասի տղաների լուսանկարներն էին:

Տուժողների իրավահաջորդները նկարները պարզել էին ամբաստանյալին, իսկ նրա պաշտպանը՝ Գոռ Գեւորգյանը, լրագրողներին ասաց. «Հատուկ նրա համար, որ նա կենդանի է մնացել, արժանանում է նման անարգանքի, իսկ թե ովքեր են իրական մեղավորները, չի ասվում»:

Մայոր Գեւորգ Գեւորգյանն ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից: Առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: Նրանք էին՝ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը:

Ռուզան ՄԻԱՆՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031