Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաբրյուսելյան ադրբեջանական մեղադրանքներ, հայկական չպատճառաբանված լավատեսություն

Մայիս 25,2022 12:00

Պաշտոնական Երեւանի համար առանցքային էին՝ ԼՂ-ի հայերի իրավունքները, անվտանգության խնդիրները եւ ԼՂ-ի կարգավիճակը, սակայն Ադրբեջանից դրական արձագանք չէր ստացվել:

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից առաջ մայիսի 18-ին Բրյուսելում կայացել էր Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն էր 2021թ. մարտի 1-ին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Գործընկերության խորհուրդը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եւ Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Արարատ Միրզոյանը Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ հանդես էր եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին: Նա նախ փաստել էր, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը եզակի հարթակ է, որտեղ ՀՀ-ն խորքային քննարկումներ է ունենում եւ մտքեր փոխանակում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի կոնկրետ ասպեկտներից մինչեւ տարածաշրջանային եւ քաղաքական հարցեր։ «Այսօր մենք կխոսենք նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման գործընթացի մասին: Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն: Այսօր կքննարկվեն նաեւ դեռեւս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ»,- հայտնել էր Միրզոյանը:

Միրզոյանին խնդրել էին պարզաբանել այն, որ պաշտոնական Երեւանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը եւ հարցրել էին՝ խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։ «Մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական եւ ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը եւ առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարեւոր է քննարկել իրավունքների եւ անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարեւոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը եւ մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»,- պատասխանել էր նա:

Հարցին՝ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման վերաբերյալ մայիսի 16-ին եւ 17-ին ծրագրված հանդիպումն ինչու չկայացավ, Միրզոյանը պատասխանել էր. «Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»:

Ավելի ուշ Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, Միրզոյանը նշել էր, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաեւ Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երեւանի առաջարկը: Նա միաժամանակ ակնարկել է, թե վաղ է հարցը վերջնականապես փակված համարել. «Մենք հրապարակել ենք խաղաղության գործընթացի մեր տեսլականը։ Ասել ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված դրույթներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, բայց այդ դրույթները չեն ներառում ակնկալվող խաղաղության համաձայնագրում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Մեզ համար առանցքային է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ, համապատասխանաբար, Ղարաբաղի կարգավիճակը: Մենք նաեւ կարծում ենք, որ կարեւոր է խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ համանախագահության մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»։

Թե ում կողմից են գործադրվում ջանքերը, եւ կա արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց՝ Արարատ Միրզոյանը չէր հստակեցրել։ Նա շեշտել էր՝ Երեւանը պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման, բայց դրա համար նաեւ մյուս կողմի համաձայնությունն է պետք.  «Ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը եւ հանձնառությունը՝ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերի հավանությունն է անհրաժեշտ»:

Հիշեցնենք, որ դեռ մոտ մեկ ամիս առաջ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։ Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել էին նաեւ մինչեւ ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցով։ Ապրիլն ավարտվեց, հայտնի էր, որ կողմերը համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը, սակայն կազմն ու օրակարգը չէր հրապարակվում։ «Ինչո՞ւ, ի՞նչն է խոչընդոտում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ», – «Ազատության» հարցին Միրզոյանն արձագանքել էր, թե կան անհամաձայնություններ, բայց թե ինչի շուրջ՝ չէր հստակեցրել։

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան վերջին հանդիպումից մի քանի օր առաջ Ալիեւը պնդեց, որ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երեւանի այդ քայլը Ադրբեջանի առաջնորդն անպատասխանատու էր որակել։ «Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները», -անցյալ շաբաթ Բաքվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսում ասել էր Ալիեւը՝ շարունակելով. «Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը եւ պատրաստ էր պատվիրակություն ուղարկելուն։ Դա հայկական կողմի հետ համաձայնեցված էր։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, եւ մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը»։ «Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է դարձյալ Հայաստանի կողմից մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի մերժումը», -նշել է Ալիեւը։ Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է սպասել Հայաստանից «աշխատանքի մեկնարկի որեւէ նոր ժամկետ»։ «Նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Այսպես, պաշտոնական Բաքուն Բրյուսելի հանդիպումից առաջ հստակ պաշտոնական Երեւանին ներկայացրեց որպես բանակցությունները, պայմանավորվածություններն արգելափակող, ապակառուցողական կողմ:

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը, սակայն մնացել էր անհայտ մի ուշագրավ հանգամանք. պաշտոնական Երեւանը հայտարարում էր, որ Հայաստանի համար առանցքային են՝ ԼՂ-ի հայերի իրավունքները, անվտանգության խնդիրները եւ ԼՂ-ի կարգավիճակը: Ադրբեջանից դրական արձագանքի բացակայության պայմաններում, իսկ մինչ բրյուսելյան հանդիպումը դա արձանագրվեց, ի՞նչ երաշխիքներով Երեւանը համաձայնեց բանակցել Բաքվի հետ, եթե ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը չի համաձայնում հայկական կողմի համար կարեւոր որոշ հարցերի շուրջ քննարկումներին:

Ադրբեջանի նախաբրյուսելյան մեղադրանքները եւ դրանց ի պատասխան հայկական չպատճառաբանված լավատեսությունը, մեղմ ասած, անհասկանալի է:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031