Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պարզ է՝ այստեղ հրեշտակներ են, այնտեղ՝ հրեշներ»

Մայիս 25,2022 13:30

Պոպուլիզմի միասնականությունն ու բազմազանությունը

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են իրար նման Դոնալդ Թրամփը եւ Բեռնի Սանդերսը: Թրամփը, որը պնդում էր, թե իբր իր երկրի խնդիրների մեծ մասը միգրանտների եւ մեքսիկացիների պատճառով է, եւ Սանդերսը, որն առաջարկում էր ԱՄՆ-ում համընդհանուր անվճար առողջապահական համակարգ ներմուծել: Դա ամերիկյան մշակույթի համար մոտավորապես նույնքան արտառոց է, որքան Հայաստանում, ասենք, միասեռական ամուսնությունների արտոնումը: Պատասխանը հայտնի է՝ երկուսն էլ պոպուլիստներ են, մեկը՝ «աջ», մյուսը «ձախ»: Նրանց համար ամեն ինչ պարզ էր՝ քշենք մեքսիկացիներին, կամ անվճար բուժենք բոլոր մարդկանց, եւ ամեն ինչ լավ կլինի: Պոպուլիզմն, այդպիսով, գաղափարախոսություն չի՝ դա գաղափարները մատուցելու ձեւ է, բայց, այնպես չէ, որ գաղափարների մեջ տարբերություն չկա: Եթե ես կանգնեի այս երկուսից մեկն ընտրելու անհրաժեշտության առաջ (եւ այլ տարբերակ չլիներ), ապա ես կնախատեսեի «ձախը», որտեղ գոնե տեսական խոստում կա լուծելու սոցիալական խնդիրները: Ի տարբերություն «աջի», որը, վերջին հաշվով, հիմնված է սեփական ազգի կամ ցեղի «բացառիկության» ցնորամիտ գաղափարի վրա:

Մեկնաբանություններ գրող իմ ընթերցողների մեծ մասը սովորաբար հենց  պոպուլիստական ձեւով են հարցը դնում՝ «ինչո՞ւ եք ամեն ինչ բարդացնում. այստեղ հրեշտակներ են, այնտեղ հրեշներ, առաջիններին պետք է խրախուսել, երկրորդներին՝ ոչնչացնել, ու ամեն ինչ իր տեղը կընկնի»: Այդ ընթերցողները պոպուլիզմի զոհ են, անկախ նրանից, թե ովքեր են նրանց կարծիքի վրա ազդել՝ իշխանությունը, թե ընդդիմությունը: Բայց երբ նման դատողություններ են անում մարդիկ, որոնք ներկայանում են որպես քաղաքագետ կամ փորձագետ, դա փոքր-ինչ արտառոց է: Ինձ թվում է, ոչ մի ոլորտի ոչ մի լուրջ մասնագետ կյանքի նման պարզունակ պատկեր չի կարող ներկայացնել՝ դա հակագիտական մոտեցում է: Քաղաքական գործիչները, այո, կարող են: Ընդ որում՝ ոչ միայն պոպուլիստները: Մի անգամ Ֆրանկլին Ռուզվելտն է կեսկատակ ասել՝ «ինձ պետք են մի ձեռք ունեցող տնտեսագետներ»: Դրանով նա իր բողոքն էր արտահայտում տնտեսագետներից, որոնք երկրի խնդիրները ներկայացնելով, ասում էին՝ «մի կողմից այսպես, մյուս կողմից՝ այնպես», «on the one hand… on the other hand…»:

Գիտնականը (կարծում եմ, նաեւ լրագրողը) պետք է հարցին մոտենա տարբեր կողմերից: Քաղաքական գործչից սովորաբար նման բարեխղճություն չի պահանջվում: Իսկ հատկապես պոպուլիստի համար ամեն ինչ պարզ է. «դու տառապում ես, սիրելի ժողովուրդ, ես էլ եմ քեզ նման տառապում, բայց դու, հպարտ քաղաքացի, դրանում մեղավոր չես, ես քեզ ցույց կտամ, թե որտեղ են մեղավորները, մենք միասին քոքահան կանենք այդ չարիքը, որից հետո կապրենք երկար եւ երջանիկ»:

20 եւ մասամբ 21-րդ դարի «ձախ» պոպուլիստների համար մեղավորը  «բուրժուազիան» էր, այնուհետեւ կենտրոնական թեման դարձավ բնապահպանությունը: Ամերիկացի ու եվրոպացի պոպուլիստները մեղավոր են նշանակել տարբեր տեսակի միգրանտներին, որոնք, ռուսերեն ասած, понаехали: Բրիտանացի եւ մի շարք եվրոպացի պոպուլիստներն իրենց ընտրազանգվածին համոզում են, որ չարիքի կենտրոնը եվրոպական, բրյուսելյան բյուրոկրատիան է, որը զրկում է նրանց ազգային ինքնիշխանությունից: Պուտինը, հատկապես 2011-12 թվականներից սկսած, չարիքը տեսնում էր Արեւմուտքում՝ իր խորթ արժեքներով, ինչպես նաեւ ռուսաստանցի «ոչ հայրենասեր» ինտելեկտուալների մեջ, որոնք, ի տարբերություն սովորական ժողովրդի, չեն հասկանում Ռուսաստանի յուրահատուկ առաքելությունը եւ «Երրորդ Հռոմ» լինելու հավակնությունը: Հայկական պոպուլիստները համոզել են մեր քաղաքացիների զգալի մասին, որ ամբողջ խնդիրը կոռուպցիան է, որ իբր հենց այդ պատճառով է, մասնավորապես, որ մենք չենք կարողացել դիմադրել թշնամուն պատերազմի ժամանակ: (Հետաքրքիր է, Ուկրաինայում կոռուպցիա չկա՞ր: Ի դեպ, երբ պատերազմն ավարտվի, հետաքրքիր կլինի վերլուծել, թե ինչպես են կոռումպացված չինովնիկները կանգնել հայրենիքի պաշտպանների շարքերում):

Այս բոլոր օրինակներից կարելի է անել որոշակի ընդհանրացումներ:

1/ Պոպուլիստները դիմում են ոչ թե մարդկանց մտածողության ունակությանը, այլ այն հուզերին, որոնք պետք է միավորեն իրենց թիրախային լսարանը: Այս պատճառով է, որ նրանց չի հետաքրքրում կարծիքների բազմազանությունը եւ կոնսենսուսը՝ կարեւոր է, որ մեծամասնությունը մտածի իրենց նման:

2/ Այդ հույզերը պետք է, լայն իմաստով, ուղղված լինեն ինչ-որ «թշնամու» դեմ: Ինչպես գրում էր գերմանացի փիլիսոփա Կարլ Շմիդտը, քաղաքականությունն ընդհանրապես պետք է դիտարկել որպես հատուկ տեսակի սոցիալական հարաբերություններ, որոնց հիմքում «բարեկամ-թշնամի» կամ «յուրային-օտար» հակադրությունն է: Պոպուլիզմի դեպքում այդ հակադրությունն առավել սրվում է. դու պետք է քեզ նույնականացնես առաջնորդի եւ համախոհների հուզական միասնության հետ՝ «օտարների» հանդեպ ատելության միջոցով:

3/ Պոպուլիստ լիդերը մշտապես հակադրում է վերնախավը («էլիտան») եւ «հասարակ» ժողովրդին, որի անբաժանելի մասն է կազմում ինքը՝ առաջնորդը (վերջերս առիթ եմ ունեցել դրա մասին գրելու): Ընդ որում, վերնախավի մեջ կարող են մտնել բոլորը՝ միջին բյուրոկրատիան, բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանը, կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը եւ այլն: Բայց վերնախավի «ամենաթունավոր» մասը, ըստ պոպուլիստների, ինտելեկտուալներն են, մտավորականները: «Մենք ձեր համալսարանները չենք ավարտել», – հպարտությամբ ասում էին բոլշեւիկ-կոմիսարները: «Մեր քարոզչության գլխավոր թշնամին մտավորականներն են», – գրում էր դոկտոր Գեբելսը:

4/  Պոպուլիստական կուսակցությունները սովորաբար ընտրում են մեկ թեմա, եւ իրենց ամբողջ պատումները կառուցում են դրա շուրջ: «Խարտոցի անեկդոտի» յուրահատուկ քաղաքական արտահայտությունն է: Կա մի չարիք՝ «կոռուպցիա», «միգրանտներ», «բուրժուազիա» եւ այլն, իսկ մնացածը ածանցյալ է. եթե այդ՝ մեկ հարցը լուծվի, ապա դրանից հետ մնացած հարցերը ինքնաբերաբար կկարգավորվեն: Դարձյալ ամեն ինչ պարզունակ ներկայացնելու ձգտման դրսեւորում է:

Ամբողջ ցավն այն է, որ կայացած պետություններում պոպուլիզմն այնքան էլ վտանգավոր չէ: Եթե երկրի ղեկավարը (ենթադրենք, Թրամփը) պոպուլիստ է, ապա նա, միեւնույն է, չի կարող իրականացնել իր խելահեղ գաղափարները՝ համակարգը թույլ չի տա, նման ծրագրերը բազմաթիվ եւ բազմակողմանի արգելքների կհանդիպեն: Չկայացած պետություններում իրավիճակն այդպիսին չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    To sum it up, I also think that reading (or roughly/quickly revisiting) Orwell’s Animal Farm once a decade, would be a good exercise for every citizen. Its advantage – with respect to deeper and scholarly studies – is that it is a short and easy to read/understand book that clearly transmits the metaphorical warnings pertaining to populism and failed revolutions.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031