Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան. «Եթե թողնես Արցախը Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ թողնում ես, որ հերթական ցեղասպանությունն իրականանա»

Մայիս 24,2022 23:10

«Դիմադրության շարժման» անհնազանդության երթի մասնակիցներն այսօր առավոտյան մի քանի ժամով արգելափակել էին ԱԳՆ եւ մի քանի այլ նախարարությունների մուտքերն ու ելքերը:

Այդ ընթացքում խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները մտան ԱԳՆ եւ հանդիպեցին երկու փոխնախարարների հետ:

Aravot.am-ի խնդրանքով պատգամավոր Աննա Գրիգորյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել ներսում: «Հաշվի առնելով, որ ընդամենը մեկ օր առաջ Բրյուսելում Շառլ Միշելի հրապարակած հայտարարությունում արձանագրված են իրողություններ, որոնք մեր երկրի եւ Արցախի շահերից չեն բխում, մենք գնացինք արտաքին քաղաքական գերատեսչություն, որն արտաքին քաղաքականության իրականացման հիմնական պատասխանատուն է՝ եւս մեկ անգամ հստակ ասելու, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, եւ որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա սովորական կամակորություն չէ, այլ հստակ գիտակցում առ այն, որ եթե դու թողնես Արցախն Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ դու թողնում ես, որ հերթական  ցեղասպանությունը իրականանա: Մենք գնացել էինք այդ մեսիջով:

Հասկանալի է, որ Արարատ Միրզոյանն այնտեղ չէր: Այնտեղ էին փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Վահե Գեւորգյանը, որոնք պրոֆեսիոնալ մասնագետներ են, կադրային դիվանագետներ: Մենք հիմա էլ իրենց ուղղակի հորդորում ենք չտրվել այն քաղաքականությանը,  որն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա խամաճիկ Արարատ Միրզոյանի կողմից եւ միանալ ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը պահանջում է, որ մեր երկրի շահերը հաշվի առնվեն:

Ես վստահ եմ, որ ԱԳՆ-ում աշխատում են բազմաթիվ հայրենասեր եւ պետությանն ու պետականությանը նվիրված անհատներ: Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում հո միայն լիլիթմակունցները, վաղարշակհարությունյաններն եւ վլադիմիրկարապետյանները չեն:

Արարատ Միրզոյանը այնտեղ է հայտնվել, որպեսզի քաղաքական պատասխանատվությունը կիսի, ֆուտլյար է, որը պետք է թելադրվածը կատարի: Բայց այնտեղ կային մարդիկ՝ նախկին նախարար Արա Այվազյանը եւ փոխնախարարներ, որոնք նախորդ տարի հրաժարականներ ներկայացրեցին, երբ հասկացան, որ երկիրն այլ ուղով է գնում հենց սահմանագծման գործընթացների համատեքստում:

Ես պետք է ցավով ասեմ, որ երկու փոխնախարարներն էլ հրաժարվեցին իմ գործընկերների լայվում հստակ ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:  Գիտե՞ք, տպավորությունն այնպիսին էր, որ իրենք կիսում են մեր կարծիքը: Վահե Գեւորգյանը մինչեւ խցիկները  կֆիքսեին, ինձ շատ հստակ ասաց, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել ու գոյատեւել ադրբեջանական վերահսկողության ներքո: Ես խնդրեցի, որ նույնը կրկնի իմ գործընկերների ներկայությամբ հեռախոսների առջեւ, կարծես թե չստացվեց: Այսինքն, հոգեբանական որոշակի պատնեշ կա՝ հաշվի առնելով, թե ովքեր են այսօրվա ղեկավարները:

Իհարկե, բրյուսելյան հայտարարությունը շատ հստակ է դնում, որ սրանք արդեն ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, չկա իրենց համար Լեռնային Ղարաբաղ, կա Ադրբեջանի հայտարարած Ղարաբաղի շրջան: Ընդունում են, որ չկա առանձին Արցախի ժողովուրդ, այլ կա էթնիկ հայ փոքրամասնություն: Ուղղակի հիմա պետք է ժողովրդին ավելի հստակ՝ կետ առ կետ բացատրել, թե ինչ է գրված, որպեսզի կարողանանք հանրային ավելի մեծ համախմբում ապահովել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031