Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչն է մեզ պահում Արցախում՝ պատերազմից հետո»

Մայիս 24,2022 22:02

Ֆինանսիստ-տնտեսագետ, Արցախի պետական համալսարանի դասախոս, «Ապագա հայկականը» արցախյան ֆորումի մասնակից Միհրան Թադեւոսյանի կարծիքով, հաշվի առնելով 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները, Արցախում դեմոգրաֆիական խնդիրներն ավելի սուր են այսօր: Նաեւ այս առումով, նա ոգեւորված է «Ապագա հայկականը» ֆորումի քննարկումներով:

Ֆորումը, հիշեցնենք, տեղի ունեցավ մայիսի 22-ին, Ստեփանակերտում: Ֆորումի քննարկումների թեման դեմոգրաֆիական խնդիրներն էին:

Միհրան Թադեւոսյանը

Ֆինանսիստ-տնտեսագետը Արցախում, հատկապես այսօր, հավասար հնարավորությունների առկայությունը, ներառականության ապահովումը՝ բոլոր ոլորտներում՝ կլինի տնտեսական աճի, դրա արդարացի բաշխման եւ այլն, կարեւոր հանգամանք է համարում: Ինչ վերաբերվում է բուն դեմոգրաֆիական խնդիրներին, Միհրան Թադեւոսյանն Արցախում մեխանիկական աճի խրախուսումն է կարեւոր համարում, մասնավորաբար, սփյուռքահայության եւ հայաստանցիների համար այնպիսի սոցիալ-տնտեսական, բնակարանային պայմանների ապահովում, որը կբերի ներհոսքի, քանի որ միայն բնական աճով դժվար է հասնել այն ցուցանիշներին, որոնք նպատակային են:

Այս առումով, զրուցակիցս ազգային ծրագրի առկայությունն է կարեւորում, քանի որ այն արտացոլելու է նպատակադրումը եւ դրան հասնելու ճանապարհները: Զուգահեռաբար, նաեւ ինքնության ճանաչման խնդիրները պետք է առաջ մղվեն. «Այստեղ 3000-ամյա պատմություն կա, հայի գործունեություն կա, հետեւանքներ կան, որոնք միանշանակ մեծ օգուտ են տալու մեր հայրենակիցներին»: Զրուցակիցս կարեւորում է նաեւ բիզնես-հետաքրքրությունների առկայությունը եւ նշում, որ Արցախում այսօր հարկային բավական լավ պայմաններ կան, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ներդրումներ անելու, եկամուտ ստանալու՝ զարգացնելու եւ զարգանալու: Ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում, ֆորումի քննարկումները, առկա տեսլականները, ըստ նրա, միանշանակ հնարավոր է, որ իրականություն դառնան:

Նելլի Բաղդասարյանը

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը նկատում է. «Որեւէ դեպքում թող թյուր տպավորություն չստեղծվի, որ Արցախում ժողովրդագրական ճգնաժամ կա: Արցախում ժողովրդագրական ճգնաժամ չկա: Պարզապես, հետհակամարտային իրողություններով պայմանավորված, կան բնականոն զարգացումներ»: Ուստի, ֆորումը նա կարեւորում է հետեւյալ հարթությունում՝ ինչպե՞ս որոշակիորեն մեղմել այդ բնականոն զարգացումները: Քննարկումներից նա առանձնացնում է որակյալ ժողովրդագրության հետ կապված առաջարկները, մասնավորաբար, որակյալ ժողովրդագրության խթանման գործում պետության դերի մասին:

Զրուցակիցս մանրամասնում է. «Առանձնացվեցին անվտանգային խնդիրները, մասնավորաբար, թե ինչպե՞ս կարող են այդ խնդիրների լուծումները նպաստել ժողովրդագրությանը: Խոսեցինք հատկապես ցանցային հոգեբանության աշխատանքի կարեւորության մասին: Ինքս կարեւորում եմ նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը: Տեղեկատվական առումով, բավական լուրջ խնդիր կա, քանի որ վերջերս մի քանի իրողությունների բախվել ենք. խոսվում է Արցախի բնակչության տարբեր թվերի մասին, ինչը լուրջ տեղեկատվական խնդիր է: Արցախն ունի 150 հազար բնակչություն, եւ եթե այս պահին 30 հազար արցախցի ապրում է ՀՀ-ում, այդ բնակչությունը չի դադարում լինել Արցախի Հանրապետության բնակչություն: Առաջին իսկ հնարավորության, նրանց համար պայմաններ ստեղծելու դեպքում, նրանք վերադառնալու են, մեծամասնության մոտ կա վերադարձի պատրաստակամությունը. այս ամենի ներկայացման հարցում է, որ ԶԼՄ-ները մեծ անելիք ունեն»:

Հնարավո՞ր է քննարկումների արդյունքներն առարկայական դառնան՝ հարցին, զրուցակիցս պատասխանում է. «Միանշանակ՝ այո, որովհետեւ, որքանով ես եմ տիրապետում, պատրաստվում է ժողովրդագրության պետական ռազմավարություն եւ, կարծում եմ, որ բոլոր հնչեցված առաջարկներն անպայմանորեն քննարկվելու են ու իրենց տեղն են գտնելու ռազմավարության մեջ: Ֆորումի արդյունքները մեծապես նպաստելու են ծրագրի մշակմանը»:

Գոհար Գրիգորյանը

Մարտունու սոցիալ հոգեբանական կենտրոնի աշխատակից, մասնագիտությամբ հոգեբան Գոհար Գրիգորյանի հետ զրույցում նկատեցինք, որ 44-օրյա պատերազմից հետո, Մարտունու շրջանի շատ գյուղեր սահմանամերձ են դարձել, ու ժողովրդագրական հարցերը ակնառու են ամեն քայլափոխի: «Ի՞նչն է մեզ ետ բերել պատերազմից հետո, եւ ի՞նչն է մեզ պահում Արցախում. անկախ նրանից, որ անվտանգության երաշխիքներ չկան, որակյալ ենթակառուցվածքներ չկան, կրթություն, առողջապահություն՝ ոչ մի բաղադրիչ ապահովված չի… շատերիս մեր երեխաներն են ետ բերել այստեղ՝ մեր բակը լավագույնն է, ես մեր բակից հեռու չեմ կարող ապրել»,- իր մտորումներով, զգացողություններով եւ դատողություններով կիսվեց Գոհարը, նա դրանք նաեւ քննարկումների ժամանակ է բարձրաձայնել:

«Պատերազմից հետո, ինձ թվում էր, որ Արցախ ետ կգան մարդիկ՝ գաղափարական հիմքերով: Ես մեծ հույս ունեի, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կհամախմբվեն գաղափարի շուրջ, որ Արցախը մեր վերջին 100 տարիների ձեռքբերումն է եղել, եւ, կորցնելով այն, մենք կկորցնենք մեր ինքնությունը: Բայց, ցավոք, հիմա նաեւ պետք է արձանագրենք, որ նյութական ապահովվածություն ունենալու համար են ետ գալիս Արցախ, որովհետեւ այստեղ դեռ շարունակում են պետական աջակցություններ տրամադրել, սոցիալական վճարներ վճարել. սա էլ կա: Հույս ունեմ, որ մարդիկ գաղափարական հողի վրա էլ ետ կգան»,- ասաց զրուցակիցս:

Վարդան Մարաշլյանը

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Մարաշլյանն, ի դեպ, հենց այն մարդկանցից է, որ Արցախի նկատմամբ «գաղափարական» մոտեցում ունի, մանավանդ, 44-օրյա պատերազմից հետո: Վարդան Մարաշլյանի ընտանիքին պատկանող «Մարաշլյան» ֆոտոստուդիան Արցախում հիմնադրվեց պատերազմից անմիջապես հետո: Այդ ներդրումը տնտեսական շահ չի հետապնդում, բայց հոգեբանական լուրջ ազդեցություն է ունենալու. համենայնդեպս, հիմնադիրները դրանում համոզված են: Նաեւ սոցիալական բաղադրիչ էլ կա՝ երեխաների հետ աշխատանք՝ իրենց ինքնությունն ավելի լավ հասկանալու եւ պատկերացնելու համար:

«Ապագա հայկականը» ֆորումի քննարկումներում Վարդան Մարաշլյանն այս պահին կարեւոր է համարում հասարակության տարբեր շերտերի հետ խոսակցությունները՝ Արցախում եւ Արցախից դուրս, հասկանալու համար խնդիրները, դրանք լուծելու ուղղությունները, գործիքները՝ պետության եւ Սփյուռքի անելիքները գույքագրելը. «Օրինակ, ծնելիությունն ինչպե՞ս է ընկալվում ընտանիքում. իբրեւ սոցիալական աջակցության միջո՞ց, թե՞ ընտանիքները գիտակցում են յուրաքանչյուր երեխայի գոյությունը, նրա կրթական, սոցիալական վիճակի ապահովումը, զարգանալու հեռանկարները»: Նա հույս ունի, որ ֆորումի  քննարկումները միս ու արյուն կստանան, մանավանդ, խնդիրներով մտահոգ, լուրջ գործողությունների անցնելու պատրաստ մարդիկ շատ կան, պարզապես համապատասխան միջավայր է պետք:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031