Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 18:00-ին Երեւանում Սասունցի Դավթի արձանի մոտ «Դիմադրության շարժման» հրավիրած անհնազանդության հանրահավաքը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Չնայած անձրեւին՝ կայարանամերձ հրապարակն աստիճանաբար լցվում էր:
Դիմելով հանրությանը՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Սիրելի հայրենակիցներ: Այսօրվա մեր գլխավոր թեման դավաճանի երեկվա բրյուսելյան հանդիպումն է: Մենք վաղուց արդեն որեւէ դրական ակնկալիք չունենք: Որեւէ հակահայ պայմանավորվածություն մեզ այլեւս որեւէ կերպ չի զարմացնում: Եվ մենք ասել ենք. ստեղծված իրավիճակի մեկ հիմնական լուծում կա՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից:
Սիրելի հայրենակիցներ: Իրավիճակը հետեւյալն է: Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է: Շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե՝ փաստաթղթավորել: Շտապում են, որովհետեւ գիտեն, երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ինչին շատ չի մնացել, այլեւս այն ծրագրերը, որոնք դրված են իրենց առջեւ, չեն կարողանալու ավարտին հասցնել:
Անկախ եղանակային պայմաններից, բոլոր ճնշումներից, առավոտվանից մեր պայքարի բազմաթիվ ընկերների բնակարաններում խուզարկություններից, մենք ինչպես սկսել ենք այս պայքարը, այդպես էլ հետեւողականորեն, քայլ առ քայլ, օրեցօր ուժեղանալով, գնալու ենք առաջ, ու այս պայքարը կհասցնենք հաղթական ավարտին»:
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը դիմեց ժողովրդին՝ ասելով, որ չնայած անձրեւային եղանակին, պլանավորել են երթ անել: Եվ, ստանալով հանրության համաձայնությունը, բազմությունը ուղղություն վերցրեց դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ