Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաների միավորման մասին նախագիծն ավագանին ընդունեց․ դրանք պարտքեր ունեն, նեղ մասնագիտական կաբինետները չեն գործում

Մայիս 24,2022 20:42

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանին հաստատեց մի շարք պոլիկլինիկաների վերակազմակերպման եւ այլ պոլիկլինիկաներին միավորելու մասին նախագիծը։

Հիշեցնենք, որ առաջարկվում է «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ները վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 4 պոլիկլինիկային», «Արաբկիր մանկական պոլիկլինիկան» վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին, «Սարի Թաղ» պոլիկլինիկան» վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 17 պոլիկլինիկային», «Նորագավիթ պոլիկլինիկան» վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 13 պոլիկլինիկային», «Նուբարաշեն» պոլիկլինիկան» վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արեշ» պոլիկլինիկային»։

Նախագիծը ներկայացնող Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն (լուսանկարում) ասաց, որ նշված պոլիկլինիկաներում որոշ, բայց կարեւոր նեղ մասնագիտական ծառայություններ  չեն մատուցվում։

Օրինակ, ըստ փոխքաղաքապետի, այդ պոլիկլինիկաները փոքր են, նեղ մասնագիտական կաբինետների եւ միջին բուժանձնակազմի դրույքները 0,25-0,75 դրույք են, աշխատանքային ժամը՝ օրական միջինը երեք ժամ, եւ  քաղաքացին ստիպված է լինում մեկից ավելի անգամ այցելել,  նեղ մասնագիտական որոշ կաբինետներ գործում են շաբաթը մեկ կամ երկու օր կամ ընդհանրապես չեն գործում։

«Նորագավիթ» պոլիկլինիկայում չեն գործում դիսպանսեր,  ուռուցքաբանական, ինֆեկցիոն կաբինետներ, մանկական եւ մեծահասակների սրտաբանական, քիթ- կոկորդ -ականջաբանի կաբինետներ։ Այսպիսի խնդիրներ նաեւ նշված այլ պոլիկլինիկաներում են առկա։

Սիմոնյանն ասաց, որ խնդիրներն առաջնահերթ պայմանավորված են  աշխատավարձի մեծությամբ,  որը նաեւ հետեւանք է պոլիկլինիկայի փոքր չափերի։ Ըստ փոխքաղաքաետի՝ նշված պոլիկլինիկաներում մանկական բնակչությանը սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի բժշկի ամսական միջին աշխատավարձը կազմում է 78 հազար դրամ,  բուժքույրինը՝ 40 հազար դրամ․«Ամաչում եմ այս թվեը կարդալիս։ Մեծահասակների բժշկի աշխատավարձը կազմում է 86 հազար դրամ,  բուժքույրինը՝ 44 հազար դրամ»։

Նախագծի զեկուցմանը զուգահեռ ցուցադրվում էր տեսանյութ, որտեղ երեւում էր այս վերակազմակերպվող պոլիկլինիկաների անբարենպաստ վիճակը։

Գեւորգ Սիմոնյանը նաեւ ասաց, որ օրինակ՝ թիվ 1  պոլիկլինիկային կցագրված հղիներն ուղեգրվում են այլ բուժհաստատություն՝ անհրաժեշտ  դժվարամատչելի անալիզներ հանձնելու համար, համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով։ Բացի այս, նշված պոլիկլինիկաներին կցագրված բնակիչների թիվը վերջին հինգ տարում գնալով նվազում է,  քանի որ, ինչպես Սիմոնյանը պարզաբանեց, ծառայությունների ծավալը  բավարար չէ․«Եթե այս պահին այս խնդիրը չլուծենք, ապա մի քանի տարի հետո ավելի վատ վիճակում ենք հայտնվելու»։

Այս պոլիկլինիկաները նաեւ ֆինանսական խնդիրներ ունեն՝ անբավարար ֆինանսական միջոցներ, բյուջեի ճեղքվածք, կուտակված պարտքեր։ «Այս առողջացման շնորհիվ, հույս ունենք, պարտքերը կմարվեն։ Ունենք պոլիկլինիկաներ, որտեղ աշխատավարձերի պարտքեր կան կուտակված, ամիսներով աշխատավարձ չեն ստանում»։

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց․«Այն, ինչ մեզ ներկայացվում է, փաստում է, կոպիտ ասած, որ պետությունը ձեռքերը լվանում է պոլիկլինիկաներից եւ ասում է, որ ուզում է տեսնել այնպիսի պոլիկլինիկաներ, որոնք ի վիճակի են ֆինանսապես իրենց պահել եւ լավ ծառայություններ ապահովել։ Իմ նորակոչիկ տղան այցելել է Մարգարյան հիվանդանոցի մոտի պոլիկլինիկա, կրկին երեք անգամ գնացել է , որ աչքի բժիշկը տեղում լինի։ Դա համատարած բոլոր պոլիկլինիկաներում է։ Բժիշկներն ասում են՝ նախարարությունից են կրճատել հաստիքները։ Ասացիք՝ կարիքները գնահատել եք։ Արդյոք բնակիչների կարիքնե՞րն էլ եք գնահատել։ Օրինակ՝ բնակության եւ պոլիկլինիկայի միջեւ հեռավորությունը,  մոտ լինելը բնակության վայրին»։

Գեւորգ Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ իր զեկույցի մեծ մասն ուղղված էր նրան, թե սա ինչ առողջապահական խնդիր է լուծում, եւ  առողջապահական ծառայությունների մատչելիության եւ որակի գնահատում է կատարվել։

«Հասանելիության մասին ձեր մտահոգությունը կկիսեմ, թերեւս, թեվ 1  պոլիկլինիկայի մասով, բայց շատ մեծ վերապահումներով, որովհետեւ այնտեղ հիմա փոքր պոլիկլինիկա է՝  մեծ պարտքեր ունի, վատ վիճակում է։ Փոփոխության  արդունքներով, այն բնակիչները,  որոնք հինգ րոպեում պիտի հասնեին,  հիմա 7-8 րոպեում կհասնեն։ Մի քանի րոպե ավել քայլելով անհամեմատ լավ օգուտներ կստանան»։

Ի պատասխան «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանի հարցադրմանը՝ պոլիկլինիկաները փակում եք, է, հետո՞, փոխքաղաքապետը պարզաբանեց՝ պոլիկլինիկաներ չենք փակում․«Մենք վերակազմավորում ենք անում, որից հետո քննարկելու ենք ծառայությունների տեղափոխման նպատակահարմարությունը, միգուցե նպատակահարմար չլինի, չտեղափոխենք»։

Ինչ վերաբերում է Խաչատրյանի այն որակմանը, որ Գեւորգ Սիմոնյանն իր նախկին աշխատավայրի (առողջապահության փոխնախարար է եղել- Ն․Բ․) «ժանտախտային» գործելաոճը չբերի քաղաքապետարան,  ապա Սիմոնյանն ասաց․«Եղել են կազմակերպություններ, որոնք լուծարվել են, ես համարում եմ ճիշտ, եթե լիներ հնարավորություն, էլի որոշ դեպքերում կողմ կքվեարկեի։ Խնդրում եմ՝ օրինակ բերեք, որտեղ ազգաբնակչությունը տուժել է»։

Կոնդի բնակիչների համար պոլիկլինիկայի հասանելիության մասին էլ Սիմոնյանն ի պատասխան հարց ուղղեց Խաչատրյանին՝ Լեոյի պոլիկլինիկան միայն մեծահասակներին է սպասարկում, մանկահասակները որտե՞ղ են սպասարկվում։ «Մանկահասակներին ծնողներն են տանում, որոնք երիտասարդ են»,-ասաց Խաչատրյանը։ Սիմոնյանն էլ նշեց՝ մեծահասակին էլ իր զավակը կարող է տանել։ Իսկ եթե չունի, ապա, ինչպես փոխքաղաքապետն ասաց՝ կա ընտանեկան բժշկի կանչի ծառայություն․«Լավ, վատ, կատարում են պոլիկլինիկաները, պետք է այնպես անենք, որ ավելի լավ կատարեն։ Եթե տեղաշարժի խնդիր կա, թող բժշկի կանչ անեն»։

Ի վերջո նախագիծն ընդունվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031