«Մի տարբերակ է մնացել, որ բերենք նկարով այստեղ ցույց տանք, որ ավտոբուսների վարորդները ծխում են, հեռախոսով խոսում են, քաղաքացիներից գումար են շորթում։ Դա հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը։
Նա ասաց, որ մինչեւ ավտոբուսներում տեսախցիկների գործելը, պետք է կամք դրսեւորել, եւ նման բան թույլ չտալ․«Եթե ղեկավարը կամք ունենա՝ այդ երեւույթը կարող է արագ վերացնել։ Համատարած է, գրեթե բոլոր վարորդները քաղաքացիներից գումարը վերցնում են, դնում իրենց գրպանը։ Եթե այս գումարը բազմապատկենք, մեծ գումար է դառնում»։
Զաքարյանը՝ որպես իր խոսքի ապացույց, ներկայացրեց ավտոբուսի սարքերի ցուցանիշները, որտեղ գումար է նետվում։ «Սարքի վրա ցույց է տալիս քանի հատ հարյուր դրամանոց ես գցել։ Երեկոյան ժամին ցույց էր տալիս 450-500 հատ, հիմա ցույց է տալիս 100 քանի հատ։ Միայն դրանով կարելի է հասկանալ, որ գումար են վերցնում։ Ես հակված եմ մտածել, որ հրահանգված է, որ բոլորն անեն, հակառակ դեպքում այդ թիվը չէր աճի։ Երեկոյան ժամերին ավտոբուսները քիչ են»,-ասաց Զաքարյանը։
Նա այլ խնդիրներ էլ նշեց՝ չորս տարի է, բնաբաժակները դատարկ են, որտե՞ղ են այդ ծառերը տնկվում, կամ՝ շինարարության արդյունքում մայթը նեղացել է, որովհետեւ կառուցապատողին այդպես է պետք եղել, ոչ ոք չի վերահսկել, կամ՝ Կանազ մշակույթի տան շենքն ինչո՞ւ են անհատույց տվել ու այդտեղ ոչինչ չի արվում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ