Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը». Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Մայիս 24,2022 18:34

Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:

Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:

Եվրոպայի խորհրդի նախագահի դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:

Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:

 

ք. Ստեփանակերտ

24 մայիսի, 2022թ.

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031