«Այսօր թալանի փրկության շարժման մի շարք ակտիվիստներ, որոնք համատեղության կարգով նաեւ դեռ պատգամավորի մանդատ կրողներ են, օգտվելով մանդատի ընձեռած՝ պետական կառույցներ անարգել մուտք գործելու հնարավորությունից, ասպատակել են ԱԳՆ-ն, մտել աշխատանքը բարեխղճորեն կատարող պետական ծառայողների սենյակներ, վանկարկել իրենց մտահորիզոնի սահմաններին համապատասխան կոչեր, զբաղվել անպտուղ զբաղմունքով՝ դրոշազետեղմամբ, այդ թվում՝ մարդկանց վրա», – ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման այսօրվա գործողություններին, որոնց ժամանակ ԱԳ փոխնախարարը հրաժարվել էր արտաբերել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Կարելի է ասել՝ պատանդառել էին ԱԳ նախարարի տեղակալին, մի քանի տեսախցիկով նկարելով նրան՝ ստիպում էին հանդես գալ կոչերով։ Այս բացառիկ հայրենանվեր գործողություններում ակտիվ էր մի օրիորդ, որն իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել միայն ԱԺ նիստերի դահլիճում ներքնաշորի թափահարմամբ եւ ԱԺ կից փողոցում նորածին երեխային կերակրել շտապող կին պատգամավորի վրա հարձակմամբ», – նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասաց Ջուլհակյանը։
Ըստ նրա՝ ընդդիմության այսօրվա գործողություններն ահաբեկչական խմբակներին են հատուկ․ «Քաղաքականությունը ձերը չէ, ձերը թալանն է, խուլիգանությունը, ահաբեկչությունը։ Եթե այդքան քաջ եք, վերադարձեք ԱԺ, եկեք տեսնենք՝ ո՞վ եք ու ինչի՞ եք ունակ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ