Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն անդրադարձավ նիստի օրակարգից հանված 15-րդ հարցին։ Հարցը վերաբերում էր հողի նպատակային նշանակության փոփոխությանը, եւ ինչպես Վարդանյանը ներկայացրեց՝ առաջարկվում էր բուֆերային գոտում գտնվող հողատարածքը դարձնել արտադրական։ Ըստ նախագծի, Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով Ն. Չարբախ փողոցի հ.43 հասցեում գտնվող հողամասը անցումային-բուֆերային գոտում է, առաջարկվում է Ն. Չարբախ փողոցի հ.43 հասցեում գտնվող ղ 4972.74քմ հողամասի նշանակությունը փոխել արտադրականի՝ անասնաշենքի կառուցման նպատակով:
Նուարդ Վարդանյանն ասաց, որ արդեն 2017-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ, ըստ Վարդանյանի, օրենքի խախտումով, տրվել էր շինթույլտվություն՝ անասնագոմ կառուցելու․ «Մեր հանձնաժողովը բացասական եզրակացություն է տրվել, եւ գործադիրի հետ որոշեցինք հանել օրակարգից։ Դիմում եմ իրավապահ մարմիններին, որ իրենց ուշադրության տակ վերցնեն այս հարցը եւ պարզեն, թե ինչպե՞ս է ստացվել, որ առանց հողի նպատակային փոփոխության՝ Տարոն Մարգարյանը տվել է անասնագոմ կառուցելու շինթույլտվություն»։
Վարդանյանն անդրադառնալով, իր խոսքով՝ քաղաքային մշակույթ մտածողությանն, ասաց՝ էսպե՞ս են սիրում քաղաքը․ «Էդ բարձր խոսքերը հրապարակից, որ չգիտեմ՝ ելույթ են ունենում, ասում են՝ Երեւանը սիրում են, ինչպե՞ս են Երեւանը սիրում, մայրաքաղաքը դարձնելով գո՞մ։ Ապշած եմ, մնացածը թողնում եմ երեւանցիներին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ