Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ կհատկացվի․ նախագծման մրցույթը շահել է ռուսական ընկերությունը

Մայիս 24,2022 15:26

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար քաղաքապետարանի պահուստային ֆոնդից 554 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում։

ԲՀԿ-ից Մարկոս Հարությունյանն ասաց՝ շատ լավ հասկանում ենք, թե ինչի համար այս քաղաքական ֆոնին որոշեցինք Աջափնյակ մետրոյի թեման քննարկեք, ապա հարցրեց՝ նոր կայարանը ե՞րբ է կառուցվելու, եւ ե՞րբ կարող են բնակիչներն օգտվել նոր կայարանից։

Նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ քաղաքապետը ընդմիջումից հետո կմիանա նիստին եւ մանրամասները կներկայացնի, իսկ կայարանի շահագործման հանձնելու ժամկետները կախված կլինեն շինարարական աշխատանքների ծավալից, հատկացված միջոցները կուղղվեն աշխատանքների առաջին փուլի ֆինանսավորմանը։

Նա ասաց, որ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման մրցույթը շահել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, խնդրել են, որպեսզի սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտեն։

Դեռ ապրիլի 28-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր՝ մտնում ենք մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլ, կառավարությունը մի քրեական գործով վնասի փոխհատուցման գումարը կուղղի այս ծրագրին։

Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը ավագանու նիստում այսօր նշեց՝ մրցույթին մասնակցել են ե՛ւ եվրոպական, ե՛ւ ռուսական ընկերություններ, որի արդյունքում համապատասխան մրցակցային գինն է ձեւավորվել․ «Գինը ձեւավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում, նորմալ գին է»։

Նա ասաց, որ Աջափնյակ կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմում է ընդհանուր 1 մլրդ 848մլն դրամ, մոտ 3,7մլն դոլար։ «Նախատեսվում է կառուցել շատ բարդ ինժեներական կառույց, որը նախագծելը տեւելու է մեկ տարուց ավելի։ Սա շինարարական եւ ինժեներական աշխատանքների ամենապատասխանատու եւ ամենածանր հատվածն է։ Նման գումարները նման մեծ ծրագրերի համար շատ չեն։ Շինարարության արժեքը կկարողանանք հստակ ասել նախագծից հետո։ Տարբեր գնահատականներով՝ շինարարության արժեքը 30-ից 100 մլն դոլար է։ Որպես միջինացված թիվ կարող եմ ասել, որ մետրոյի 1 կիլոմետր գիծ կառուցելու միջին արժեքն աշխարհում մոտ 100 մլն դոլար է՝ եթե մետրոն կառուցվում է թունելներով։ Խնդրում եմ չշահարկել գները, որովհետեւ գործում են բաց, թափանցիկ ընթացակարգեր եւ մեծ ենթակառուցվածքային պրոյեկտների մեջ գնային որեւէ խնդիր չի կարող առաջանալ, քանի որ մրցույթները լինում են միջազգային, եւ միջազգային բոլոր խոշոր ընկերությունները ուշադրություն են դարձնում նման պրոյեկտների վրա։ Այստեղ գերագնահատված շինարարության մասին խոսք չի կարող գնալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031