Այսօր առավոտյան՝ ժամը 6․30-ի սահմաններում, տեղի ու մայրաքաղաքի ոստիկանության մի քանի աշխատակիցներ՝ մոտ 8 հոգի, թակել են գյումրեցի ՀՀԿ-ականներից մի քանիսի տան դռները, արթնացրել քնից ու սկսել են խուզարկել բնակարանները։
Նրանք թմրանյութ են փնտրել՝ ցույց տալով դատարանի թույլտվությունը` խուզարկություն անցկացնելու, որը կապված է թմրամիջոցների շրջանառությանն առնչվող մի քրգործի հետ։ Սակայն ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Գյումրիի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը։
«Այնպիսի մարդկանց տներ են խուզարկել, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում և թմրամիջոցների շրջանառության հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Սա քաղաքական հետապնդում է, վախեցնելու մեթոդներ են կիրառվում։
Կարդացեք նաև
Ինձ Գյումրիում 3-4 դեպք է հայտնի՝ մեր կուսակցականների բնակարաններ կատարած այցերից, բայց ասում են՝ շարունակական բնույթ է կրում։
Օրինակ՝ եղել են Ռոլանդ Այվազյանի տանը, մեր երիտասարդ կուսակցականներից է, իրեն բոլորը ճանաչում են։ Թմրամիջոցների հետ որևէ առնչություն չունի, բնակարանի դուռն առավոտյան ժամը 6․30-ին ծեծել են, 8 հոգի են եղել, պատկերացնո՞ւմ եք՝ 6-ը Գյումրիից, 2-ը Երևանից։ Համապատասխան որոշում են ցույց տվել դատարանի, խուզարկություն են իրականացրել և հեռախոսն են առգրավել։
Իհարկե, կասկածելի որևէ բան չեն գտել, մայրն ու որդին են տանը եղել, երկուսով են բնակվում, ուղղակի անհանգստացնելու, վախեցնելու մեթոդ է, այլ բան չկա։
Նույն ժամանակահատվածում խուզարկել են նաև Գարիկ Ուզունյանի բնակարանը (Գյումրիում առավել հայտնի է Շեկո մականվամբ, գործարար է, Ա․ Ն․)։ Ամբողջ բնակարանը տակնուվրա են արել, անհարմարություններ պատճառել», – ասաց Նարեկ Միրզոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տաք օդ են գտել