Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյան․ «Այս որոշումը վախկոտություն է եւ անարգանք բժիշկների եւ հիվանդ-շահառուների նկատմամբ»

Մայիս 24,2022 14:30

Երեւանի ավագանու այսօրվա նիստում օրակարգը հաստատելու ժամանակ «Լույս խմբակցությունից» Անի Խաչատրյանն առաջարկեց 6-րդ հարցը հանել օրակարգից։ 6-րդ հարցով առաջարկվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա», «Սարի Թաղ» պոլիկլինիկա», «Նորագավիթ պոլիկլինիկա» եւ «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ները վերակազմավորել։

Նախագծով առաջարկվում է՝ 1) «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ները վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 4 պոլիկլինիկա»-ին

2) «Արաբկիր մանկական պոլիկլինիկա»-ն վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին

3) «Սարի Թաղ» պոլիկլինիկան վերակազմակերպել՝ միացնելով թիվ 17 պոլիկլինիկային

4) «Նորագավիթ պոլիկլինիկա»-ն վերակազմակերպել՝ միացնելով թիվ 13 պոլիկլինիկային

5) «Նուբարաշեն» պոլիկլինիկան վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արեշ» պոլիկլինիկային։
Անի Խաչատրյանն ասաց․ «Մենք Երեւանի քաղաքացիների խնդիրները լուծելու համար ենք, խնդիրներ առաջացնելու համար չենք։ Իրավունք չունենք քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները, դպրոցները, այս դեպքում՝ պոլիկլինիկաները փակելու, եւ մենք իրավունք չունենք մարդկանց նեղություն պատճառելու, որովհետեւ նույն այս պոլիկլինիկայից օգտվում է ամբողջ Կոնդ թաղամասը, որի համար ոչ միայն այս իշխանությունը, նաեւ՝ նախկինում, միայն խնդիր է առաջացրել, երբեք խնդիր չի լուծել, մաս-մաս ծախել, իրար մեջ արել, շենքեր ծախել։ Մարդիկ նույնիսկ տեղաշարժվելու խնդիր ունեն։ Հիմա ստիպում ենք հասնել Երիտասարդական, եսիմ՝ ուր, շատ հեռու։ Եկեք մենք գումար ծախսենք վերանորոգենք, ոչ թե փակենք ու ծախենք։ Եթե միայն փակել ու ծախելու համար ենք, եկեք այս քաղաքապետարան կոչված օբյեկտն էլ փակենք ու գնանք տներով»։

Առավոտից Կոնդի բնակիչները, ինչպես ասաց Խաչատրյանը, քաղաքապետարանի դռան դիմաց բողոքի ցույց են անում։

Փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն էլ վստահեցրեց՝ նախագծում պոլիկլինիկաներ փակելու, լուծարելու մասին բան չկա․ «Խնդրում եմ նախագծին ավելի հանգամանալից ծանոթանալ»։

«Ի՞նչ, պոլիկլինիկայի շենքը չի՞ փակվում ու տեղափոխվում ուրիշ պոլիկլինիկա։ Ուղիղ հարց եմ տալիս։ Աշխատակազմի մասին չի խոսքը», – հակադարձեց Խաչատրյանը։

Սիմոնյանն ասաց, որ կոնդեցիներին ընդունել է, ծանոթ է նրանց բարձրաձայնած խնդիրներին։

Նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանն էլ առաջարկեց այս հարցը տեղափոխել օրակարգի 25-րդ հարց։ Խաչատրյանն առաջարկեց նախ իր առաջարկը քվեարկել, իսկ փոխքաղաքապետն էլ պնդեց՝ նախ իր առաջարկը քվեարկեն։

Ի վերջո Խաչատրյանի՝ հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեցին ավագանու 10 անդամ, 28-ը՝ դեմ, 7-ը ձեռնպահ։

Ապա առաջարկվեց 6-րդ հարցը 25-րդ հարց տեղափոխել ու նիստի օրակարգը միասին քվեարկել, ինչին դեմ էին ավագանու մի քանի անկախ անդամներ, որոնք ասացին՝ օրակարգին կողմ են, սակայն հարցի տեղափոխմանը՝ դեմ, ինչպե՞ս պետք է քվեարկեն։ Ի վերջո` փոխքաղաքապետի առաջարկը քվեարկվեց 28 կողմ ձայնով, 9-ը՝ դեմ, 4-ը՝ ձեռնպահ։ Մինչ այս էլ ավագանու անկախ անդամները տեղից բուռն արձագանքում էին՝ այսպես չի կարելի նիստ վարել, քաղաքապետին բերեք։ Իսկ քաղաքապետը կառավարությունում, ըստ Լեւոն Հովհաննիսյանի, կարեւոր քննարկման է։

Իզաբելլա Աբգարյանն էլ ասաց՝ 6-րդ հարցը 25-րդ հարց տեղափոխելը գնահատում եմ որպես վախկոտություն․ «Ես գնահատում եմ որպես անարգանք բժիշկների եւ շահառուների նկատմամբ, որոնք սրտատրոփ նստած նայում են այս նիստը, որպեսզի լսեն այս հարցի քննարկումը։ Սա երկրորդ անհարգալից վերաբերմունք էր մեր քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ առաջինն այն էր, երբ հանձնաժողովի օրակարգ բերվեց մի նախագիծ՝ առանց նախօրոք շահառուների հետ քննարկման։ Գուցե այդ մարդիկ պոլիկլինիկայի վերակազմակերպման այլ պատկերացումներ ունեն»։

Անի Խաչատրյանն էլ Հովհաննիսյանին մեղադրեց, որ նիստը պատշաճ չի վարում․ «Վերցրեք ընդմիջում, քաղաքապետին բերեք դահլիճ, որովհետեւ այսպիսի անառողջ մթնոլորտ երեւի վերջին շրջանում չի եղել։ Այսպիսի անառողջ մթնոլորտում չենք կարող քննարկել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031