Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը․ ՀԴԿ

Մայիս 24,2022 14:35

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և մերժում է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը, որոնց շուրջ բանակցել և  համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այն համարում ենք հակահայկական, թուրքական միակողմանի օրակարգ։

Փաշինյանը վերջնական  դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը, առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի  Հանրապետության քաղաքացիների արդեն կայացած կամքը հաշվի առնելու, միակողմանի հայտարարել, որ ինքը և իր գլխավորած անձնատու կառավարությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային «երաշխիքների» դիմաց, ինչպես նաև փոփոխել ՀՀ ընդունված սահմանները:

Ն․ Փաշինյանը ոչ մի իրավասություն և մանդատ չունի չեղարկելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1988 թվականից սկսված՝ միջազգային իրավունքի բոլոր ընթացակարգերին համապատասխանող օրենքներն ու որոշումները, մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքները։ Նույնը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումների  քայլերին, որովհետև ՀՀ տարածքները և սահմանները ամրագրված են ՀՀ Մայր օրենքով։ Մեկ մարդու կամքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը չեն կարող հիմք դառնալ միջազգային որևէ բանակցությունների համար Արցախ Հանրապետության կարգավիճակի և ՀՀ տարածքների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Փաշինյանի և իր վարչախմբի գործունեության հետևանքները կործանարար են լինելու հայոց ինքնիշխան պետականության համար, քանի որ նրանք վտանգում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Արցախի գոյությունն առհասարակ: Արցախը ՀՀ դարպասներն են, և դրանք անպաշտպան թողնելը նշանակում է Հայաստանի կործանում։ Փաշինյանն այլևս սպառել է իշխանության ղեկին գտնվելու բոլոր հնարավորությունները և իրավունքը, քանզի հանդես է գալիս պետության և ազգի շահերին հակառակ:

ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության, պետականության պահպանման գաղափարների հրամայականով պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը, քաղաքական և կազմակերպական ուղղություն հաղորդելու ժողովրդի ընդվզմանն ու կամքին՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:

 

ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031