«Բուկինիստը» նշում է հիմնադրման 90-ամյակը: Այս թեմայով «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Բուկինիստ» ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աելիտա Չիլինգարյանը նշեց, որ տարին կարեւոր է «Բուկինիստի» համար: Նրա խոսքով, բացի 90-ամյակից, ունեն եւս 2 տոն. «25 տարի առաջ հիմնվել է «Բուկինիստ ՍՊԸ-ն, իսկ 50 տարի առաջ «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը սկսել է իր մասնագիտական գործունեությունը: Մի խոսքով, մեզ համար կլոր թվերի տարի է, եւ մենք այս տարին մի քանի միջոցառումներով ենք նշելու: Ժամանակ առ ժամանակ «Բուկինիստն» ազդարարելու է այս կամ այն միջոցառման մասին: Այսօրը կարեւոր է, որովհետեւ «Տոնից տոն» միջոցառման մասին ենք ուզում խոսել: Մայիսի 28-ից հունիսի 1-ը «Բուկինիստը» հայտարարում է 20 տոկոս զեղչ բոլոր մասնաճյուղերում»:
Աելիտա Չիլինգարյանն ասաց, որ ցանկանում են՝ տոներին գիրք նվիրելն ու գիրք կարդալը լինի սովորություն. «Չսպասենք գիրք նվիրելու օրվան՝ գիրք նվիրելու համար, այլ ցանկացած տոնի իրար կամ ինքներս մեզ գիրք նվիրենք»:
«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի ձեւակերպմամբ, հոբելյանական տարվա մեկնարկը տրված է. «Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ»: Խաչիկ Վարդանյանը նշում է, որ միայն «Բուկինիստի» պահեստը 2000 քմ տարածք է զբաղեցնում:
Կարդացեք նաև
«Որոշեցինք բարձրաձայնել մեր տոների մասին՝ նշել Մաշտոցի 20 գրախանութի հոբելյանը, իսկ ինչո՞ւ չհայտարարել ու չնշել: Մենք գիրք սիրող եւ գիրք կարդացող ժողովուրդ ենք, գիրքը անհիշելի ժամանակներից սրբությունների շարքում է դասվել հայի համար, նույնիսկ լեգենդներ եւ առասպելներ կան այդ մասին: Միջոցառումների մեկնարկը տրվում է այսօր, աշնանն ավելի մանրամասն եւ ավելի կոնկրետ կանդրադառնանք այդ ամենին: Ունենք միջոցառումների ծրագիր, որի մասին կազդարարենք: Ուզում ենք մեր ընթերցասեր հասարակությունը, գրքասերները գոհ մնան», – ասաց Խաչիկ Վարդանյանը:
«Բուկինիստ» ընկերության տնօրենը խոսելով իրենց տեսլականի մասին, ասաց, որ «Բուկինիստի» ստեղծման տարիներին ինքը ցանկացել է, որ «Բուկինիստը» դառնա Երեւանի այցեքարտերից մեկը, ինչն իրենց ինչ-որ չափով հաջողվել է: Հավելեց, որ հրատարակչական գործը համարում են իրենց երկրորդ գործը, քանի որ առաջինը գրքի տարածումն է: «Իհարկե ամեն ինչ ֆինանսներից է կախված, բայց մենք ծրագրել ենք դուրս գալ նաեւ շրջաններ, սահմանամերձ գոտիներ եւ հեռավոր գյուղեր, խուլ վայրեր, որտեղ գիրքը դժվար է հասնում», – հավելեց Խաչիկ Վարդանյանը: Ասաց, որ արդեն Սեւանում եւ Դիլիջանում ունեն երկու գրախանութ՝ «Հայփոստի» բաժանմունքներում: