Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորների որակումները լրագրողների մասին՝ օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ

Մայիս 24,2022 13:35

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած փոփոխությունների նախագիծը։ «Նախորդ փոփոխության ժամանակ ամրագրեցինք, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաեւ պետական մարմնի կողմից՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով, սակայն օրենքի մեկ այլ դրույթի հետ խնդիր առաջացավ, քանի որ հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեությունն իրականացնողի դիմումով։ Այսինքն, անգամ խախտումներ արձանագրելու դեպքում, իսկ այդպիսիք մենք եւ հանրությունը տեսել ենք, լրատվական գործունեություն իրականացնողին ասվում է այդ մասին, սակայն դրան չի հետեւում որեւէ գործողություն», – ներկայացնելով խնդրի առարկան՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով․ «Սա ստեղծում է իրավիճակ, երբ ոչ միայն չի լինում վերականգնել ԱԺ աշխատանքային գոտու բնականոն իրավիճակը, այլեւ շատ դեպքերում նման իրավիճակները խոչընդոտում են նաեւ այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը։ Դրա համար հիմա առաջարկում ենք հետեւյալ կարգավորումը, որը տեխնիկական փոփոխություն է։ Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից, ընդ որում՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված (աշխատանքային կանոնների խախտում) գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է կանոնները։ Այսինքն, խախտումն արձանագրվելու է, դրա վերաբերյալ ԱԺ աշխատակազմը տեղեկացնելու է տվյալ լրատվական գործունեությունն իրականացնողին։ Եթե դրանից հետո եւս մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, այսինքն՝ նախազգուշացումից հետո, եւ լրատվական գործունեությունն իրականացնողն ինքը չդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը, ապա այդ դեպքում պետական մարմինը կդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ ԶԼՄ-ին հնարավորություն տալով փոխարինել նրան»։

Արթուր Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ մամուլում անհիմն որակումներ են շրջանառվել, թե այս օրենքը սահմանափակումների մասին է․ «Ամենեւին։ Մենք արձանագրել ենք, որ լրագրողական էթիկան դա լրագրողական համայնքի գործն է։ Հույս ունենք, որ համայնքն ի վերջո հասնելու է ինքնակարգավորման։ Սա վերաբերում է բացառապես պետական մարմիններում աշխատանքային կանոններին։ Նախազգուշացման դրույթը մենք ավելացրել ենք ՄԻՊ-ի հետ քննարկման արդյունքում։ Կարելի է արձանագրել, որ սա այդ ինստիտուտի առաջարկն է»։

Արթուր Հովհաննիսյանը նաեւ հստակեցրեց՝ սա չի վերաբերում ԶԼՄ-ին հավատարմագրումից զրկելուն, այլ վերաբերում է պետական մարմնի աշխատանքային գոտու կանոնները խախտած լրագրողին հավատարմագրումից զրկելուն՝ այն էլ այն դեպքում, երբ մեկ տարում նա կնախազգուշացվի երկրորդ անգամ․ «Դրանից հետո ԶԼՄ-ն հնարավորություն կունենա փոխարինելու լրագրողին»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը նկատեց․ «Ցավոք, կան լրագրողներ, որոնք մասնագիտությանը ոչ հարիր վարքագիծ են երբեմն դրսեւորում, եւ դա հանրության մոտ կարծիք է ձեւավորում ողջ լրագրողական համայնքի մասին, թե այն հենց այդպիսին էլ պետք է լինի՝ ոչ պրոֆեսիոնալ եւ հանրության շահը չներկայացնող: Այսինքն, մենք օրենսդրական աջակցություն ենք ցուցաբերում, որ նման խնդիրները վերանան»։

Արթուր Հովհաննիսյանը հաստատեց մտահոգությունը․ «Աշխատանքային միջավայրում հանդիպում ենք բազմաթիվ իրավիճակների, երբ հնչում են վիրավորական, սպառնալիք պարունակող տեքստեր՝ ընդհուպ վերաբերող պատգամավորներին։ Բոլոր ճեպազրույցների ընթացքում տեսնում ենք տարբեր խախտումներ, որոնք խաթարում են ոչ միայն բուն ճեպազրույցի ընթացքը, այլեւ շենքում բնականոն աշխատանքը։ Այո, մի քանի լրագրողների պատճառով կարող են ստվերվել այլ բարեխիղճ լրագրողներ։ Այդպես էլ կա։ Կան շատ բարեխիղճ լրագրողներ, եւ կան մի քանի ԶԼՄ-ներ, որոնք կազմակերպված կերպով փորձում են փչացնել ամեն ինչ։ Նույն կերպ կան ընդդիմադիրներ, որոնց պատճառով ԱԺ վարկանիշն է փչացվում։ Այս նախագծի առնչությամբ բարեխիղճ լրագրողներից ակնկալում եմ զրո դժգոհություն»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ հայտարարեց․ «Մասնագիտական խոտան թույլ տված անձը պետք է գնահատական ստանա։ Առաջարկ․ եթե լրագրողը երկու անգամ խախտելու դեպքում զրկվում է հավատարմագրումից, այլ մարմնում հավատարմագրման ներկայանալիս այլ պետական մարմիններն իրավունք ունե՞ն չհավատարմագրելու»։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման կարգավորում նախատեսված չէ, բայց մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է քննարկել տվյալ առաջարկը։

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ նախագծի հարակից զեկուցող, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին ասաց, որ իշխանության հայտարարած խաղաղության օրակարգի՝ ԶԼՄ-ների կողմից նենգափոխման արդյունքում հանրությունը հայտնվում է ապակառուցողական հոգեվիճակում, եւ խնդիրն այս տեսանկյունից պետք է դիտարկել, ոչ թե լրագրողների, իր բնորոշմամբ, խուլիգանական արարքների համատեքստում։ Ի պատասխան Գրիգոր Մինասյանն ասաց, որ ժողովրդավարական երկրներում նենգափոխված լրատվության դեմ օրենսդրական սահմանափակումներ նախատեսելը ճիշտ չի լինի․ «Սուտ, նենգափոխող ԶԼՄ-ի պատիժը տալիս է հանրությունը։ Համբերենք։ Կարճ ժամանակում հարցը կլուծվի ինքնակառավարվող մեխանիզմներով։ Սուտ տարածողին հանրությունը դադարում է լսել եւ հավատալ»։

Հիշեցնենք՝ «Հայաստանի ժուռնալիստների միությունն» այս օրենսդրական  փոփոխության առիթով հայտարարել է, որ այն կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» եւս քննադատել է նախագիծը՝ կարծիք հայտնելով, որ այն ծնվել է իշխանական կուլիսներում։

Հիշեցնենք նաեւ, որ նիստն ընթանում է առանց «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների․ դիմադրության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031