«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց մակրոտնտեսական հետևանքները 2020թ. շոկերի համատեքստում։
Այսպես՝
- 2018թ. ի վեր ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը ենթարկվել է մի շարք մտահոգիչ կառուցվածքային տեղաշարժերի, ինչն արտացոլվել է տնային տնտեսությունների և մասնավոր կազմակերպությունների վարկային պորտֆելներում և հանգեցրել ՀՀ մակրոտնտեսական կայունությանը վտանգող ռիսկերի կուտակման: Վարկային պորտֆելի կառուցվածքի վատթարացման և ոլորտում բացասական ռիսկերի ձևավորման հիմնային պատճառներն, ըստ էության, բխում են 2018թ. հետո ձևավորված գործադիր իշխանությունների կառավարչական որոշումներից, հանրային հաղորդակցման տրամաբանությունից և որդեգրած տնտեսական քաղաքականությունից:
- ՀՀ կառավարության ամբոխահաճո քաղաքականության արդյունքում փոփոխվել է տնային տնտեսությունների սպառման վարքագիծը, ինչը հանգեցրել է պարտավորությունների բուրգի ձևավորման` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ: ՀՀ կառավարության` բարեկեցիկ ապագայի խոստումների ներքո տնային տնտեսություններն առաջ են բերել իրենց սպառումը` այն ֆինանսավորելով հիմնականում վարկերի հաշվին: Պարտքային բեռի կտրուկ աճը չի ուղեկցվել տնային տնտեսությունների եկամուտների շոշափելի աճով` ինչը հանգեցրել է պարտավորությունների բուրգի ձևավորման:
- 2020թ. ճգնաժամային զարգացումներին զուգահեռ, տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգի առկայությունը լրացուցիչ բացասական ազդեցություն է գործել տնտեսության անկման համատեքստում` դրդելով մասնավոր սպառման ծավալների ավելի մեծ չափով կրճատման: Մյուս կողմից, այն հանգեցրել է բնակչության կենսամակարդակի վատթարացմանը, ինչի պատճառով աճել են վարկային պորտֆելի չաշխատող վարկերի ծավալները: Արդյունքում վարկատուները կրել են ֆինանսական կորուստներ, ինչը նպաստել է ֆինանսական համակարգի կայունության հենքերի թուլացմանը: Հետճգնաժամային շրջանում տնային տնտեսությունների պարտավորությունների բուրգը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում: 2022թ. փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի և ՀՀ տնտեսության վրա դրա բացասական ազդեցության ենթատեքստում այս երևույթն ավելի է սրում մասնավոր պարտքի և ՀՀ ֆինանսական համակարգի կայունության խնդիրը: Տնային տնտեսությունների վարկային ռիսկի պահպանվող մակարդակը հուշում է, որ վերջիններիս զանգվածային դեֆոլտի հավանականությունը հետագա բացասական շոկերի պայմաններում մեծ է զրոյից:
- ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում 2018թ.-ից ի վեր ռիսկային փոփոխություններ են գրանցվել նաև հիպոթեքային վարկավորման ուղղությամբ, ինչը հանգեցրել է մի շարք անցանկալի մակրոտնտեսական զարգացումների` այդ թվում մեծացնելով պետության երկարաժամկետ կորուստները: Հիփոթեքային վարկերի տոկոսագումարների սպասարկման նպատակով վարկառուներին վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը ստացել է երկարաժամկետ տրամաբանություն, այնինչ այս գործիքն ի սկզբանե ներդրվել էր կարճաժամկետում կապիտալ շինարարությանը զարկ տալու նպատակով և պետք է աստիճանաբար դադարեցվեր: Ծրագրին երկարաժամկետ բնույթ հաղորդելու տրամաբանությունը հակասում է արտահանելի հատվածի խթանումը որպես գերակա ուղղություն սահմանելու ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը: Մյուս կողմից, կառուցապատողների և տնային տնտեսությունների մոտ երկարաժամկետ սպասումների ձևավորման արդյունքում հիփոթեքային վարկերի պահանջարկն աճել է չափազանց բարձր տեմպերով` ուղեկցվելով շինարարության վարկերի արագ աճով: Այդ քաղաքականության արդյունքում կուտակված ռիսկերը 2020թ. տնտեսական ճգնաժամի հետևանքով մասամբ նյութականացել են` բացասաբար ազդելով ՀՀ մակրոտնտեսական կայունության վրա: Հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ արագացման և այն ժամանակին չզսպելու արդյունքում եկամուտների տեսանկյունից պետությունը տարեցտարի կրում է ավելի մեծ կորուստներ: Վերջինս հատկապես մտահոգիչ է 2020-ից հետո հարկաբյուջետային կայունության վերականգնման համատեքստում, քանի որ ճգնաժամի շոկերից հետո կտրուկ խորացել է պետական բյուջեի պակասուրդը և աճել է ՀՀ կառավարության պարտքը: Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում հիփոթեքային վարկավորման հիմնախնդիրները դեռևս լուծված չեն: Ընդ որում, ռիսկերի կուտակման գործընթացը կրկին նոր թափ է ստացել, ինչը տնտեսությանը փոխանցվող բացասական շոկերի ներքո էլ ավելի կարող է մեծացնել ՀՀ մակրոտնտեսական կայունության խոցելիությունը:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում հետևյալ հղումով։
Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք