«Բրյուսելում Եվրամիությունը դեռեւս 2017թ․-ին ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես արցախյան հակամարտության կարգավորման սկզբունք։ ԵՄ անդամ բոլոր խորհրդարանների կողմից ամրագրված, կնիքով հաստատված փաստաթղթի մասին է։ Որքա՞ն սրիկա պետք է լինես, որ գնաս ԵՄ եւ վաճառես, չպաշտպանես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր ԱԳՆ շենքի շրջափակման ընթացքում անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների արդյունքներին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Պարզապես զարմանում եմ։ Դա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր, որով ԵՄ-ն ասում էր, որ ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ փոխվեց այս հինգ տարում։ Փոխվեց այն, որ թուրքական դրածոն եկավ իշխանության։ Ժամեր շարունակ կարող եմ ապացույցներ բերել։ Ինձ շատ են ասում մարդիկ, թե ինչ կփոխվի, եթե իշխանությունը հեռանա։ Օրինակով ասեմ՝ եթե Նիկոլը գնացած լիներ, Գորիս-Կապան ճանապարհը չէր հանձնվի, Սանասարից, Կովսականից տարածքներ չէին հանձնվի»,-շեշտեց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ բրյուսելյան հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանն անգամ մի փոքր կասկածողներին համոզեց, որ Արցախը հանձնելու գործի վրա է։ «Օրերս Արցախում էի։ Փողոցում մարդ չկար, որ չկանգնեցներ ու չհարցներ, թե մեր վերջն ինչ է լինելու»,-հավելեց նա։
Աշոտյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պարզաբանելով, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է, ասել էր՝ «խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»։
Կարդացեք նաև
«Մարդկանց էշի տեղ է դնում։ Տեսնելով, որ աղմուկ է բարձրանում, հարցն իրենք գրել են, իրենք էլ ինքնահարցազրույց արել։ Հայ ազգը գուցե միամիտ է, բայց ոչ էշ։ Քացին, ի վերջո, ստանալու են»,-նշեց Արմեն Աշոտյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ