Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և 3 բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Մայիս 24,2022 10:51

ՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով, հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում, ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։

Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Ա․Մ․-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։

Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին և վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու և այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում և միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020թ․հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ՝ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին, հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդ կերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։

Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ և տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031