Այսօր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթն անցնելով մայրաքաղաքի փողոցներով, հասավ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքին, որտեղ նրանց սպասում էին պատ կազմած ոստիկանները: «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԳՆ չի առաջնորդվում Հայաստանի ժողովրդի շահերով, ուստի պետք է շրջափակել շենքի մուտքերը, որից հետո երթի մասնակիցները ճեղքելով ոստիկանական պատը մոտեցան ԱԳՆ-ի շենքի մուտքին եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկո՛լ դավաճան»:
Իշխան Սաղաթելյանը հրահանգեց որեւէ այլ գործողություն չանել, միայն արգելափակել մուտքերը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ եկել են ԱԳՆ շենքի մոտ, քանի որ ԱԳՆ կոչվող կառույցն իր տեղում չէ, եթե լիներ՝ Բրյուսելի երեկվա հանդիպումն այլ ելք կունենար: Արամ Վարդեւանյանն ասաց, որ չեն հոգնելու եւ կոչ արեց հանուն Արցախի պայքարել մինչեւ վերջ: Երթի մասնակիցները կոչ էին անում «զարթնել եւ չմտածել միայն ստամոքսի մասին»:
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի ցանկացած պայմանավորվածություն չի լինելու, եւ դրա համար պետք է մարդիկ ոտքի կանգնեն ու միանան պայքարին:
Նա կոչ արեց այդ եւ հարեւանությամբ գտնվող նախարարություններում աշխատող քաղաքացիներին՝ միանալ պայքարին: Երթի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին նաեւ այն քաղաքացիներին, որոնք եկել էին աշխատանքի, սակայն չէին կարողանում մուտք գործել շենք:
Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Երթը մեկնարկել էր առավոտյան ժամը 8 անց 30-ին՝ Ֆրանսիայի հրապարակից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ