Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են խաղաղության մասին իշխանությունների ներկայացրած պատկերացումներն իրատեսական. «Փաստ»

Մայիս 24,2022 08:46

Իհարկե, յուրաքանչյուր հայի ցանկություններից մեկը խաղաղ և բարգավաճ երկրում ապրելն է, սակայն այլ խնդիր է, թե որքանո՞վ են իշխանությունների ներկայացրած պատկերացումներն իրատեսական։ Նախ՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի կնքում, բայց հարցի մյուս կողմն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը լիովին տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցում։ Օրինակ՝ Ադրբեջանը 5 կետից բաղկացած առաջարկներ էր ներկայացրել հաշտության համար, որին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարեց, թե դրանցում իր համար անընդունելի ոչինչ չկա։ Սակայն հետո պարզվեց, որ հայկական կողմը ևս իր հերթին 6 առաջարկ է ներկայացրել։ Ընդ որում, դրանցում ընդամենը մի քանի կետն է, որ կարելի է բովանդակային համարել, որոնք էլ հայկական կողմի շահերը միայն կիսով չափ են արտացոլում։

Սակայն ադրբեջանական կողմը մերժում է այդ 6 կետերը՝ դրանք ընդամենն «արձագանք» համարելով։ Այսինքն, Բաքուն ոչ միայն չի ցանկանում ռազմագերիներին վերադարձնել, այլև հրաժարվում է բանակցել Արցախի որևէ կարգավիճակի շուրջ։ Սա բավական չէ, Ադրբեջանը 5 կետերին զուգահեռ նոր պահանջներ է առաջ քաշում։ Եվ այդ համատեքստում է, որ Բաքվից խոսում են անկլավների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանից այլ պահանջներ ևս առաջ քաշվեն։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում, իսկ ադրբեջանական կողմը նշում է, թե իրենց համար Մինսկի խումբ չկա, Արցախյան հակամարտությունը լուծված է։ Ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է ձգտում հասնել, այլ Հայաստանին թելադրել իր պահանջների իրականացումը, որի շրջանակներում բացառված չեն նաև ռազմական գործողությունները։

Մի՞թե պատահական է, որ մեկը մյուսի հետևից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում, միանշանակ՝ ոչ։ Իսկ ադրբեջանական պահանջների իրականացումը նշանակում է, որ հայկական պետականությունը դառնալու է մի խամաճիկ կազմավորում, իսկ Արցախը լիովին կհայաթափվի, քանի որ Հայաստանին իր պայմանները պարտադրելուց անմիջապես հետո Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի դուրս բերել խաղաղապահներին իր տարածքից։ Այս դեպքում ի՞նչ է պետք անել։ Անհրաժեշտ է Ադրբեջանին բռունցք ցույց տալ, և եթե ռազմական հարթության վրա Հայաստանը չունի այս պահին նման ներուժ, ապա դա պետք է անել դիվանագիտական ճանապարհով՝ մասնավորապես Հայաստանի և Արցախի անվտանգության մասով միջազգային երաշխիքների տեսքով, երբ, օրինակ՝ գործընկեր պետությունները և միջազգային կազմակերպությունները կհայտարարեն, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031