Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Իրականությանը` բաց աչքերով

Մայիս 24,2022 10:00

Իշխանության կողմնակիցները չեն ընդունում այն փաստը, որ 2020 թվականի պատերազմը սկսվելու պահին, այդ պատերազմի ընթացքում եւ պարտությունը հաստատող եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ Հայաստանի առաջին դեմքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր։ (Պատմության մեջ արձանագրվելու է այդ փաստը, ոչ թե պարտության բազմաթիվ եւ բազմապիսի արդարացումները}։ Ընդդիմության կողմնակիցները չեն ընդունում երկու պնդում. ա) հայաստանցիների մեծամասնության համար այսօր Արցախի խնդիրը կենսական առաջնահերթությունների ցուցակում գլխավոր տեղերում չէ, բ) այդ մեծամասնության համար ատելությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ գերազանցում է բոլոր քաղաքացիական զգացմունքները։ Խոսքը, ընդգծեմ , երեք միլիոն հայաստանցիների, ոչ թե տասը միլիոն հայերի մեծամասնության մասին է։ Եթե հաջողվեր բոլոր հայերի տեսակետն իմանալ, ապա պատկերը, կարծում եմ, հակառակը կլիներ։

Հայաստանի բնակչության մեծամասնության տեսակետի մասին իմ պնդումը, բնականաբար, ուղիղ փաստական ապացույց չունի, բայց անցած տարվա ընտրությունների արդյունքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթմանը, ինչպես նաեւ պատերազմից հետո Ալիեւի հետ բանակցություններին հասարակական արձագանքը, գումարած իմ անձնական եւ վիրտուալ շփումները թույլ են տալիս դա պնդելու գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ։

Բրյուսելում կայացած հերթական հանդիպման արձագանքը (ավելի ճիշտ` արձագանքի բացակայությունը) հաստատում է իմ այդ տեսակետը։ Փաշինյանը որեւէ լուրջ ներքին հասարակական խոչընդոտ չունի ա) կնքելու «խաղաղության պայմանագիրը», որտեղ փաստացի կհաստատվի Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի հանդեպ (գուցե՝ «էթնիկ հայերի» անվտանգության անորոշ խոստումով), բ) համաձայնելու Ադրբեջանի թելադրած «սահմանազատմանը» եւ «ապաշրջափակմանը», գ) այդ ամենից հետո Թուրքիայի հետ ստորագրելու 2009 թվականի արձանագրությունների նման մի փաստաթուղթ։ Այդ ամենին են Հայաստանի վարչապետին դրդում ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ռուսաստանը։ Խուսափել դրանից Փաշինյանը, կարծես թե, չի կարող։

Բայց ամենադաժան ճշմարտությունը դա չէ։ Համոզված եմ, որ այդ քայլերը Ադրբեջանի հետ խաղաղության չեն բերի, եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն բարելավի։ Դրանք, թերեւս, որոշ ժամանակով կարող են հետաձգել պատերազմը։ Լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման լուրջ վտանգը պահպանվելու է անգամ այդ ցավոտ զիջումներից հետո։ Դրա բազմաթիվ պատճառներից նշեմ երկուսը. թշնամին շատ լավ տեսնում է, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունը, մասնավորապես, իր «կազմակերպչական ունակություններով», տեսնում է նաեւ, թե ինչ վիճակում է մեր հասարակությունը։

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ruben says:

    Նույնիսկ լուսանկարում կարելի է տեսնել ինչպես են Ալիևն ու Միշելը քայլում «нога в ногу», իսկ հայ իրականության խայտառակությունը (Սերժի Նիկոլը) կողքից «болтается»:
    Հիշեցի, թե ինչպես էր ԼՏՊ-ն ողջունում Ելցինին՝ կզած որպես խոնարհ ծառա։
    Հիշեցի, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը «по стойке смирно» կանգնում Պուտինի ճանապարհի կողքին, ինչպես եֆրեյտորը գեներալի առջև:
    Եվ այս թյուրիմացությունները ներկայացնում եմ իմ երկի՞րը:
    Այո՛, պատմության մեջ արձանագրվելու է, որ 2020 թվականի պատերազմը սկսվելու պահին, այդ պատերազմի ընթացքում եւ պարտությունը հաստատող եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ Հայաստանի առաջին դեմքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր:
    Այո՛, պատմության մեջ արձանագրվել է, որ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարության և Թուրքիայի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիրը կնքել և ստորագրել է դաշնակցական Ալեքսանդր Խատիսովը («Խատիսյանը»):
    Եթե Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Խատիսովը հայ լինեին, պետք է իրենք իրենց գնդակահարեին (застрелится), բայց կապիտուլյացիա չստորագրեին:
    100 տարի է առաջնորդները՝ ընտրյալ մաքիները, հովիվների հայեցողությամբ առաջնորդում են զանգվածներին: Հետևանքները՝ արյուն ու հող: Դրոշը պետք է ունենա երկու գույն՝ արյան և հողի:
    Էջմիածնի կրոնական համալիրը, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում Արեգակի շողերի ու նարնջի հյութի ազդեցության տակ կդեղնի:

  2. Nimar says:

    Դժվար է ձեզ հետ համաձայնել, որ գործող իշխանության կողմնակիցները հերքում են Փաշինյանի վարչապետությունը։ Միգուցե փորձում են արդարացնել նրա գործունեությունը կամ պաշտպանել մեղադրանքներից։ Սա միանգամայն բնական է։
    Եվ իմ կարծիքով, թե ինչպես այս կամ այն ​​ղեկավարը կմնա պատմության մեջ և ինչ էր նրա անունը, պետք է անհանգստացնի իրեն, իր կուսակիցներին, ընկերներին, հարազատներին։ Վարչապետը պաշտոնյա է. Հիմա այս մեկը, հետո մյուսը:
    Իմ կարծիքով, դուք չափազանցնում եք գերագույն հրամանատարի դերը, քանի որ այդ դերը կարող է կատարել և մարդ, ով երբեք զենք չի տեսել, և գաղափար չունի ռազմական գործերից։ Շատ երկրներում պետությունների ղեկավարները կանայք են, ովքեր բացարձակապես հեռու են ռազմական գործերից։ Իսկ պատերազմի ժամանակ նրանք ի պաշտոնե կդառնան գերագույն գլխավոր հրամանատար։ Ի՞նչ եք կարծում, նրանք ինչ-որ կերպ միջամտո՞ւմ են իրենց գլխավոր շտաբների գործունեությանը։ Դա անհեթեթ կլիներ։
    Հասարակական տրամադրությունների ու ակնկալիքների ձեր համակարգում, իմ կարծիքով, որոշիչ օղակը բացակայում է։ Սա մեծ թվով մարդիկ են, ովքեր զբաղված են սեփական գործերով՝ գիտակցելով իրենց սեփական նպատակներն ու խնդիրները։ Այս մարդիկ իշխանությունների որակը գնահատում են նրանով, թե դա նրանց օգնում է, թե խանգարում սեփական նպատակներին հասնելու հարցում։ Ազգային նպատակները մի հասկացություն է, որը դժվար է սահմանել և ենթակա է լայն մեկնաբանությունների: Ի տարբերություն անձնական նպատակների՝ բիզնեսում, ընտանիքում և այլն։ Իրականում նման մարդիկ մեծամասնություն են կազմում ընտրողների շրջանում։ Մարդիկ բնազդաբար ավելի ռացիոնալ են, քան իրենց ձևացնում են, երբ իրենց հետ խոսում են քաղաքականության և նման բաների մասին:

  3. Հայկ համբարձումեան says:

    Այո, այո, հասկացանք, այս բոլորը ձեզ կարդացողները արդէն լաւ եւ վաղուց գիտեն։ Բայց նորէն չգիտեն, ձեր կեցուածքը ի՞նչ է եւ գործնական ի՞նչ կ’ընէք դուք՝ այս ընթացքը կասեցնել փորձելու համար։

  4. Հայ մարդ says:

    Բրյուսելյան վերջին խայտառակ հայտարարությունից հետո Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պարտավոր են հավաքվել և համատեղ քաղաքական կոնսուլտացիաներ սկսել: Այդ կոնսուլտացիաներին ցանկալի է մասնակցեն նաև փորձառություն ունեցող նախկին քաղաքական գործիչները: Այս պահին ոչ մի կուսակցություն իրավունք չունի սսկվել և չեզոքություն ցուցաբերել: Յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է հայտարարի իր կարծիքը գործող իշխանության կողմից խայտառակ զիջումների գործընթացն սկսելու վերաբերյալ: Մեր ազգի գլխին կախված վտանգը շատ մեծ է և ժողովուրդը պարտավոր է իմանալ, թե մեր պետականության պահպանման գործում յուրաքանչյուր կուսակցություն ինչպես է իրեն դրսևորում, երկդիմի խաղերի և թաքնվելու ժամանակը սպառվել է: Հայաստանի թե ռուսամետ և թե արևմտամետ կուսակցությունները կույր պետք է լինեն, որպեսզի չտեսնեն, որ Կրեմլը և Արևմուտքը միմյանց նկատմամբ թշնամանք ունենալով հանդերձ, Արցախի և Հայաստանի հարցում նրանք պրոադրբեջանական և պրոթուրքական շահերն են պաշտպանում: Կոնսուլտացիաներից հետո ընդդիմադիր կուսակցությունները պարտավոր են միասնական հայտարարությամբ հանդես գալ և համախմբել մարդկանց հանուն մեր ազգային շահերի:

    Ներկա պահը այն կրիտիկական կետն է, երբ այս ապազգային իշխանությունը գրչի մեկ հարվածով կարող է վերացնել Արցախի գոյության հարցը, մեր երկրից նոր տարածքներ անկլավների կարգավիճակով նվիրել թշնամուն և խոնարհ կերպով նրան տրամադրել միջանցքներ՝ երկաթգծային և ավտոմոբիլային հաղորդակցության համար, իսկ սահմանները գծել թշնամու ուժի դիրքից և թելադրանքից ելնելով: Ի չիք դարձնելով տասնամյակների մեր ազգային ձեռքբերումները ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում է ստորագրել թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու և մեր պետության համար ամենախայտառակ այնպիսի փաստաթղթեր, որոնք 1 դարից ավել չեն ստորագրվել Հայաստանի որևէ կառավարության կողմից:

    Իշխանափոխությունն այլընտրանք չունի, քանի որ մենք իրավունք չունենք ջուրը գցել հայ քաջորդիների կյանքի գնով ամրագրված մեր ազգային ձեռքբերումները, մեր պետականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայերի համախմբում և հետևողական պայքար:

  5. Հայկ համբարձումեան says:

    Ի դէպ՝ բաց աչքերով ալ կարելի է մահանալ, եւ աչքերը դեռ երկար ատեն կը մնան բաց, բայց մնացածը արդէն՝ մեռած եւ փտած։

  6. Լավատես says:

    Այն զինվորը, ով իսկական բանակում չի ուզում դառնալ իսկական գեներալ, նա չի էլ ուզում զարգանալ, բարձրանալ մյուս զինվորներից ու սպաներից, չի ուզում առաջնորդել զինվորներ ու սպաներ, այլ ուզում է իր մի կտոր հացն ուտել ու ենթարկվել իսկական սպաներին ու գեներալներին, միշտ բողոքելով կամ գովերգելով նրանց ու նրանց բանակը: Անգլիացին ինքնամաքրվեց, ուղարկելով իր հանցավոր ազգակիցներին հեռավոր Ավստրալիա, մենք ունե՞նք անգլիացուց սովորելու բան, հայերիս ինքնամաքրման հայ մեխանիզմ կա՞, հայ սրբագույն օրենք կա՞, որ ով այն հայը խախտեց այն, կհամարվի հանցավոր, կա՞ բոլորի կողմից հարգված հայ սուրբ դատարան, կա՞ հայ երեխային զինվորից գեներալ դաստիարակելու հայ մշակույթ: Ազգ գեներալը’ դա իր աշխարհակալության համար, իր սուրբ օրենքների աշխարհով մեկ տարածման համար մարտնչող ազգն է, ով կռիվ է տալիս մյուս աշխարհակալ ազգերի հետ եւ արդար պայքարում հաղթում է արժանագույնը: Վատ է այն ազգ զինվորը, ով ազգ գեներալ չի ուզում դառնալ: Մենք առաջին հերթին պետք է ունենանք հայ սուրբ դատարան, հետո հայ սուրբ օրենքներ’ հայ սուրբ կրոն, ոչ թե ինչ որ մեկից թխած կրոնագողությունը: Դեմ չեմ որեւէ կրոնի, բայց եթե այն սրբություն չի դառնում ազգի համար, այն դառնում է ոչսուրբ, այսինքն’ դատարկ տեղ, այսինքն’ ազգը մնում է անաստված ու անկրոն, հետո էլ մեր բախտից ենք բողոքում: Կարճ ասած, եթե ուզում ենք դառնալ իսկական ազգ, պետք է ունենանք սուրբ կրոն եւ սուրբ դատարան, որտեղ հոգեւորը սահմանդրության դերն է կատարում, իսկ աշխարհիկ սուրբ կրոնն ու սուրբ դատարանը աշխարհիկ օրենքներին են ծառայում, որոնք չեն հակասում հայ սուրբ հոգեւոր կրոնին ու սուրբ դատարանի որոշումներին: Ազգային սրբություն չունեցող ժողովուրդը ազգ չի դառնա, իսկ ազգային նշանակում է բոլոր անխտիր հայերի համար, ով իրեն հայ է ընկալում:Մի՛ ազգ’ մի՛ ազգային կրոն:

  7. Հարգելի Արամ, մի քանի պնդում`
    ա) հայաստանցիների մեծամասնության համար Արցախի խնդիրը կենսական առաջնահերթությունների ցուցակում գլխավոր տեղերում չէր վ նախկինում: Եվ դա բոլորովին էլ պարտադիր չէ որ լինի:
    բ) «Փաշինյանը չի կարող խուսափել», շատ մեծահոգի մատուցում է: Իրականում նա չի կամենում խուսափել: Կարծում եմ նա շատ գոհ կլինի այս նոր ձևակերպմանը` «չէի կարող խուսափել, դրա համար էլ հանձնեցի Սյունիքը, Սևանը,…»: Եթե չի կարող (!), ապա թող հրաժարական տա և մեկը ով կարող է խուսափել կխուսափի:
    գ) Այո, մեծամասնությունը “ատում է Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին”: Իսկ ինչո՞ւ է դա դեռ գործող փաստարկ 44-օրյա պատերազմից հետո: Որովհետև հայաստանցիների մեծամասնության համար Հայաստանի խնդիրները կենսական առաջնահերթությունների ցուցակում գլխավոր տեղերում չէ: Ու դա լավ գիտեն ու օգտագործում են ոչ միայն թշնամի տիրությունները այլ և նաև Հայաստանի իշխանությունները:
    Չլինենք մեծահոգի անարժան, ապիկար, անհայրենիք, հայատյաց իշխանությունների նկատմամբ: Պատմությունը սա նույնպես արձանագրում է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031