Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգային 3 տեսակի ՔԿՀ-ներ, 24-ժամյա բուժսպասարկում. ի՞նչ բարեփոխումներ կլինեն նոր քրեակատարողական օրենսգրքով

Մայիս 24,2022 15:00

ՀՀ նոր քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2022թ. հուլիսի 1-ից. Ազգային ժողովն օրերս այն ընդունեց 1-ին ընթերցմամբ։ Գործող օրենսգիրքը դեռեւս 2004թ.-ի է. այս ժամանակահատվածը հաշվի առնելով՝ նախագծի հեղինակ արդարադատության նախարարությունում համոզված են, որ նոր օրենսգիրքը շտկելու է ոլորտի բացերը, ավելին՝ նորարար մոտեցումներ է առաջարկելու։ Ինչպես ԱԺ նիստում զեկուցել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, ամեն դատապարտյալի հետ կտարվի անհատականացված աշխատանք. նորարարությունն այն է, որ ՔԿՀ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում ամեն  դատապարտյալի համար կկազմվի պատժի կրման անհատական պլան, որը 3-6 ամսվա պարբերականությամբ կվերանայվի։ Բացի այդ, ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին եւ բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատումը:

«Առավոտն» ուսումնասիրել է նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ գլուխներ՝ մանրամասն ներկայացնելու համար սպասվող փոփոխությունները։ Այսպես, ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար ազատազրկում եւ ցմահ ազատազրկում կատարող ՔԿՀ-ների տեսակները կլինեն ցածր, միջին եւ բարձր, իսկ անչափահաս դատապարտյալները պատիժը կկրեն անչափահասների համար նախատեսված ՔԿՀ-ում՝ հատուկ վերականգնողական պայմաններով:

Ցածր անվտանգային ՔԿՀ-ում պատիժ կկրեն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարածները, միջինում՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարածները եւ տասը տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտվածները, նախկինում ազատազրկում չկրածները, իսկ բարձր անվտանգային ՔԿՀ-ում՝ 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտվածները, նախկինում ազատազրկում կրածները: Բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը կտեղափոխվի հենց տվյալ ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանում, ոչ թե գործող «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ (այն լուծարվելու է)։

Ցածր անվտանգային ՔԿՀ-ի մեղմ պայմաններում դատապարտյալը կպահվի մինչեւ տասը դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։  Նրան կթույլատրվի սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով գումար, տարվա ընթացքում ունենալ առնվազն 12 կարճատեւ եւ 12 երկարատեւ տեսակցություն, առնվազն մեկ՝ մինչեւ 5 օր տեւողությամբ երկարատեւ տեսակցություն՝ ՔԿՀ-ի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։ Ցածր անվտանգային ՔԿՀ-ի խիստ պայմաններում դատապարտյալը կպահվի մինչեւ վեց դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան կթույլատրվի ծախսել նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունհինգապատիկի չափով գումար, տարվա ընթացքում ունենալ առնվազն 10 կարճատեւ եւ 10 երկարատեւ տեսակցություն։ Այսպիսի ՔԿՀ-ի մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ՔԿՀ-ի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, ցերեկային ժամերին՝ հիմնարկի տարածքի սահմաններում, իսկ քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։ Խիստ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում միայն։

Միջին անվտանգային ՔԿՀ-ի մեղմ պայմաններում դատապարտյալը կպահվի մինչեւ վեց հոգու համար նախատեսված կացարանում։ Նրան կթույլատրվի ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով գումար, տարվա ընթացքում ունենալ առնվազն 8 կարճատեւ եւ 8 երկարատեւ տեսակցություն։ Միջին անվտանգային քրեակատարողական հիմնարկի խիստ պայմաններում դատապարտյալը կպահվի մինչեւ վեց դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան կթույլատրվի ծախսել նվազագույն աշխատավարձի քառասունհինգապատիկի չափով գումար, տարվա ընթացքում ունենալ առնվազն 6 կարճատեւ եւ 6 երկարատեւ տեսակցություն։ Միջին անվտանգային ՔԿՀ-ի մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ խիստ պայմաններում՝ առնվազն երեք ժամ ցերեկը ՔԿՀ-ի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։ Տույժեր չունենալու եւ օրինապահ վարքագիծ դրսեւորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները կտեղափոխվեն մեղմ պայմաններ։

Բարձր անվտանգային ՔԿՀ-ի մեղմ պայմաններում դատապարտյալը կպահվի մինչեւ վեց դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Թույլատրելի են՝ ծախսել նվազագույն աշխատավարձի մինչեւ քառասունապատիկի չափով գումար, առնվազն 6 կարճատեւ եւ 6 երկարատեւ տեսակցություն։ Իսկ խիստ պայմաններում դատապարտյալը կմնա մինչեւ չորս դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում, նրան կթույլատրվի ծախսել նվազագույն աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով գումար, ունենալ առնվազն 4 կարճատեւ եւ 4 երկարատեւ տեսակցություն։ Բարձր անվտանգային ՔԿՀ-ի մեղմ պայմաններում դատապարտյալն ամեն օր երկժամյա զբոսանքի իրավունք կունենա, իսկ խիստ պայմաններում՝ մեկ ժամ։ Տույժեր չունենալու եւ օրինապահ վարքագծի դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան երեք տարին խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները կտեղափոխվեն մեղմ պայմաններ։

Ի՞նչ է կարանտինը. ՔԿՀ փոխադրված դատապարտյալը մինչեւ 15 օր ժամկետով կտեղավորվի  կարանտինային բաժանմունքում՝ նախնական բժշկական զննություն անցնելու, ՔԿՀ-ի պայմաններին հարմարվելու, հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կրման կարգին եւ պայմաններին իրազեկվելու, ինչպես նաեւ՝ ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկը վեր հանելու,  պատժի կրման անհատական պլանավորման նպատակով։

Դատապարտյալը ՔԿՀ փոխադրվելուց անմիջապես հետո կգրանցվի մատյանում եւ անհատական քարտում. ամեն դատապարտյալի համար վարվելու է անձնական գործ, որը ներառելու է անձին եւ պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ինչպես նաեւ՝ ՔԿՀ ընդունելու եւ պատժից ազատելու ամսաթվերը։ ՔԿՀ-ն երաշխավորելու է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է բուժօգնությանը եւ բուժսպասարկմանը, ապա դրանք իրականացնելու է մասնագիտացված կազմակերպությունը, որն անկախ է քրեակատարողական ծառայությունից: Բուժօգնությունը կկազմակերպվի այն սպասարկման տեսակների շրջանակում, որոնք իրականացնելու համար 79 մասնագիտացված կազմակերպություններ կստանան լիցենզիա: ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում դատապարտյալներին բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը կապահովվի ցանկացած պահի, այսինքն՝ 24 ժամ 7 օր ռեժիմով: Աշխատանքային ժամերին բժշկական օգնություն եւ սպասարկում կապահովեն մասնագիտացված կազմակերպության ավագ եւ միջին բժշկական անձնակազմերը, իսկ ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին` միջին բուժանձնակազմի հերթապահ մասնագետները։ Կարիքի դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում կտրամադրվի շտապօգնության բրիգադներից՝ տեղում կամ տեղափոխելով մասնագիտացված կազմակերպության հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բժշկական ստորաբաժանում կամ բուժական հիմնարկ:

Դատապարտյալների բժշկական զննությունը կիրականացվի կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում. զննությունը  դատապարտյալի առողջական վիճակի գնահատումն է՝ դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Դրանք կօգտագործվեն՝ դատապարտյալին ՔԿՀ-ում պատշաճ  բուժօգնություն տրամադրելու, հնարավոր մարմնական վնասվածք հայտնաբերելու, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի արդյունքում ստացված, ինչպես նաեւ՝ առողջական վիճակի վերաբերյալ գանգատ արձանագրելու համար, նաեւ՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով։ Դատապարտյալների բժշկական զննությունը կիրականացվի անհատական սկզբունքով՝ առանձին։

Հրապարակման պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031