Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Միշել․ «Երկու երկրների ղեկավարներին կոչ եմ արել դիտարկել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը»

Մայիս 23,2022 08:30

Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հերթական հանդիպումը։ Բանակցությունների ավարտին Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկել ենք հարցերի ողջ շրջանակը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ինչպես նաև պահվող անձանց ազատ արձակմանն ու անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ջանքերը»։

Շառլ Միշելի հայտարարության մեջ բանակցությունների արդյունքները ներկայացված են կետերով․

«Մենք հասանք հետևյալ արդյունքներին՝

Սահմանային խնդիրներ

Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու նրան, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ։

Հաղորդակցություններ

Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների հարցում:

Մասնավորապես՝ համաձայնեցվել են միջազգային փոխադրումների համատեքստում սահմանային հսկողության, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսատուրքերի սկզբունքները։ Փոխվարչապետներն այս աշխատանքը կշարունակեն առաջիկա օրերին։

Խաղաղության պայմանագիր

Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կտանեն այս գործընթացը։ Ի հավելումն սրան, ես նաև երկու երկրների ղեկավարներին կոչ եմ արել դիտարկել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը։

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որի նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Նաև շեշտել եմ բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն այս հարցում: Մենք պայմանավորվեցինք սերտ կապի մեջ մնալ, նույն ձևաչափով նորից կհանդիպենք հուլիս-օգոստոս ամիսներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031