Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելյան հայտարարությունը հակադրելի է Արցախի Հանրապետության քաղաքական օրակարգին. Նելլի Բաղդասարյան

Մայիս 23,2022 22:44

«Բրյուսելի քննարկումն ու հայտարարությունը առավելապես հարցեր են առաջացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի հարցում: Դրանք հակադրելի են Արցախի Հանրապետության ձևավորած քաղաքական օրակարգին և հակամարտության կարգավորման շուրջ ձևավորված փաստաթղթային փաթեթում առկա ձևակերպումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանավորությամբ կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը ընդունված եռակողմ հայտարարությանը:

Եռակողմ հանդիպումից հետո, ԵԽ նախագահի տարածած հայտարարության մեջ անդրադարձ կա նաև խաղաղության պայմանագրին. փաստաթղթում նշված է, որ երկրների ղեկավարները համաձայնության են եկել` առաջ տանել քննարկումները երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հարցով: Տեղեկացվում է, որ այս գործընթացն առաջ կտանեն երկու երկրների ԱԳ նախարարների ղեկավարած թիմերը: Այս հատվածում նաև ամրագրված է. «Լրացուցիչ երկու երկրների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել եմ, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության հարցերը պիտի ապահովվեն»:

Նելլի Բաղդասարյանի գնահատմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  խնդիրը կրկին աշխարհաքաղաքական բարդ, վտանգավոր և մրցակցային  զարգացումների հարթակում է. «Այս  զարգացումների ֆոնին կրկին արձանագրում ենք գոյություն ունեցող փաստերը. առաջին՝ կա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ հարթակ, որի մանդատի հիմքում կարգավորման երեք հիմնարար սկզբունքներն են, այդ թվում՝ միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը, որը պետք է գործարկվի  ԱՀ անկախ չճանաչված պետության բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման իրացումը բավարարելու ճանապարհով:

Երկրորդ արձանագրումը. ՌԴ խաղաղապահ առաքելությունը  երաշխավորում է փաստացի անկախ չճանաչված Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունը. ՌԴ խաղաղապահության ներկայությամբ ստեղծված  status quo-ն պետք է պահպանվի մինչև հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորումը՝ հիմքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից ընդունված  միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Ըստ այդմ՝ խաղաղապահություն իրականացնող երկիրը՝ ՌԴ-ն ստեղծված պայմաններում  ունի  որոշիչ դերակատարություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031