ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով այսօր Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտների շնորհվել է պահեստազորի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում։ Նրանց ծառայության են տեղափոխել ՀՀ զինված ուժերի սպայական կազմում։
Այս առիթով ռազմական ամբիոնի շենքի բակում զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ նրանց պահեստազորի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվել է գերազանց առաջադիմություն ցուցաբերելու առիթով։
Կարդացեք նաև
Իրադարձությունը սկսվել է 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների, այդ թվում Շիրակի մայր բուհի 32 սաների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետ տեղի է ունեցել հանդիսավոր երթ ու կոչումների հանձման արարողություն։
Լեյտենանտի կոչմանն արժանացած Լիլիթ Ավետիսյանն ասել է, որ իր ծնողները երազել են, որպեսզի դառնար բժիշկ կամ իրավաբան, սակայն իրեն զինվորական համազգեստն էր ձգում, իր զինղեկը, որը կին էր, դարձել էր իր կյանքի իդեալը։
«Այս կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, այդ թվում մեր այսօրվա ուսադիրները, քրտնաջան աշխատանք, անքուն գիշերներ, բայց, երբ արդեն տեսանելի է արդյունքը, բոլոր տանջանքները և մանր մունր փորձությունները դառնում են անցողիկ և ոչ առաջնային։ Մեծ պատվով ենք այդ ուսադիրները կրելու։ Կարող է ձեր մոտ մի փոքր զարմանք առաջանալ, բայց այսօր բոլոր կոչում ստացողներն աղջիկներ են, քանի որ հայ կնոջ համար, հայ սպայի համար այսօր մեծ պատասխանատվություն է գտնվել զինվորի կողքին»,-պատմել է նա։
Սվետլանա Սարգսյանին էլ, որը Շիրակի պատանի երկրապահների նախագահն է, Արցախյան ազատամարտի մասնակից հայրն է հորդորել, ոգեշնչել, որ ընտրի զինվորականի մասնագիտությունը։
«Այսօր ինձ համար ամենաերջանիկ օրերից մեկն է, ար այսպես շքերթով ու հանդիսավոր կերպով են շնորհելու ինձ լեյտենանտի կոչում։ Ուզում եմ, որ իմ կոչումները լինեն շարունակական և դրա համար ես պայքարելու եմ, մինչև՝ տա աստված հասնեմ Գեներալի կոչման»։