ԱՀԿ-ի տվյալներով, վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր, որոնք կապված չեն ճանապարհորդությունների հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Նախկինում, ըստ Պարոնյանի, այս հիվանդության դեպքերն արձանագրվում էին հիմնական աֆրիկյան մայրցամաք ճանապարհորդելուց հետո եւ հենց ճանապարհորդած անձանց շրջանում։ Իսկ այս վերջին դեպքերը կապված չեն ճանապարհորդելու հետ,մի շարք երկրներում ուժեղացվել է հսկողությունը վաղ ախտորոշման եւ մեկուսացման համար։
Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն փոխանցվում է միայն սերտ եւ երկարատեւ շփման հետեւանքով, եւ մասնագետի փոխանցմամբ, վիրուսն օդակաթիլային եղանակով չի կարող փոխանցվել։
Կարդացեք նաև
Պարոնյանն ասաց, որ այս պահին գրանցվել է հիվանդացության 92 դեպք՝ 13 երկրներում։ Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներով դեպքեր են գրանցվել Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում։
ՀՎԿԱԿ-ի մասնագետը հղում անելով գիտնականներին՝ ասաց՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, այն համավարակ առաջացնելու հակում չունի եւ գաղտնի շրջանում վարակիչ չէ․ «Իսկ քովիդը ՌՆԹ վիրուս է, որը հակում ունի շատ արագ փոփոխվելու, իսկ ԴՆԹ վիրուսը հազարավոր անգամներով փոփոխվելու հակումը պակաս է»։
Կապիկի ծաղիկի գաղտնի շրջանը տեւում է 5-21 օր, որից հետո,ըստ Պարոնյանի, առաջանում է ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, կարող է լինել ավշային հանգույցների մեծացում եւ այդ ախտանշաններն առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղիկի ցանին, առաջանում են բշտիկներ, եւ այդ բշտիկների հեղուկներով վարակվելու դեպքում հնարավոր է վարակը փոխանցվի։
«Վիրուսը հայտնաբերվել է 1958 թվականին, 1970-ականներից հետո արդեն մարդկանց շրջանում դեպքեր արձանագրվում են: Ընդ որում, արձանագրվել են դեպքեր նաեւ եվրոպացիների շրջանում, որոնք ճանապարհորդել են աֆրիկյան երկրներ: Ամեն տարի ստանում ենք նման տեղեկատվություն, անընդհատ լինում են նման դեպքեր։ Բայց այս անգամ անհանգստացած են, որովհետեւ ճանապարհորդության հետ չեն կապված արձանագրված դեպքերը: Միայն Մեծ Բրիտանիայում արձանագրված առաջին դեպքն էր, որը ճանապարհորդել էր Նիգերիա: Մյուսների մոտ այդ ճանապարհորդական պատմությունը չկա: Աֆրիկայից է բերվել վիրուսը, բայց քանի որ մինչեւ այժմ Եվրոպայում մարդուց մարդու փոխանցումը չէր արձանագրվել, դրա համար հիմա ավելի անհանգստացած է համաշխարհային հանրությունը։ Սերտ շփման դեպքում հնարավոր է փոխանցումը եւ քանի որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց մոտ է արձանագրվել, համարվում է, որ կարող է նաեւ սեռական ճանապարհով փոխանցված լինի, բայց սա վարկած է, դեռ ստուգվում է»,-ասաց Պարոնյանը։
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ ասաց, որ աշխարհում կապիկի ծաղիկի կանխարգելման համար յուրահատուկ պատվաստանյութ առկա չէ, ե՛ւ բնական ծաղիկը, ե՛ւ կապիկի ծաղիկն ունեն խաչաձեւ իմունիտետ առաջացնելու հատկություն․ «Եվ բնական ծաղիկի պատվաստանյութերը մոտ 85% արդյունավետություն են դրսեւորում կապիկի ծաղիկի կանխարգելման գործընթացում ։Հետազոտությունները փաստում են, որ բավականին արդյունավետ են: Բնական ծաղկի նոր սերնդի պատվաստանյութերը 2019 թվականին հաստատվել են, որ կարող են կիրառվել նաեւ կապիկի ծաղկի կանխարգելման համար։ Այս պատվաստանյութերը կենդանի պատվաստանյութեր են, նախատեսված են 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար, հաստատվել են ԱՄՆ դեղերի եւ պարենի գործակալության եւ Եվրոպական դեղերի գործակալության կողմից»։ Նա նաեւ ասաց, որ այս պահին հիվանդացության դեպքերը եզակի են եւ լայնածավալ պատվաստման իրականցումը դեռ նպատակահարմար չէ, նաեւ՝ տարածման տեմպերն էլ բարձր չեն։
Գրիգորյանի խոսքով՝ այն անձինք, ովքեր պատվաստված են բնական ծաղկի դեմ, դա մինչեւ 1980 թվականն է իրականացվել, որոշակի պաշտպանվածություն ունեն կապիկի ծաղկի դեմ․ «Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ հիմա էլ արտադրվում է, սակայն դա նախատեսված է խիստ սահմանափակ թվով կիրառման համար, այն անձանց, որոնք աշխատում են լաբորատորիաներում՝ այդ հարուցիչների առումով ռիսկի խմբում են»:
Պարոնյանն էլ հավելեց՝ վիրուսից մահացությունը համարվում է 1-10%, Նիգերիայից բերված շրջախմբի դեպքում՝ 1%, բայց տարբեր երկրներում տարբեր տոկոսներ են․ «Ծանր դեպքերի կամ մահացության առումով ավելի ռիսկային են իմունային համակարգի հետ խնդիր ունեցող անձինք եւ երեխաները։ Նա ասաց, որ մեր երկրի բուժհաստատություններին շրջաբերական է իջեցվել, որպեսզի ատիպիկ ցանավորում կամ նման ախտանշաններ ունեցող անձանց նկատմամբ ուշադիր լինեն, առայժմ որեւէ կասկածելի դեպք չի նկատվել: Նաեւ աշխատանք է տարվում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որը սահմանային անցման կետերում հսկողություն են իրականացնում՝ էկզոտիկ կրծողներ եւ կապիկներ Հայաստան բերելը արգելելու համար:
Պարոնյանն ասաց, որ վիրուսի ախտորոշման համար կան թեստեր, եւ եթե կասկածելի դեպքեր լինեն, ապա կկազմակերպեն ախտորոշումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ