Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմինս դեղնել էր, մարդիկ զարմանում էին, որ դեղնամորթ մարդ կա»․ բացառիկ վիրահատություն՝ Գյումրիում․

Մայիս 23,2022 18:50

Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նասիբյանը օրերս կատարել է մի վիրահատություն, որը թեև մայրաքաղաքի կլինիկաներում նորություն չէ, սակայն առաջին անգամն է Գյումրիում։ Վիրահատությունը կատարվել է մայիսի 12-ին, տևել մոտ 8 ժամ, վիրահատվողը եղել  է 64-ամյա Ստեփան Կուրղինյանը։

«Մարմինս դեղնել էր արդեն, մարդիկ հենց դրսում տեսնում էին, զարմացած ասում էին՝ էս դեղնամորթ մարդ կա՞․ թե՛ աչքերս, թե՛ ամեն ինչ դեղին էին։ Հիմա փառք Աստծո,բժշկի ձեռքերի շնորհիվ շատ լավ եմ զգում ինձ, դիմեցի Գյումրի բժշկական կենտրոն ու իմ կյանքը վստահեցի բժշիկ Նասիբյանին։ Այժմ լավ եմ զգում, բժշկի շնորհքով երկրորդ կյանք եմ ստացել», – ասաց Ստեփան Կուրղինյանը։

Արմեն Նասիբյանն  Aravot.am-ի հետ զրույցում  ասաց, որ  պացիենտի մոտ եղել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի  չարորակ նորագոյացություն։ Հիվանդը վիրահատվել է երկու փուլով։

Հիվանդը դիմել է բժշկին՝ գանգատվելով իր մոտ առկա դեղնուկից։ Նրան նախ դուրս են բերել  այդ դեղնած վիճակից՝ մայիսի սկզբին կատարելով լապարասկոպիկ խոլեցիստոստոմիա վիրահատություն։  Այսինքն՝ լեղապարկի մեջ տեղադրվել է խողովակ, որը թույլ է տվել հիվանդին հանել դեղնած վիճակից և պատրաստել վիրահատության երկրորդ փուլի։

Իսկ մայիսի 12-ին արդեն հնարավոր է եղել  իրականացնել 2-րդ վիրահատությունը՝ պանկրեատոդուոդենալ մասնահատում։

«Սա վիրահատություն է, որի ժամանակ մասնահատվում են մի քանի օրգաններ՝ տվյալ դեպքում ստամոքսից մի հատված, ենթաստամոքսային գեղձի գլխիկը,  ընդհանուր լեղածորանից մի հատված, տասներկումատնյա աղին, բարակ աղու սկզբնահատվածից և լեղապարկը։ Սրանից զատ հեռացվում են ախտահարված այն աֆշահանգույցները, որոնք հարթ գեղձային տեղակայում ունեն և պարտադիր է հեռացնել  դրանք, որպեսզի վիրահատությունը կրի լիարժեք բնույթ»,-ասաց բժիշկը։

Նա ասաց, որ ենթաստամոքսային  գեղձի հետ կապված խնդիրներն այսուհետ բուժվելու են Գյումրի բժշկական կենտրոնում և  անհրաժեշտություն չի լինելու մեկնել մայրաքաղաք ու ստանալ այդ նույն բուժումը, որը հնարավոր է իրականացնել  տեղում։

«Ինչպես գիտեք, վերջին մի տարվա ընթացքում Գյումրի բժշկական կենտրոնին է միացել նաև ուռուցքաբանական դիսպանսերը, ակնկալում ենք, որ պետության աջակցությամբ կկարողանանք կազմակերպել այդ բուժումը, կլինի ֆինանսավորում, որը հնարավորություն կտա այդ վիրահատություններն անել։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրինությունը իր հերթին ուռուցքով հիվանդների համար, որոնք քիմաթերապիա են ստանում, հաճելի պայմաններ է ստեղծել, որտեղ հիվանդը հարմարավետության մեջ կստանա բուժումը։ Բաժանմունքն առաջիկայում կբացվի, հույս ունենք, որ աշխատանքը կկարողանանք կազմակերպել այնպես, որ մեր տարածաշրջանի բնակչությունը գոհ լինի, ունենանք լավ արդյունք, ինչին մենք ձգտում ենք որպես բուժաշխատողներ», -ասաց բժիշկ Նասիբյանը։

Նա շնորհակալություն հայտնեց  անվանի բժիշկ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանին, որն իր աջակցությունն է ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում կազմակերպել ուռուցքաբանական ծառայությունը։  Նաև շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, որոնք օգնել  են իրեն բուժելու հիվանդին թե՛ վիրահատական, թե՛  հետվիրահատական  շրջանում։

Բժիշկ Նասիբյանը բնակչությանը հորդորում է  հարկ եղած դեպքում դիմել Գյումրի Բ/Կ, քանի որ ծառայությունը լիովին կազմակերպվում է պետպատվերի շրջանակներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031