Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը

Մայիս 23,2022 18:30

Genesis Armenia-ի նախաձեռնած «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ Դավիթ և Հայկ Սահակյանցների «Օլիմպիկոս» մուլտֆիլմը։

Մեծ Հայքի արքա Վարազդատ Արշակունու կյանքի ու հաղթանակների մասին պատմող ֆիլմն այնքան էր տպավորել Ստեփանակերտի հանդիսատեսին, որ այսօր՝ մայիսի 23-ին, ցուցադրվեց երկրորդ անգամ․ նախօրեին ցուցադրվել էր Ֆրանկոֆոնիայի կենտրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում։

«Մուլտֆիլմը Երևանում առաջին անգամ ցուցադրվել է 2021թ. մայիսին: Դեռ այն ժամանակ էինք ուզում բերել Արցախ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Երբ Genesis Armenia-ից առաջարկ ստացանք, միանգամից մեր հավանությունը տվեցինք և վերջապես կարողացանք ցուցադրել»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։

Այսօրվա հանդիսատեսը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի սաներն էին՝ խորհրդանշական շապիկներով։ Ֆիլմին հաջորդեց քննարկում հանդիսատեսի և ռեժիսորների հետ։

«Հատկապես հիմա շատ կարևոր է մեր պատմության հաղթական դրվագների մասին հիշեցնելը: Չեմ կարծում, թե պատերազմն ավարտվել է ու ավարտվել է մեր պարտությամբ։ Պատերազմը դեռ շարունակվում է, այն երբեք չի դադարել: Ես վստահ եմ, որ նորից ունենալու ենք հաղթանակներ: Իսկ այս միջոցառումներն այն խորհուրդն ունեն, որ միասին ենք, որ Արցախը մենակ չէ, և մայր Հայաստանը, Սփյուռքը միշտ Արցախի կողքին է»,- ասաց Դավիթ Սահակյանցը։

Ռեժիսորը պատմեց ֆիմի ստեղծման՝ 5-6 տարվա ստեղծագործական ընթացքի, դժվարությունների, տեխնիկական բարձրակարգ լուծումների ու հնարքների մասին։ Իսկ երիտասարդ հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ հավատով, որ հայոց արքայի հաղթանակների մասին պատմող ֆիլմը ոչ հեռու ապագայում կցուցադրվի նաև Շուշիում։

«Պատերազմից հետո առաջին անգամ կտրվեցինք իրականությունից։ Սահակյանցների գործերի մասին գիտենք բոլորս, շատ տպավորված ենք. այս ֆիլմն ուղղակի ժպիտ նկարեց արցախցիների դեմքին։ Դահլիճից դուրս ենք եկել փշաքաղված, գլխներումս մի միտք՝ այս ֆիլմը դեռ պիտի Շուշիում դիտենք»,- ասաց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի աշխատակցուհի Մարինա Զաքարյանը։

Փառատոնի շրջանակում այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 19։00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի բեմում կլինի Համազգային թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացումը։ Իսկ մայիսի 24-ին Genesis Armenia-ի ու թատրոնի թիմերը կլինեն Աղավնոյում, որտեղ դերասանները կխաղան մանկական «Գծավորը» ներկայացումը։

 

Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

«Genesis Armenia» թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031