Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չի դառնալու». Բագրատ Սրբազան

Մայիս 23,2022 16:20

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ  «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ֆակուլտետի լրագրող ազատամարտիկների լսարանում  հերթական անգամ հանձնեցին «Ոսկի սերմեր» կրթամրցանակները:  «Ոսկի սերմերի» 7-րդ կրթամրցանակը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի  հիշատակին: «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»,-սա է ծրագրի կարգախոսը: Կրթամրցանակի հովանավորը կանադահայ բարերար Արա Մուրադյանն է։

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր խոսքում ընդգծեց, որ Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չի դառնալու, ոչ էլ մայիսի  9-ը՝ ապրիլ 24. «Ես միշտ ասել եմ՝  խորությամբ հավատում եմ, որ իրական Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին», այդ տեսիլքը ուներ, ունի եւ շարունակում է փոխանցել մեր սիրելի Վաչագանը»: Սրբազանն օրվա խորհուրդը յուրահատուկ որակեց. «Այսօր Վաչագանի անունով կրթաթոշակ է ընծայվելու այն բոլոր ուսանողներին, որոնք իրենց լավագույնս դրսեւորել են»:

Բագրատ Սրբազանի խոսքով. «Մենք ապրում ենք շատ յուրահատուկ, բարդ դժվար օրերում, որը հետեւանքն էր այն աղետալի  պատերազմի եւ պարտության, որի միջով մենք  բոլորս անցել ենք, որը երբեք չտեսան ոչ Վաչագանը, ոչ Աշոտը, ոչ Նորայրը, ոչ էլ որեւէ մեկը, որոնք փառքի պսակը կնքեցին, ստացան ու մեկնեցին հաղթանակած տեսիլքով: Իմ խոսքերը պատահական չսկսեցի նրանով, որ Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չի դառնալու: Ես միշտ իմ բոլոր հրապարակային ելույթներում, որոնք նվիրված են մեր տղաներին, որոնց կյանքի հաշվին ապրում ենք, այսօր էլ եմ նույնը ասում՝ ես չեմ եկել սգալու, ոչ էլ ինձ իրավունք եմ տալիս պանծացնելու, ես եկել եմ խոստում տալու եւ ստանալու, որ Վաչագանի եւ մեր բոլոր տղաների հեղած արյունը, կյանքը միայն մի  ճանապարհով կվերադարձնենք, դա հայրենիքի վերակագնումն է:

Մեր պատգամն ամեն օր սա է լինելու իրենց շիրիմի առջեւ, որեւէ այլ միջավայրում, ես չունեմ այլ մտածում, ապրում զգացում, ոչ էլ խոսք: Միայն եւ միայն այդ բարձագույն արժեքը լինելու է հայրենքի վերադարձը: Այս կրթաթոշակը պետք է ծառայի հենց այդ նպատակին: Այս լսարանի առջեւով անցնելիս, երբ այդ տղաների նկարները տեսնում ենք, այդ արտացոլանքները պետք է լինեն ինքներս մեզ հետ չափելու հայելի: Սա պաթոս չէ, կամ թեկուզ ընդունեք որպես պաթոս կամ մեկի խոսքը, որն ամեն օր այդպես տառապանքով ապրում է»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով. «Մենք այսօր պետք է խոսեինք Վաչագանի հարսանյաց հանդեսից, նրա զավակի ծնունդից, հերթական գրքի լույս ընծայումից, լիքը պայծառ բաներից, ոչ թե իր անվան կրթավճարից, բայց, ցավոք, սա է իրականությունը, որովհետեւ Վաչագանն ընտրեց կյանքի բոլորովին այլ բանաձեւ եւ ճանապարհ…»:

Հավելենք, որ ի թիվս այլոց, կրթավճարի հանձմանը  խոսք ասացին նաեւ հերոսի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ինչպես նաեւ «Արմավ» հրատարակչության տնօրենը:  Յուրաքանչյուրը փորձեց ներկայացնել իր ճանաչած Վաչագան Մանուկյանին, իսկ քանոնահար Մարիաննա Գեւորգյանը հանդես եկավ  կատարումներով:

«Վաչագան Մանուկյանը պարտաճանաչ, սեփական դեմք և դիմագիծ ունեցող ուսանող էր։ 30 տարեկանում ընդունվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագիր, բայց այնքան պատասխանատվությամբ էր մոտենում դասերին, միշտ պատրաստ էր ու յուրաքանչյուր դաս վերածվում էր ինտերակտիվ քննարկման, որովհետև իր կարծիքը համարձակ հայտնում էր և հիմնավորում փաստարկներով»,-ասաց տիկին Ավետիսյանը։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեք լավագույն ուսանողների հանձնվեց մրցանակը, մյուսներին գրքեր նվիրեցին: Միջոցառումը ավարտվեց աղոթքով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031