Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցային գործընթացն անցել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախանշած օրակարգով». Վիգեն Հակոբյանը` բրյուսելյան հանդիպման մասին

Մայիս 23,2022 15:54

Aravot.am-ի խնդրանքով քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդհանուր գծերով մեկնաբանեց  Փաշինյան- Ալիեւ- Շառլ Միշել բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի բացած որոշ փակագծեր:

«Շառլ Միշելի հայտարարությունից ակնհայտ էր, որ  բանակցային գործընթացն ուղղակիորեն անցել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախանշած օրակարգով, այսինքն հիմնականում քննարկվել են այն 5 սկզբունքները, որոնք առաջ էին քաշվել Ադրբեջանի կողմից, որին Հայաստանը համաձայն է եղել, պաշտոնապես նշել էր, որ լրիվ ընդունելի է Հայաստանի համար: Ինչ վերաբերվում է այն 6 կետերին, որոնք նույնպես որեւէ լուրջ բան չէին պարունակում, եւ ընդամենը խոսք էր գնում կարգավիճակի մասին, Շառլ Միշելի հայտարարության մեջ տեսանք, որ կարգավիճակի վերաբերյալ որեւէ դրույթ կամ ակնարկ չկար:

Խոսքը գնում էր 5 կետերի մասին, կողմերը ստանձնել էին պարտավորություններ, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը սկսում է աշխատանքը, խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այլն»,-ասաց մեր զրուցակիցը:

«Ես կարծում եմ, որ ամենացայտուն ապացույցը, որ այս հանդիպման ժամանակ հայկական կողմն արդեն իսկ  իջեցրել է կարգավիճակի նշաձողը, այն է, որ Շառլ Միշելը ասել է հետեւյալը՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը: Այսինքն, Արցախի ժողովուրդը էթնիկ հայեր են, որոնք Ադրբեջանի ազգային փոքրամասնություն են հանդիսանում: Էթնիկ հայեր արտահայտությունը հենց  սա է նշանակում: Այդ խոսքերից ստացվում է՝ Արցախի տարածքում, որը Ադրբեջանի մաս է կազմում, կարող են լինել ե՛ւ էթնիկ հայեր, ե՛ւ էթնիկ ադրբեջանցիներ: Խոսքը գնում է Ադրբեջանի տարածքում գտնվող Արցախում էթնիկ հայերի անվտանգության եւ իրավունքների երաշխիքների մասին:

Այստեղ բնականաբար հարց է առաջանում, թե ո՞վ է ապահովելու այդ երաշխիքներն ու անվտանգությունը: Ամենայն հավանականությամբ՝ ով տեր է լինելու այդ հողին, այսինքն՝ Ադրբեջանը: Մի խոսքով՝ «էթնիկ հայերը» շատ վտանգավոր թեզ է, ես չեմ հիշում՝ երբեւէ եղե՞լ է նման ձեւակերպում: Իմ կարծիքով, այդ բանակցությունների ընթացքում նշաձողն արդեն իսկ իջեցված է եղել, Շառլ Միշելը ընդամենն ասում է ՝ ջանք ենք թափում, որ այնտեղ գտնվող էթնիկ հայերին միանգամից չքշեն, իրենց իրավունքներն ու անվտանգությունը պահպանվի: Ո՞վ է պահպանելու, ինչպե՞ս է պահպանելու, ի՞նչ կարգավիճակով է լինելու՝ մշակութային ինքնավարություն է լինելու, թե այլ ինքնավարություն, չի բացվում, որովհետեւ կարգավիճակի մասին առհասարակ խոսք չկա այդ հայտարարության մեջ»,-ասաց Վիգեն  Հակոբյանը:

Մեր հարցին՝ վատագույն հեռանկարի դեպքում ի՞նչ է սպասվում, եւ արդյո՞ք հնարավոր է այլ հանգուցալուծում, հնարավո՞ր է արդյոք այլ սցենար, քաղտեխնոլոգը հետեւյալ կերպ պատասխանեց. «Բավականին տարօրինակ գործընթաց է գնում, որովհետեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը եւ Արցախի շուրջ զարգացումներն ընթանում են երկու ֆորմատում: Մի կողմից կա ԵՄ ֆորմատը, որի հովանու ներքո հետեւողականորեն հանդիպում են անձամբ Շառլ Միշելի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ինչ-որ որոշումներ են ընդունվում, «դեդլայն»-ներ են սահմանվում, մյուս կողմից կա իրողություն, որ Արցախում գտնվում են ռուս խաղաղապահ ուժերը՝ եռակողմ համաձայնության փաստաթղթի տրամաբանության ներքո: Ըստ էության, գրեթե նույն օրակարգով բանակցություններ են գնում նաեւ Ռուսաստանի հովանու ներքո:

Հայաստանի իշխանությունը մեկնում է Բրյուսել, այնտեղ ինչ-որ բաներ է խոսում, որի հիման վրա Շառլ Միշելը հայտարարություններ է անում  նաեւ Հայաստանի ղեկավարի անունից, դրանից մի քանի օր հետո Հայաստանի ղեկավարները մեկնում են Ռուսաստան, այնտեղ  լրիվ այլ տրամաբանության փաստաթղթեր են ընդունվում կամ ստարագրվում ու  հայտարարվում: Այդպես եղավ նաեւ ապրիլի 6-ին՝ Շառլ Միշելի հետ հերթական եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն եղավ, ապա երկու շաբաթ հետո վարչապետը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, ստորագրեց 30 կետանոց փաստաթուղթ, որտեղ բացարձակապես այլ տրամաբանություն կար, եւ Ռուսաստանն էր ֆիքսում որպես պրոցեսի մոդերատորը»:

Վիգեն Հակոբյանի խոսքով. «Մի կողմից ԵՄ հովանու ներքո օդում  կան հայտարարություններ, որոշումներ եւ ժամանակացույց, բայց կա նաեւ իրական պրոցես գետնի վրա, որը տեղի ունենում ՌԴ հովանու ներքո, քանի որ Ռուսաստանն  է եւ փաստացի, եւ դե յուրե Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը: Երբ ասում են՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ այս ամենը, կարծում եմ՝ այստեղ շատ ավելի կարեւոր է թե այն, ինչի մասին խոսում ու հայտարարում են, որքանով է իրագործելի ԵՄ հովանու ներքո՝ գետնի վրա:

Իմ կարծիքով, քանի դեռ պրոցեսում կան մոդերատորության երկու կենտրոններ՝ մի կողմից Մոսկվան, մյուս կողմից՝ օրինակ՝ Բրյուսելը, ոչ մի իրական պրոցես չի կարող լինել: Այս պահի դրությամբ ԵՄ-ն անհրաժեշտ ռեսուրսներ չունի, որպեսզի այն որոշումները, որոնք ընդունվում են կողմերի միջեւ, իրագործվեն գետնի վրա, իրական կյանքում՝ առանց այն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի, որը այս պահի դրությամբ գտնվում է Արցախում եւ Հայաստանի սահմաններն  է պահում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031