Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին տրանսպորտի վարչության «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրեն Հարություն Երեմյանն ասաց, որ հավաքակայանում շարժակազմի լվացման նոր կայան կառուցելու մրցույթը կրկին չի կայացել:
«Բանակցությունների արդյունքում մրցույթը չի կայացել, այսօր նոր մրցույթ ենք հայտարարել»,-ասաց տնօրենը:
Սա լսելով, Հրաչյա Սարգսյանը չկարողացավ զսպել ծիծաղը: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, այս մրցույթն այդպես էլ չի կայանում՝ տարբեր խնդիրների պատճառով:
«Ես վստահ եմ, որ այդ մրցույթը դնեն քաղաքապետարանում՝ կկայանա: Չեմ հասցրել նայել, հետեւել ընթացքին, վստահ եմ՝ էլի մի բան այնպես չենք արել, մայիս ամիսը եկավ արդեն»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հարություն Երեմյանն ասաց, որ այս անգամ պատճառն իրենք չեն: Քաղաքապետն արձագանքեց՝ հա՛, այսինքն՝ ընդունում եք, որ նախորդ անգամները ձեր պատճառով է եղել: Քաղաքապետի այս խոսքերը ծիծաղ առաջացրին նաեւ դահլիճում:
Ի պատասխան` Հարություն Երեմյանն ասաց՝ չէ, ուղղակի հիմա գնումները համակարգողը փոխվել է, եւ ինքը հուսով է, որ լավ կլինի: Հրաչյա Սարգսյանը կրկին կատակեց՝ ասում են հույսը չի մեռնում, հույսով ապրողն է մեռնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ