«Երկու երկրների ղեկավարները համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ Արևմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր տարածքների միջև, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների շուրջ՝ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով»,- ամրագրված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ:
Այս հայտարարությամբ ամփոփվում են Բրյուսելում մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքները:
Իր հայտարարության մեջ Շարլ Միշելը փաստում է, որ սա նման ձևաչափով երրորդ հանդիպումն էր ու տեղեկացնում, որ կենտրոնացել են Հարավային Կովկասում իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու հարցերի վրա:
Շառլ Միշելը քննարկումն «անկեղծ և արդյունավետ» է համարում ու վստահեցնում՝ մանրամասն քննարկել են հումանիտար հարցերը՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը:
Կարդացեք նաև
Սահմանային հարցերի հետ կապված՝ հայտարարության մեջ ամրագրված է. «Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի սահմանազատման հարցերին և թե ինչպես ապահովել իրավիճակի կայունություն»:
Հաղորդակցությունների հետ կապված՝ ամրագրված է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են՝ պետք է առաջ գնալ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում:
Եվրոպական խորհրդի նախագահը հատկանշական է համարում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ: Տեղեկացվում է, որ փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև խաղաղության պայմանագրին: Փաստաթղթում նշված է, որ երկրների ղեկավարները համաձայնության են եկել առաջ տանել քննարկումները երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հարցով: Տեղեկացվում է, որ այս գործընթացն առաջ կտանեն երկու երկրների ԱԳ նախարարների ղեկավարած թիմերը: Այս հատվածում նաև ամրագրված է. «Լրացուցիչ երկու երկրների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել եմ, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության հարցերը պիտի ապահովվեն»:
Սոցիալ-տնտեսական համագործակցության հետ կապված հայտարարության մեջ նշված է, որ ԵՄ-ն Տնտեսական խորհրդատվական խմբի միջոցով կաշխատի երկու կողմի հետ, որի նպատակն է ապահովել տնտեսական զարգացում՝ ի նպաստ երկու երկրների: Հայտարարությունը եզրափակվում է. «Ես նաև շեշտել եմ երկու երկրների հասարակություններին երկարատև խաղաղությանը նախապատրաստելու կարևորությունը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել իր աջակցութունը: Մենք համաձայնության ենք եկել լինել սերտ կապի մեջ և այս ձևաչափով հանդիպում կազմակերպել հուլիս-օգոստոսին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ